«Ես ոգեշնչվում եմ ցավի հսկայական բազայից և կյանքի յուրաքանչյուր րոպեից, որն ապրում...

«Ես ոգեշնչվում եմ ցավի հսկայական բազայից և կյանքի յուրաքանչյուր րոպեից, որն ապրում եմ». մերօրյա գրող Վեն Մաքելվին

628

Վանիկ Հովակիմյանը մերօրյա երիտասարդ գրողներից է, հանդես է գալիս Վեն Մաքելվին կեղծանունով։ Նրա առաջին պատմվածքը, որը կրում է «Մի օր ես կգամ» վերնագիրը, պատմում է իր կյանքի դրվագներից մեկի մասին։ Նա հեղինակել է նաև «Սառը քամիներ» վեպը, որի գլխավոր հերոսը հենց ինքը Վեն Մաքելվինն է։ Իր ստեղծագործական ուղու մասին զրուցել ենք գրող Վանիկ Հովակիմյանի հետ, որը բացի գրելուց, զբաղվում է նաև ռեստորանային կառավարմամբ։

Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք գրել։

-Ստեղծագործել սկսել եմ 15 տարեկանից, իսկ գրականության հանդեպ սերը վերջին 5 տարիներում է գոյացել։ Չեմ կարող ասել, թե ինչպես սկսեցի գրել, բայց երևի մեծ ու անկանխատեսելի ապրումներից հետո։

Ո՞վ կամ ի՞նչն է ձեր ոգեշնչման աղբյուրը։

-Ես ոգեշնչվում եմ եսասիրությունից, կյանքի յուրաքանչյուր րոպեից, որն ապրում եմ, ես ոգեշնչվում եմ ցավի հսկայական բազայից ու նաև անզգացումից։ Գրում եմ հիմնականում ալկոհոլի ազդեցության տակ։

Ինչու՞ ձեր գիրքը անվանեցիք հենց «Սառը քամիներ»։

«Սառը Քամիներն» այն ամբողջ գաղափարախոսությունն է, որը զարգացել և կատարելագործվել է կյանքի հանդեպ իմ աշխարհայացքից ու ապրումներից։ «Սառը Քամիները» կյանքի ճակատագիրն է, իմ տեսանկյունը կյանքի փիլիսոփայության մասին։ «Սառը Քամիները» իրատեսության ու ճշմարտության բնութագիրն է. գուցե ապտակ՝ սառը ու փոթորկուն։

Ձեր ստեղծագործությունների միջոցով ի՞նչ եք ցանկանում փոխանցել ընթերցողին։

-Փորձում եմ փոխանցել իրատեսությունը կյանքի հանդեպ և միևնույն ժամանակ գեղեցիկն ու պատրանքը, փորձում եմ հանդիպում կազմակերպել մեր մութ ու թաքուն երկակի անձի հետ։

Ի՞նչ ծագում և նշանակություն ունի ձեր կեղծանունը։

-Իմ կեղծանունը ծագում է եբրայերեն Միքայել անվանումից և ստացել է նաև իռլանադական հնչեղություն։ Նշանակում է «Սև Լույս»։

Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի գրողը։

-Գրող ասվածը չափանիշների չի ենթարկվում։ Կա՛մ դու ունես ասելիք, կա՛մ դու ոչինչ չունես։

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ գրողներին։

Անկեղծություն ընթերցողի հետ և կատարելագործվելու հավատ ու պայքար։

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել