«Երեխան կարող է մուլտֆիլմի ազդեցության տակ ցուցաբերել ագրեսիվ վարք». հոգեբան

«Երեխան կարող է մուլտֆիլմի ազդեցության տակ ցուցաբերել ագրեսիվ վարք». հոգեբան

1223

Այսօր շատ երեխաներ սկսել են կրկնօրինակել մուլտֆիլմերի հերոսներին, խոսել նրանց նման, պահել իրենց այս կամ այն մուլտֆիլմի հերոսի նման: Մուլտֆիլմերը մեր օրերում սկսել են թողնել ազդեցություն երեխաների հոգեբանության վրա: Այդ մասին խոսել ենք մանկական հոգեբան Քնարիկ Ղազարյանի հետ:

-Ինչպե՞ս կարող են ազդել մուլտֆիլմերը երեխայի հոգեբանության վրա այսօր:

-Մուլտֆիլմեր դիտելը երեխաների ամենասիրելի զբաղմունքն է: Սակայն ժամանակակից մուլտֆիլմերը ունենում են ոչ դրական ազդեցություն, օրինակ՝ երեխայի մոտ կարող է առաջանալ վախեր տվյալ կերպարից, երեխան կարող է դրա ազդեցության տակ ցուցաբերել ագրեսիվ վարք, հաճախ կարող ենք նկատել խոսքի ուշացում, տարիքային զարգացման նվազում, նաև, ցավոք սրտի, կրկնօրինակման փուլում երեխան վերցնում է կամ կիրառում է մուլտֆիլմի ձայնը՝ սկսելով խոսել նման ձայնով:

-Գրեթե բոլոր ծնողները զբաղված առօրյայի պատճառով նախընտրում են երեխայի համար միացնել մուլտֆիլմ և զբաղվել իրենց գործերով: Ի՞նչ է լինում այս դեպքում և ինչպե՞ս անել, որ և՛ հարմար լինի  ծնողին, և՛ չվնասի երեխային:

– Ըստ երեխայի տարիքի՝ կարելի է ընտրել հատուկ ժամ, և միասին դիտել մուլտֆիլմը ու նաև քննարկել: Մուլտերի փոխարեն առաջարկել հետաքրքիր խաղեր, որտեղ երեխան էլ կզարգանա, ծնողն էլ հանգիստ կլինի:

-Ձեր գործունեության ընթացքում հանդիպե՞լ եք նմանօրինակ դեպքերի, երբ երեխայի հոգեկան առողջությունը վատթարացել է մուլտֆիլմերի պատճառով:

-Ցավոք սրտի, նման խնդիրների շատ եմ հանդիպել, երբ երեխան սկսել է խոսել մուլտհերոսի ձայնով կամ կրկնօրինակել նրա վարքը:

-Շատ հոդվածներ կան, որտեղ պնդում են, թե մուլտֆիլմի այսինչ կամ այնինչ կերպարն ունի հոգեկան առողջության հետ որևէ խնդիր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները, համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը:

-Այո, կան նման պնդումներ: Իրականում կան շատ մուլտեր, որոնք ունեն իրենց բացասական կերպարը, լինում են անգամ մուլտհերոսներ, որ դեմք չունեն:

Կարևոր է ինչպես մեր դեմքը, այնպես էլ տվյալ մուլտհերոսի դեմքը, միմիկան, հայացքը: Այս դեպքում երեխան տեսնելով սկսում է կրկնօրինակումը ցույց տալ աչքերի մեջ չնայելով կամ հայացքը փախցնելով: Շատ հաճախ երեխան չի կարողանում ցույց տալ իր էմոցիանները, ինչը նույնպես կարող է լինել տվյալ մուլտֆիլմի ազդեցության պատճառով: Իհարկե, նման խնդիրները մանրամասն ենք դիտարկում՝  հասկանալով  նաև այլ պատճառներ:

-Բռնության տեսարանները առաջ հեքիաթներում և այսօր մուլտֆիլմերում շատ են հանդիպում: Կա՞ տարբերություն:

-Վերջերս ուսումասիրում էի հեքիաթներ, որոնք ունեին իրենց դաժանությունը, բռնությունը, իսկ այժմ, ցավոք, այդ ամենը արտացոլվում է նաև մուլտերում: Շատ կցանկանայի, որ ունենայինք այնպիսի հեքիաթներ, մուլտեր, որոնք կխոսեին մարդկային արժեքների, բարության, գեղեցկության, ազնվության և այլ կարևոր արժեքների մասին: Այսինքն կլինեին լավի և վատի մասին պատմություններ:

-Կարելի՞ է արդյոք հանգիստ վստահել երեխային մուլտֆիլմի ընտրությունը:

-Միանշանակ՝ ոչ: Կարելի է միասին նայել, քննարկել: Ես նաև կառաջարկեի, որ ծնողը մենակ նայի՝ դիտարկելով մուլտֆիլմի դրականն ու բացասականը, սյուժեն: Իհարկե, կարելի է նաև ըստ երեխայի տարիքի, թույլ տալ՝ ընտրի, ու հետո նոր միայն քննարկել: Այդպիսով ծնողը կարող է առաջարկել, օրինակ՝ դիտել իր սիրած մուլտը, հետո երեխայի ընտրածը:

-Որպես հոգեբան կարո՞ղ եք ասել ինչ գործոններ պիտի հաշվի առնի մուլտիպլիկացիա ստեղծողը, որպեսզի չազդի երեխայի հոգեկան առողջության վրա:

-Կարծում եմ՝ առաջին հերթին կերպարի ընտրությունը, հետո ձայնի, որը ես շատ կարևոր եմ համարում: Օրինակ՝  հետաքրքիր կլիներ, եթե մուլտերում խոսվի կամ ցուցադրվի էմոցիաների մասին, որոնք ցույց տրվեն դեմքի միմիկաների միջոցով: Պետք է հաշվի առնել նաև հատկանիշներ, որոնք կարևոր են անձի ձևավորման համար: Նման դեպքերում, ըստ իս, 5-15 րոպեանոց մուլտիպլիկացիան շատ արդյունավետ կլինի:

Անի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել