«Այնպիսի դժվարություններ ենք ունենում, որ շատերը չեն էլ կարող պատկերացնել, բայց ես...

«Այնպիսի դժվարություններ ենք ունենում, որ շատերը չեն էլ կարող պատկերացնել, բայց ես չեմ հանձնվում և ձեռքերս ծալած չեմ սպասում հրաշքի». պարային ստուդիոյի հիմնադիր-ղեկավար

526

Աշխարհում «k-pop» (հրվ.կորեական փոփ երաժշտություն) ֆենոմենի տարածման և զարգացման հետ մեկտեղ մեծ տարածում են գտել նաև պարային ստուդիոները, որոնք մեծ ուշադրություն են գրավում հենց իրենց «cover» տեսահոլովակներով։ Հայաստանը նույնպես աշխարհից ետ չի մնում։ Հայկական «BANG DANCE STUDIO»-ի հիմնադիր և ղեկավար Սեդա Եղիազարյանը համաձայնել է տալ հարցազրույց Journalist.am-ին, որտեղ խոսել է ստուդիոյի ստեղծման, հաջողությունների, դժվարությունների, ինչպես նաև իրենց երազանքների ու նպատակների մասին։

-Ինչու՞ եք որոշել պարային ստուդիո ստեղծել։

-Խումբ ունենալն իմ ամենամեծ երազանքներից մեկն է եղել, քանի որ մանկուց սիրել եմ պարը: Խումբը որոշել եմ բացել շատ պատահական: Մի քանի մրցույթների մասնակցելուց հետո հաճախ էի մարդկանց հանդիպում, որ ցանկություն էին հայտնում ինձ մոտ պարել սովորել: Այդպես որոշեցի խումբ հավաքել ու տեսնել, թե ինչ կստացվի: Խումբը միայն «k-pop cover» խումբ չէ: Շատերն ուղղակի այդպես են մտածում, որովհետև հիմնականում քավրներով ենք զբաղվում:

Ե՞րբ եք ստուդիոն հիմնել, դժվա՞ր էր արդյոք այդ գործընթացը։

-Մինչ Բենգը, ստուդիո էլի ենք ունեցել այլ անվանումով, որտեղ դասավանդում էինք ես և 2 ընկերուհիներս: Որոշ ժամանակ անց որոշեցի, որ ուզում եմ միայնակ շարունակել ու հենց իմ առանձին խումբն ունենալ, որովհետև զգացի, որ իմ և ընկերուհիներիս պահանջներն ու աշխատելու ձևը բավականին տարբերվում էին: Դրանից հետո բացեցի Բենգը, սկզբում դժվար էր միայնակ այդքան բան հասցնելը, բայց շատ կարճ ժամանակում ամեն բան սկսեց իր հունով գնալ և կարգավորվել: Ստուդիոն հիմնել եմ 18 տարեկանում, ի դեպ` առանց ծնողներիս օգնության:

-Ինչպե՞ս եք  ստուդիոն նոր անդամներով համալրում:

 -Ստուդիո հաճախելու համար ուղղակի նախապես հայտարարում ենք ընդունելություն, ծանոթացնում մանրամասներին, հետո բոլոր հետաքրքրվողներին ասում, թե որ օրվանից կարող են գալ: Իսկ հիմնական թիմին (ովքեր հենց լինում են քավր հոլովակներում) արդեն միանում են լսումների միջոցով, որի համար ներկայացնում են պար (այդ ժամանակ մանրամասները էլի ներկայացնում ենք): Ցանկացողները պարզապես մեր ինստագրամյան էջին են գրում։ Եվ իհարկե, դասերը վճարովի են։

-Իսկ առաջին տարում որքա՞ն դիմորդ ունեցաք։  Այսօր այդ ցուցանիշը ընկե՞լ է, թե՞՝ ոչ։

-Առաջին տարում մենք 70-ից ավելի դիմորդ ենք ունեցել, հետո եղել են պահեր, երբ մենք ընդունելություն չենք էլ ունեցել, քանի որ դահլիճում արդեն տեղ չէր լինում: Ցուցանիշն ահագին ընկել է քովիդից և պատերազմից հետո: Բացի այդ` ես ևս կրճատել եմ խմբի անդամների քանակը, քանի որ ինձ պետք են պարտաճանաչ մարդիկ, որ պատրաստ են շատ աշխատել լավ արդյունքի հասնելու համար:

Ինչպե՞ս եք անցկացնում պարապմունքները։ 

-Սկզբի մի ժամը անում ենք տարբեր վարժություններ, որոնք օգնում են տաքացնել մկանները, հետո անում ենք նաև ուժային վարժություններ և աշխատում ճկունության վրա: Հետո սովորում պարեր (քեյ-փոփ, ինչպես նաև իմ բեմադրություններից), նկարում կարճ հոլովակներ մեր ինստագրամյան էջի ակտիվության համար և ամենավերջում անցնում հիմնական թիմի փորձին:

-Որքա՞ն ժամանակ եք ծախսում մեկ պարը սովորելու համար։

-Խմբի անդամները վերջի 2 տարվա ընթացքում շատ արագ են սկսել սովորել պարերը, մեր 4 ժամ տևողությամբ դասի ընթացքում մենք հասցնում ենք ամենաքիչը 3-4 պար սովորել, քավր թիմի անդամները յուրաքանչյուր երգի պարի դուրս գալուց հետո հաջորդ օրն արդեն անգիր իմանում են պարը, ու մեզ մնում է ընդամենը աշխատել հավասարության ու տեխնիկայի վրա: Եթե չլիներ բոլորիս զբաղված գրաֆիկը,  նկարահանման հագուստներ կարելը և համապատասխան լոկացիաներ գտնելը, մենք կարող էինք ցանկացած պար մեկ շաբաթ հետո նկարել:

-Ի՞նչ հաջողություններ եք  ունեցել ստուդիոյի  ողջ գործունեության ընթացքում։ Կպատմե՞ք, թե ինչ միջոցառումների եք մասնակցել կամ կազմակերպել։

-Մեր 4 տարվա մեջ հասցրել ենք շատ մրցույթների մասնակցել ու միշտ զբաղեցրել ենք պատվավոր տեղեր, ունեցել ենք շատ ֆլեշմոբեր, համերգներ ու հետն էլ շատ հոլովակներ ենք նկարել:

-Դուք ելույթներ եք ունեցել նաև դրսում, հանրության առջև։ Դժվար չէ՞ արդյոք լրիվ անծանոթ մարդկանց առջև պարել, ի՞նչ արձագանքներ եք ստանում հանրության կողմից։

-Իհարկե դժվար է, քանի որ խմբում գրեթե բոլորս ամաչկոտ ենք: Բայց դա չի խանգարում, որ մենք հնարավորինս լավ ներկայանանք: Հանրությունից 99%-ով լավ արձագանքներ ենք ստանում, եթե որոշ մարդիկ էլ չեն ընդունում մեր արածը, մենք փորձում ենք խուսափել վեճերից: Ինչպես նաև հասկանում ենք, որ չենք կարող բոլորին դուր գալ:

 –Ամիսներ առաջ ռուսական «Dark side dance studio»-ն իրենց հերթական հանրային ելույթների ժամանակ ինչ-որ տղամարդու կողմից վիրավորանքների արժանացավ։ Աղջիկների արտաքին տեսքը և պարը, որը, թեև սովորական էր և լրիվ համահունչ երգի ոճին,  չէր համապատասխանում, այսպես ասած, նահապետական մտածելակերպ ունեցող մարդկանց։ Այդ մարդկանցից էր, կարծես, հենց այդ տղամարդը։ Կոնֆլիկտն  ավարտվեց տղամարդու ձերբակալմամբ։  Չե՞ք վախեցել երբևէ նման միջադեպերից` մանավանդ Հայաստանի նման պահպանողական երկրում։  Եղե՞լ են նման դեպքեր հենց ձեր թիմի հետ։ 

 -Տեղյակ եմ այդ միջադեպից: Համաձայն եմ, որ խումբը ոչ մի վատ բան չէր արել և խնդիրն այդ տղամարդու  մտածելակերպն էր: Մեզ հետ հենց այդպիսի միջադեպ չի եղել, քանի որ մեր հագուստները միշտ փակ են, կամ այնքան բաց չեն, որ մի բան ասեն: Մենք չենք մտածում, որ դա վատ է, ուղղակի հասկանում ենք, որ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ մտածելակերպն այլ է: Փորձում ենք հագնվել գեղեցիկ ու չափի մեջ: Միջադեպ եղել է կապված իմ մազերի գույնի հետ, որ ասել են «իբր էս ինչ վիճակա» կամ փորձել են ծաղրել: Ես ուղղակի մոտեցել եմ տվյալ մարդկանց ու շատ հանգիստ բացատրել, որ դա իմ բեմական տեսքն է և դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Ամեն ինչ հարթվել է իմ խոսելուց հետո. ներողություն են խնդրել և հեռացել:

-Հայաստանում պարային ստուդիոներ շատ կան, օրինակ` yb dance studio֊ն, np project-ը, sonayesayan dance studion, մե՞ծ է արդյոք մրցակցությունը, ինչպե՞ս եք հաղթահարում դա։

-Մրցակցությունը միանշանակ շատ մեծ է, քանի որ խմբեր շատ կան: Բոլորն էլ մեզ նման աշխատում են, դժվարություններ հաղթահարում: Մենք հարգում ենք մեր մրցակիցներին, չենք թերագնահատում երբեք: Հետևում ենք նաև  այլ խմբերի գործունեությանը: Չենք համեմատում մերն ու իրենցը, ուղղակի փորձում ենք անել մեր մաքսիմալը, համեմատելն ու գնահատելն էլ թողնում ենք դիտողներին (ծիծաղում է). ինչպես նաև նկատում ենք մեր մրցակիցների լավ կողմերըն ու փորձում ենք հետ չմնալ:

 –2019 թ. Journalist-ին տված  հարցազրույցում պատմել եք ձեր երազանքների մասին, որոնցից մեկը եռհարկանի շենք ունենալն է, որի առաջին հարկը կլինի սրճարան, 2-րդ հարկը` կարի արհեստանոց, իսկ 3-րդը` հենց ստուդիոն, կատարվե՞լ է արդյոք այդ երազանքն այսօր։

-Այդ երազանքը շարունակում է մնալ երազանք, քանի որ ոչինչ հարթ չի գնում ու այնպիսի դժվարություններ ենք ունենում, որ շատերը չեն էլ կարող պատկերացնել: Ամեն դեպքում ես չեմ հանձնվում և ձեռքերս ծալած չեմ նստում, սպասում հրաշքի: Երազանքիս հասնելու համար ես աշխատում եմ:

-Իսկ այժմ ի՞նչ նոր երազանքներ և նպատակներ ունեք և ի՞նչ քայլեր եք անում դրանց հասնելու համար։

 -Այս պահին մեծ քայլեր անելը բավականին բարդ է` կապված երկրի վիճակի հետ, բայց մենք փորձում ենք թեկուզ փոքր քայլերով առաջ գնալ: Նպատակներից մեկն այն է, որ մեր յուրաքանչյուր հաջորդ աշխատանք գերազանցի նախորդին ու մենք էլ ավելի լավ ներկայանանք: Նաև ցանկանում եմ այնպես անել, որ խմբիս սկսեն ավելի շատ մարդիկ ճանաչել, հուսամ` ժամանակի հետ կստացվի:

Լուսինե Արտակի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել