2020 թ․-ը ճգնաժամային էր ամբողջ աշխարհի, հատկապես Հայաստանի համար։ Մի կողմից քովիդ 19, մյուս կողմից՝ 44 օր տևած լայնածավալ պատերազմ։ Աշխարհաքաղաքական, սոցիալական փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողել նաև տնտեսական դաշտի վրա։ Այսօր մարդիկ բողոքում են մթերքի անկանոն գնաճից։ ‹‹Մթերքի գինը բարձրանում է, իսկ աշխատավարձերը մնում են նույնը։ Մոտ կես տարի առաջ նույն գումարով գնում էինք շատ ավելի շատ մթերք, քան հիմա››,- ասում է Երևանի բնակչուհի Նարինեն։ ‹‹Երբ ստանում ես մոտ 40000 դրամ կենսաթոշակ, մի կերպ ես ծայրը ծայրին հասցնում․խնդիրը շատ ավելի լուրջ է հատկապես ձմռանը, երբ ընդհանուր ծախսերիդ գումարվում է նաև ջեռուցման վճարը››,- պատմում է Արուսյակը։
50 հոգու շրջանում կատարված հարցումը ցույց տվեց հետևյալ պատկերը․ հարցվածներից 47-ը վերջին կես տարվա ընթացքում նկատում են գնաճ, 3-ը՝ ոչ։ Ըստ քաղաքացիների՝ արևածաղկի ձեթի, կարագի, մսի, ծխախոտի, կաթնամթերքի, ընդեղենի, սուրճի, բանջարեղենի ու մրգի, մի խոսքով գրեթե բոլոր մթերքների գինը բարձրացել է։
Խնդիրն առավել համակողմանի հասկանալու համար զրուցեինք նաև մթերային խանութի սեփականատիրոջ հետ, որին խնդրեցինք գնահատել գնաճի ազդեցությունը մարդկանց գնումներ կատարելու վրա։ Նա քաղաքացիներին բաժանեց 3 խմբի։ Առաջին խմբում են այն մարդիկ, որոնց համար գինը կապ չունի․ նույն ծավալներով գնում են այն, ինչ անհրաժեշտ է։ Երկրորդ խմբի մարդիկ իրենց մշտապես գնած ապրանքը փոխարինում են ավելի էժանով։ ‹‹Ենթադրենք, քանի որ կարագի գինը բարձր է, իրենց պահանջմունքը բավարարելու համար գնում են դրա փոխարինիչը՝ սփրեդ կամ ձեթ››,- ասում է սեփականատերը։ Եվ երրորդ խմում վերջինս զետեղում է այն մարդկանց, որոնք գնաճի պատճառով կրճատել են իրենց սովորական գնումների ծավալը։
Ապագա տնտեսագետ Գարիկ Պետրոսյանն այսպիսի մասշտաբային գնաճը պայմանավորում է կորոնավիրուսով և պատերազմով․ ‹‹Քովիդի ու պատերազմի պատճառով դրամի արժեքն ընկել է, դրա համար էլ որոշ ապրանքների գները բարձրացել են, բայց տնտեսվարողները, այսպես ասած, օգտվելով առիթից, բարձրացրել են նաև այն ապրանքների գները, որոնց հումքի արժեքը չի փոխվել››։ Նա երկիրը տնտեսական այս վիճակից հանելու մի քանի տարբերակ է տեսնում։ ‹‹Տարեբերակներից մեկը կարող է լինել, օրինակ, հետևյալը․ պետությունն իր բնական հումքերը պետք է ոչ թե արտահանի, այլ փորձի տեղում վերամշակել, ստանալ արտադրանք և արտահանել։ Բացի դրանից, տնտեսությունը կայուն վիճակում պահելու լավագույն եղանակը պետական գործարանների ստեղծումն է, որով կլցվի պետական բյուջեն, իսկ սա էլ քայլ կլինի դեպի արտաքին պարտքերի մարում››,- ասում է տնտեսագետը։
Էմիլյա Հոսյան
2-րդ կուրս