«Շատ հետաքրքիր էր 17-րդ դարի խորտակված նավակը, որը մեր ընկերներից Վահեն է...

«Շատ հետաքրքիր էր 17-րդ դարի խորտակված նավակը, որը մեր ընկերներից Վահեն է հայտնաբերել». Հայաստանում դայվ-կենտրոնի ղեկավար Տիգրան Ազիզբեկյան

764

Հայաստանում դայվինգը նոր է սկսել զարգանալ։ Այն ստորջրյա լող է սարքավորումներով (սկուբադայվինգ) կամ առանց դրաց (ֆրիդայվինգ)։  Միջազգային ստանդարտներին համապատասխան նորաստեղծ դայվ-կենտրոնի` ArmDiving-ի ղեկավար Տիգրան Ազիզբեկյանը Journalist․am-ին տված հարցազրույցում պատմել է կենտրոնի ստեղծման և դայվինգի առանձնահատկությունների մասին։

-Ինչու՞ որոշեցիք բացել Հայաստանում դայվ-կենտրոն։ 

-Ես ինքս սուզորդ եմ և աշխարհի տարբեր կետերում սուզվելուց հասկացա, որ Սևանը բավականին հետաքրքիր առավելություններ ունի այլ վայրերի համեմատ, և մտածեցի, որ հնարավոր է Հայաստանում սա զարգացնել։ Որոշեցինք, որ պետք է գրագետ ուսումնական կենտրոն ստեղծել` իր բոլոր հարմարություններով։

-Որտե՞ղ է այն գտվնում։ Ինչու՞ հենց այդ վայրը։

-Սևանի ափին հատուկ կետում է գտնվում, որը ամենամոտն է լճի ամենախոր հատվածին` 81 մետրին։ Այդ ափից մոտ 200 մետր հեռավորության վրա է գտնվում ամենախոր հատվածը։ Այդտեղ բոլոր խորությունները կան` 0-ից մինչև 81։ Այն շատ հարմար է  դասընթացներ կազմակերպելու  համար, թե՛ սկսնակների և թե՛ հմուտների համար։

-Ի՞նչ կառուցվածք ունի  սուզման գործընթացին մասնակցող անձնակազմը։

-Դա առաջին հերթին միջազգային հավաստագրում ստացած հրահանգիչն է։ Օրինակ` մեր հրահանգիչը 2021 թվականին գնաց Եգիպտոս, քննություն հանձնեց, որ իրավունք ունենա հրահանգակիր դառնալու։

Եվ իրականում մեկ հրահանգիչ և մեկ օգնական բավարար է սուզում կազմակերպելու համար. կախված է խմբի քանակից։

-Ի՞նչ է անհրաժետ դայվինգով զբաղվելու համար։

-Դայվինգով զբաղվելու համար մարդը պետք է սերտիֆիկացված լինի։  Դա նման է վարորդական իրավունքին։   Կա փորձնական սուզում, երբ հրահանգիչը իջեցնում է  ծանուցողական 5-6 մետր խորության վրա։ Բայց ստանդարտ սուզում ոչ սերտիֆիկացված մարդկանց համար մենք ընդհանրապես չենք անում։  Այսինքն` եթե ուզում եք սուզվել, ոչ փորձնական, պետք է մոտ վեցօրյա դասընթաց անցնեք` միջազգային ստանդարտներին համապատասխան, ապա այդ միջազգային ստանդարտների համապատասխան ստանաք հավաստագիր, և միայն այդ դեպքում կենտրոնը կարող է ձեզ սպասարկել` որպես սուզորդի։  Եվ աշխարհում ցանկացած տեղ, ուր էլ գնաք, կհարցնեն, թե փորձնական սուզում եք ցանկանում, թե ուղղակի սուզում։ Դրանք տարբեր են։   Հայաստանում արդեն 3 հրահանգիչներ կան, որ կարող են տալ միջազգային որակավորում։

-Կենտրոնը զբաղվում է  և՛ ֆրիդայվինգով,  և՛ սկուբադայվինգով։  Ո՞րն է սրանց տարբերությունը։

-Դայվինգը, իհարկե, ընդհանուր սուզումն է, այն ջրացատկն է։ Սկուբադայվինգը սուզումներ են հատուկ սարքավորումներով, իսկ ֆրիդայվինգը առանց որև բանի, այսինքն`  մի շունչ պահելով։

Փոխաբերական իմաստով ասում են, որ սկուբադայվինգը հայացք է դեպի դուրս, իսկ ֆրիդայվինգը հայացք է դեպի ներս։   

-Իսկ  մարդիկ ո՞րն են ավելի շատ նախընտրում։

-Այս պահին սկուբադայվինգը։ Որովհետև ֆրիդայվինգը, երևի,  դեռ լավ ներկայացված չէ Հայաստանում։ Համենայն դեպս` այն աստիճանի, որ մարդիկ հասկանան դրա առավելությունները։

-Ի՞նչն է եղել ամենահետաքրքիրը, որ հայտնաբերել եք Սևանի հատակին։

-Ես, անկեղծ ասած,  հայտնաբերումներով հետաքրքված չեմ եղել, որովհետև իրականում չես սուզվում ինչ-որ բան հայտնաբերելու համար։ Բայց շատ հետաքրքիր էր 17-րդ դարի խորտակված նավակը, որը մեր ընկերներից Վահեն է հայտնաբերել։

-Արդյո՞ք բոլորը կարող են զբաղվել դայվինգով:

-Գոյություն ունի բժշկական ցանկ։ Ցանկացած մարդ, ով գալիս է, նրանց այդ ցանկը տրվում է, եթե որևէ վանդակի առաջ դրեց այո,  մենք սուզում չենք իրականացնում և ոչ էլ սկսում ենք դասընթացները։

Ի՞նչ տպավորություններով եք ամեն անգամ սուզվում և դուրս գալիս ջրից։

-Իրականում լուրջ ռելաքս է ցանկացած սուզում, որովհետև ջրի տակ ամբողջությամբ ամեն ինչից անջատվում ես։ Գուցե շատ անմեղ թվա, բայց օրինակ` երբ տեսնում ես մի խեցգետին կամ ինչ-որ հետաքրքիր քար… դա լուրջ հանգիստ է։   Եվ իհարկե, դա առաջին հերթին մասնագիտություն է, որը հնարավորություն է տալիս որևէ տեղ հանգստալանուց ոչ միայն արևի տակ պառկել, այլև հետաքրքիր զբաղմուքն ունենալ։

-Որքա՞ն է ընդհանրապես կենտրոն դիմողների թիվը։

-Ամռանը, իհարկե, շատ են եղել՝ ամսեկան  մոտ 10 հոգի։ Եվ շատ հաճախ արտասահմանցիներ են լինում։  Բայց, իհարկե, հայեր էլ կան։ Դայվինգը  քիչ-քիչ զարգանում է  Հայաստանում։

Լուսինե Արտակի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել