«Իմ երազանքը հայոց լեզվի ուսուցիչ դառնալն է». «Մեր բակ»-ից հայտնի դարձած չինացի...

«Իմ երազանքը հայոց լեզվի ուսուցիչ դառնալն է». «Մեր բակ»-ից հայտնի դարձած չինացի Ֆընգ Յանգմենգ

796

Journalist.am-ի  զրուցակիցը Հայաստանում սովորող չինացի երիտասարդ Ֆընգ Յանգմենգն է, ում մանկության երազանքը Հայաստանում լինելն ու հայերեն սովորելն էր։

Դուք դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եք Ինդոնեզիա՝ լեզվաբանություն սովորելու, այնտեղ ապրել եք մոտավորապես 6 տարի, և դրանից հետո արդեն տեղափոխվել Հայաստան։ Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան և սովորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում։

– Շատ փոքր ժամանակ ես կարդացել էի Հայաստանի մասին. հիմնականում Տիգրան Մեծի և Սասունցի Դավիթի մասին։ Այդ ժամանակվանից երազանք էի պահել՝ գալ Հայաստան։ Սկզբում ես դիմել էի Արցախի պետական համալսարան, բայց քանի որ չգիտեի հայոց լեզու, չընդունվեցի, որովհետև այնտեղ պարտադիր էր հայերենի իմացությունը։ Հետո դիմեցի Երևանի պետական համալսարան և ընդունվեցի։

Շուտ ընտելացա՞ք մեզ, մեր սովորույթներին։

– Ես տարբեր երկրներում  եմ ապրել, ես ամեն ինչ ընդունում եմ, ինձ համար շատ մեծ տարբերություն չկա, որովհետև ես շատ հարմարվող եմ։

Պատերազմի օրերին բավականին մեծ աշխատանք եք կատարել թիկունքում. ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք միանալ կամավորական խմբերին ու աշխատել նրանց հետ։

– Ես շատ էի տխրել այդ ժամանակ, որովհետև պատերազմը շատ վատ երևույթ է, և ընդհանրապես կապ չունի՝ դա քո երկրում է, թե ուրիշ։ Մենք այդպիսի իրավիճակներում պետք է քայլեր ձեռնարկենք՝ իրավիճակը որոշ չափով փրկելու համար։  Անընդհատ մտածում էի՝ ինչ անել գոնե մի քիչ օգնելու համար, և երկրորդ օրը իմացա, որ կան կամավորական խմբեր, ու որոշեցի միանալ նրանց և ինչ-որ բանով օգտակար լինել։

Հայաստանում չինարեն և ինդոնեզերեն եք դասավանդում. ինչպե՞ս ստացվեց և որտեղ եք անցկացնում դասերը։

– Ես հիմա դասավանդում եմ լեզվի տարբեր կենտրոններում։ Առաջին աշխատանքս եղել է Արարատի մարզի Զորակ գյուղում. երկու տարի առաջ ինձ հրավիրեցին գյուղի միակ դպրոցում չինարեն դասավանդելու։ Հիմա դպրոցում չեմ դասավանդում, որովհետև ժամանակս չի բավականացնում, իսկ լեզվի կենտրոններում ժամանակային առումով ավելի հարմար է։

Չունենալով դերասանական կրթություն, Դուք վերջերս նկարահանվեցիք «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմում. վախեր չունեի՞ք, որ հնարավոր է լավ չկերտեք ձեր դերը։

– Նկարահանման առաջին օրը շատ էի լարվում, բայց հետո տիկին Լալան, Աշոտը և Հրանտը շատ օգնեցին ինձ. նրանք սովորեցնում էին՝ ինչպես պետք է խաղալ, կիսվում էին իրենց փորձով, պատմում դրվագներ իրենց կյանքից։

Միտք ունե՞ք մշտական բնակություն հաստատել այսեղ։

– Դեռ այդպիսի միտք չունեմ, որովհետև ես սիրում եմ շրջագայել, ապրել տարբեր երկրներում, բայց եթե  լավ աշխատանք ունենամ, ես կապրեմ Հայաստանում։

Ծովինար Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել