«Մեղվաբուժությունը բնական միջոց է բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար»․ «Beelife»-ի հիմնադիր...

«Մեղվաբուժությունը բնական միջոց է բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար»․ «Beelife»-ի հիմնադիր Գայանե Տեր-Սիմոնյան

496

Մեղվաբուծության և մեղվաբուժության մասին Journalist.am-ը զրուցել է «Beelife» ձեռնարկության հիմնադիր Գայանե Տեր-Սիմոնյանի հետ։

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց մեղվաբուծությունը։

-Ես ընդհանրապես մասնագիտությամբ լեզվաբան եմ և, չնայած մեր ընտանիքում նախկինում մեղվաբույծներ չեն եղել,  ես ցանկացա ընտրել հենց այս այս մասնագիտությունը, քանի որ նախկինում չստացված բիզնես էի ունեցել և որոշեցի ինձ փորձել նոր ոլորտում։ 

-Ինչո՞ւ Ձեր ձեռնարկությունը անվանեցիք «Beelife»:

– Անգլերեն «մեղու» և «կյանք» բառերի միաձուլումն է։ Անվանել ենք այդպես, քանի որ նախ՝ մեղուները դարձել են իմ կյանքի մի մասը և երկրորդ՝ մեղուները բնության կենսագործունեության մեջ շատ կարևոր դեր ունեն և, չնայած իրենց փոքր չափերին, կյանքի շարժիչ գործոններից մեկն են։

-Դուք զբաղվում եք նաև մեղվաբուժությամբ։ Արդյո՞ք ի սկզբանե նպատակ ունեիք դրանով զբաղվելու։

– Ի սկզբանե ես մեղվաբուծությամբ որպես հոբբի էի զբաղվում, սակայն հետագայում, լսելով հարազատներիս խորհուրդներն ու սրտիս ձայնը, որոշեցի զբաղվել նաև ապիթերապիայով՝ մեղվաբուժությամբ։ Համոզված էի, որ դա հաջողություն կբերի, որովհետև այդ ոլորտով զբաղվողներ Հայաստանում շատ քիչ կան, և դա անհրաժեշություն է։

-Ի՞նչ թերապիաներ է ներառում իր մեջ մեղվաբուժությունը և ինչ նյութերի միջոցով է իրականացվում։

-Թերապևտիկ արտադրանքները ստանում ենք ակնամոմից, ծաղկափոշուց, բոռակաթից, մայրակաթից։ Վերջինս միակ կենսաբանորեն ակտիվ նյութն է, որ իր մեջ երիտասարդացնող հորմոն է պարունակում։ Մայրակաթը կարող է բուժել 70-ից ավելի հիվանդություն։ Իրականացնում ենք նաև փեթակով ինհալացիա, որը պայքարում է ալերգիաների դեմ։ Դա իրականացվում է թթվածնային սարքի միջոցով, որը ամրացվում է փեթակին և ալերգիկները, շնչելով մեղրամոմի բույրը, աստիճանաբար դրական արդյունքներ են ունենում։

-Ձեր գործունեությանը նվիրված հաղորդումներից մեկում նշեցիք նաև, որ մեղվաբուծության դասընթացներ եք իրականացնում։ Ի՞նչ նպատակ ունեն դրանք և ովքեր կարող են դրան մասնակցել։

-Այդ դասընթացների շրջանակում մենք նպատակ ունենք զարգացնել մեղվաբուծությունը մեր մարզում՝ Լոռիում։ Դասընթացներին ներգրավված են միայն կանայք։ Ունենում ենք և՛ տեսական, և՛ գործնական դասընթացներ։ Դրանց ընթացքում լավ արդյունքներ ցուցաբերածներին տրամադրվում են մեղվափեթակներ, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան զարգացնել այս ոլորտը մեր տարածաշրջանում։

-Ձեր արտադրանքը արտահանվո՞ւմ է, թե՞ դեռևս սպառում եք միայն Հայաստանի տարածքում։

-Իհարկե Հայաստանում ունենք մեր հաճախորդները, որոնք մշտապես օգտվում են մեր թերապևտիկ միջոցներից, իսկ արտերկիր դեռևս հանում ենք միայն մեղրամոմից մոմերը, որոնց բույրը նյարդերը հանգստացնելու և օդը մանրէներից ազատելու հատկություն ունի։

-Ձեր ընտրած ոլորտում երբևէ դժվարությունների հանդիպե՞լ եք։

-Կարծում եմ՝ բոլոր ոլորտներում էլ անխուսափելի են դժվարությունները։ Ես մինչ մեղվաբուծությունը ալերգիկ եմ եղել և երբ ցանկանում էի սկսել զբաղվել այս գործով, երկմտանք կար, բայց, իհարկե, ես նախընտրեցի առաջ շարժվել և կայանալ այս ոլորտում և ինչու ոչ, օգնել նաև մյուսներին։

Ի՞նչ նպատակներ ունեք ապագայի հետ կապված։

-Կցանկանայի մեղվաբուծությունը մեր երկրում զարգանար, ինչպես նաև ապիթերապիան մեծ տարածում գտներ, քանի որ այն իսկապես անհրաժեշտություն է և բնական միջոց բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։

Սեդա Կյուրեղյան

2-րդ կուրս

Կիսվել