«Մեդիագրագիտությունը ավարտվող աշխատանք չէ, այն ամենօրյա աշխատանք է». մեդիափորձագետ Գեղամ Վարդանյան

«Մեդիագրագիտությունը ավարտվող աշխատանք չէ, այն ամենօրյա աշխատանք է». մեդիափորձագետ Գեղամ Վարդանյան

953

21-րդ դարը իր հետ բերեց նորարարություն և ժամանակակից մարտահրավերներ, որոնք իրենց թե՛ լավ, և թե՛ վատ ազդեցությունը ունեցան մեդիասպառողի վրա, իսկ մեդիագրագիտություն քարոզելը դարձավ անխուսափելի: Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը մեզ հետ զրույցում խոսեց վերոնշյալ խնդրի առանձնահատկությունների մասին:

-Ի՞նչ է մեդիագրագիտությունը և ինչո՞վ է այն կարևոր:

-Մեդիագրագիտությունը մարդու՝ մեդիան հասկանալու, ճանաչելու, մեդիա ստեղծելու, քննադատական մտածողություն ունենալն է: Կարևոր է, որ մարդը չմանիպուլացվի մեդիայով՝ մեդիայի բոլոր հնարավոր ձևերը հաշվի առնելով: Այսինքն՝ կարողանա դիմադրողականություն ունենա մեդիամանիպուլիացիանների նկատմամբ:

-Ի՞նչ վիճակում է գտնվում մեդիագրագիտությունը Հայաստանում:

-Մոտ 10 տարի է ինչ մեդիագրագիտություն տերմինը Հայաստանում շրջանառվում է, առաջինը Մեդիա նախաձեռնությունների կենտրոն է  սկսել նման ծրագրեր, շատ կարևոր է դպրոցներում աշխատանքը, կան ուսուցիչներ, ովքեր անցել են դասընթացներ, հիմա աշխատանքներ են տարվում կրթական ծրագրերում մեդիագրագիտությունը ներառելու համար: Չէի ասի, որ շատ լավ վիճակում է, բայց զրոյական վիճակում էլ չէ:

-Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ ազդեցություն թողեց հայկական մեդիայի վրա, և արդյոք տեղեկատվական դաշտում պարտություն կրելը կանխատեսված էր:

-Շատ դժվար է ասել՝ Արցախյան պատերազմում պարտություն կրելը մեդիայի հետ ինչ կապ ունի, բայց կարող եմ ասել՝ պատերազմի ժամանակ պրոպագանդան միանշանակ իր հետքը թողեց: Մարդիկ սկեպտիկ սկսեցին վերաբերվել պաշտոնական ինֆորմացիային, մյուս կողմից մանիպուլիացիաները, կեղծ լուրերը ապատեղեկատվությունը ավելի լայնորեն տարածվում են պատերազմական իրավիճակներում, և Արցախյան պատերազմը ևս բացառություն չէր:

-Սոցիալական էջերը ներկայումս անվերահսկելի են, ուստի ինֆորմացիայի սխալ կիրառումը կարող է խնդիրների առաջ կանգնեցնել, ինչպե՞ս կմեկնաբանեք այս երևույթը:

-Խոսելով ինֆորմացիայի ինքնակարգավորման մասին, կասեմ, որ մեդիագրագիտությունը հենց ոչ թե վերահսկելու համար է, այլ այն, որ մարդը կարողանա տնօրինել մեդիան, նաև սոցիալական մեդիան: Սոցցանցերը նորություն չեն, պարզապես այնտեղ ավելի արագ է տարածվում ինֆորմացիան:

-Ինչպե՞ս լինել պաշտպանված և չտրվել մեդիա սադրանքների:

-Պետք է կարողանալ լինել գրագետ մեդիայի տեսակետից, ամենակարևորը՝ չմտածել, որ դու ունես այդ գիտելիքը, և այլևս ոչինչ պետք չէ սովորել: Դա փոփոխվող միջավայր է, որտեղ անդադար պետք է գիտելիքը շատացնել: Չի կարելի ասել, որ ես վստահելի կայքերի ցանկ ուենմ և այդքանով հարցը փակել: Այդ կայքերը անընդհատ կարող են փոխվել: Այստեղ կարևոր է քննադատորեն մոտենալ, և ցանակալի է, որ դպրոցական տարիքից  զարգացվի այդ ամենը:

-Ինչպե՞ս առանձնացնել վստահելի լրատվամիջոցներին:

-Վստահելի լրատվամիջոցներին առանձնացնելու մի քանի միջոց կա, առաջինը՝ կայքը հենց լրատվական պետք է լինի, ունենա «մեր մասին», «հետադարձ կապ» բաժին,լրագրողները լինեն ճանաչելի, մի խոսքով` խմբագրություն լինի: Մարդը ինքն է ընտրում՝ ինչ լրատվություն է ուզում ստանալ, կարևոր է, որ մարդը նաև ի վիճակի լինի տարբերակել այս կամ այն լրատվականը ինչ քաղաքական ուղղվածություն ունի, որովհետև դա էլ է խնդիր, այստեղ չեն ասում՝ ինչ ուղղվածության է լրատվականը, մարդը ինքը պետք է հասկանա:

-Ի”նչ կարծիք ունեք պատերազմական իրավիճակում լրատվության սահմանափակման վերաբերյալ:

-Պատերազմի ժամանակ պետությունը կարող է մտցնել պաշտոնական ցենզուրա, բայց կարևոր է, որ մարդիկ իմանան, որ ցենզուրան կա, կան կանոններ, որոնք բոլորի համար են: Եթե պատերազմական վիճակում ցենզուրան թույլ տա հաղթել, ապա դա արդարացված է, բայց ամեն դեպքում ցենզուրան չի կարող ծառայել պրոպագանդայի համար, խաբելու և կեղծ հույսեր տալու համար, այսինքն էստեղ խաղի կանոնները պարզ ու թափանցիկ լինելու մասին են:

Ի՞նչ պետք է անել մեդիագրագետ հասարակության մաս կազմելու համար:

-Պետք է աշխատել, շատ աշխատել՝ մանկապարտեզից, դպրոցից, գրադարաններից, թանգարաններից սկսված: Կրթել, սովորեցնել մարդկանց օֆլայն, օնլայն կյանքում: Խոսել մարդկանց հետ, նյութեր պատրաստել, և դա ամենօրյա աշխատանք է, այսինքն ստեղծել հնարավորինս ինստիտուցիոնալ մակարդակի մեխանիզմներ մարդկանց օգնելու դիմադրել մեդիամանիպուլիացիաններին:

Էլեն Թևոսյան

2-րդ կուրս

Կիսվել