Ճանաչենք մեր հերոսներին․ Մաքսիմ Հովհաննիսյան

Ճանաչենք մեր հերոսներին․ Մաքսիմ Հովհաննիսյան

902

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում զոհվել է Մաքսիմ Հովհաննիսյանը։ Մաքսիմը ծնվել է 2000թ.-ի հոկտեմբերի  20-ին Արարատի մարզի քաղաք Վեդիում։ Աշխույժ, ազնիվ, մարդամոտ․․․ ահա այս բառերով են հիշում հերոս հայորդուն։

Մաքսիմի անցած ուղու մասին պատմել է հայրը՝ պարոն Սահակը։

«Որդիս՝ Մաքսս, փոքր տարիքից սիրված էր բոլորի կողմից։ Կարճ ասած` հաջողակ, աստղով երեխա էր։ Կարողանում էր լեզու գտնել թե՛ իրենից մեծերի, թե՛ փոքրերի հետ։ Դեռևս փոքրուց շատ հետաքրքրասեր էր  և իր հարցերին անպայման պետք է ստանար սպառիչ պատասխաններ»։

Պարոն Սահակը այսօր էլ ժպիտով է հիշում հերոս որդուն, մանկությունից եկած պատմությունները սփոփանք են դարձել, ընտանիքը հիշում է դրանք ու փայփայում, որպես Մաքսից մնացած լավագույն պահեր․ «4 -5 տարեկան հասակում պապիկի հետ զբոսնելով մտնում են բարեկամի խանութ։ Բարևելուց հետո Մաքսը մոտենում է կոշիկների բաժնին, ընտրում է իր հավանած կոշիկը, հագնում, փոխարենը տեղը դնում իր հագի կոշիկները ու ասում ՝ գնացի հոպար, էս էլ կծախես»։

Հերոս տղան դպրոցում միշտ գերազանց է սովորել, շատ ընդունակ է եղել։ Հայրը փաստում է, որ Մաքսիմը բոլոր առարկաները հավասարաչափ սովորում էր, զբաղվում էր ինքնակրթությամբ․ «Տղայիս դասղեկը միշտ ասում էր՝ իմ դասարանը մի ընտանիք էր, իսկ Մաքսը դարձել էր ընտանիքիս ղեկը»։

Դպրոցն ավարտելուց հետո իրեն բնորոշ պատասխանատվությամբ ու վճռականությամբ ընդունվեց ԵՊՀ-ի  Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Սովորեց ընդամենը մեկ կիսամյակ, բայց ուսանողական կյանքը բացահայտեց իր ողջ հետաքրքրությամբ։ Նոր ծանոթություններ, ընկերներ, այս ամենը Մաքսիմի առօրյայի մի մասն էին կազմում։ Չնայած այս ամենին, միշտ ասում էր՝ գնամ բանակ գամ, լիովին կհարմարվեմ ուսանողական կյանքին։

2019 թ.-ի  հունվարի 30-ին Մաքսիմը զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցնում էր Հադրութում՝ որպես ֆագոտ ջոկի օպերատոր։ Ծառայության հանդեպ չափից լուրջ վերաբերմունքը հերոս տղային մղել է անձնազոհության․ «Ինքը  պայքարելով գնաց բանակ, որովհետև տարբեր բժշկական հետազոտություններ էր անցնում։ Սրտի մասում ուներ բավականին բարձր ոսկրային դիրք, և կարող էր հետաձգվել, բայց ինքն էր զինկոմիսարիատում պահանջել, որ տանեն բանակ։ Միշտ ասել է, որ Արցախում է ծառայելու»։

Ամսի 27-ին,  երբ դեռ ոչինչ չէր սկսվել, զանգահարել է տուն և հայտարարել, որ իր կյանքի ամենալավ օրն է, իր ծառայության ամենալավ օրն է, որ լիքը գործ ունի անելո,ւ և եթե Աստված կամենա, կհանդիպեն․ «Միշտ խրոխտ ձայնով էր խոսում,  ասում էր, որ շուն թուրքը իր մեջքը չի տեսնի։ Պատերազմի սկսելուց մի քանի օր հետո իմ հարցին, թե ոնց է տիրապետում իր զենքին, պատասխանել է՝ տվածս կիսում է պապ ջան, 400 միլիոնից ավել վնաս եմ տվել էդ շներին»։

Մաքսիմը միշտ ձգտում էր լինել առաջինը, պատերազմը ևս բացառություն չէր․ 32 oր մարտնչել է Հադրութում, հետո նահանջել են Ճարտար գյուղ, որտեղ էլ նոյեմբերի 2-ին զոհվել է քաջ տղան․ «Այդ բարձրունքում հիմա զինվորները մեծ խաչ են հավաքել հողի վրա, իսկ այն փոսում, որտեղ ավիոռումբից որդիս է զոհվել իր ընկերների հետ, որդուս ֆագոտն է և բրոնիկը։ Մեր զորքը այդտեղից 4 մետր այն կողմ դիրք է պահում և ամեն անգամ, երբ  անցնում են որդուս զոհված տեղով, խոնարհվում են»։

Մաքսիմը լավագույնն է արել հայրենիքի համար, զոհել է իր կյանքը հանում մեր բոլորիս խաղաղ ապագայի։ Իր համար հողը սրբություն էր, իսկ հայրենիքը՝ մեծագույն արժեք։

«Իմ կյանքի իմաստ, իմ ինքնություն, իմ ես, իմ կյանքի գույներ, իմ հպարտություն։ Չկա մեկը, ով կարողանա մեղմել քո կորստի ցավը։ Ուզում եմ, որ քո խոստումը կատարվի, ու Հադրութը վերադաձվի։ Կյանքս դարձել է անիմաստ առանց քո քաղցր ձայնի, ինչքան մեծ էր իմ աշխարհը քո մի պապ բառով և ինչքան դատարկ առանց քեզ։ Այս կյանքը արդեն մեր նմանների համար չէ, այն մեռավ երբ զոհվեցիր ԲԱԼԵՍ…»։

Նելլի Իգիթյան

3-րդ կուրս

Կիսվել