Տան պատերին նկարելուց մինչև համաշխարհային մուլտիպլիկացիոն աշխարհ

Տան պատերին նկարելուց մինչև համաշխարհային մուլտիպլիկացիոն աշխարհ

961

Դիսնեյի աշխարհը միշտ փոփոխությունների է ենթարկվելու. քանի դեռ աշխարհում երևակայություն կա, այն կշարունակի աճել ու զարգանալ:

Մանկությունը կյանքի ամենահիանալի հատվածը համարող համաշխարհային մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը ծնվել է 1901թ. դեկտեմբերի 5-ին Չիկագո քաղաքում, ֆերմերի ընտանիքում: Ուոլթը տան 5-րդ երեխան էր, նրա ընտանիքն աղքատ էր ապրում, փոքրիկ արվեստասերը թուղթ ու մատիտ չունենալով՝ ստիպված նկարում էր պատերին ածուխով:

22 տարեկանում որոշում է գնալ Հոլիվուդ և զբաղվել դերասանությամբ: Ծնողները չէին հավատում, որ նրա մոտ ինչ-որ բան կստացվի: Ոչ ոք չէր համաձայնվում նրան աշխատանք տալ, և եթե չլիներ հորեղբայրը, նա ետ կվերադառնար տուն: Դիսնեյը հյուրընկալվում է հորեղբոր տանն ու որոշում է գումար աշխատելու տարբերակներ գտնել: Ստեղծում է իր սեփական մուլտֆիլմներ արտադրող ընկերությունը` հորեղբոր ավտոտնակում: Շուտով ընկերությունում առաջինն աշխատանքի է ընդունվում Լիլիան Բոունթսը, ով հետագայում դառնում է երիտասարդ նկարչի կինը: Նա շատ հաճախ հրաժարվում էր վերցնել սեփական աշխատավարձը՝ դրանով նպաստելով նորաստեղծ ընկերության զարգացմանը: Սկզբնական շրջանում ընկերությունը գրեթե գումար չէր վաստակում, քանի որ ստիպված էր չափազանց էժան գնով ցուցադրել սեփական մուլտերը: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ստեղծվեց Ալիսայի մասին պատմող առաջին մուլտֆիլմը, որը սիրվեց հասարակության կողմից և մեծ ճանաչում բերեց Դիսնեյ ընկերությանը:

Միկի Մաուսի դարաշրջանը սկսվեց մի պատահական օր, երբ Ուոլթ Դիսնեյի աշխատասեղանին մի փոքրիկ մուկ էր վազվազում: Դիսնեյը նկատեց ու խնդրեց իր գեղանկարչին նկարել մկանը: Դիսնեյը մկանը կոչել էր Մոլտիմեռ, սակայն կինը չհամաձայնվեց և անվանեց Միկի: Այնուամենայնիվ Մոլտիմեռ անունը մնաց և մուլտֆիլմում դարձավ Միկիի հակառակորդը: Միկի Մաուսը 1929թ.-ին դարձավ առաջին մուլտհերոսն, ով խոսեց, և նրա առաջին բառերն էին հոթ դոգ: Մինչև 1947թ. Դիսնեյն անձամբ էր խոսում Միկիի դերում, սակայն հետագայում հրաժարվեց, քանի որ ծխելու պատճառով ձայնը կոշտացել էր: Միկի Մաուսի կերպարը ոչ միայն ճանաչում և գումար բերեց Դիսնեյին, այլև առժանացրեց առաջին Օսկարին:

1937թ.-ին Դիսնեյը որոշում է վերցնել իր ունեցած բոլոր խնայողությունները, գրավ դնել ամբողջ ունեցվածքը և այդ գումարով, որը կազմում էր ավելի քան 2մլն դոլար, նկարահանել առաջին երաժշտական մուլտֆիլմը` Սպիտակաձյունիկը և 7 թզուկները: Եթե մուլտֆիլմը հաջողություն չունենար, նրանք ոչ միայն կկորցնեին ամեն ինչ, այլև ամբողջ կյանքում կաշխատեին կուտակված պարտքերը մարելու համար: Բայց, ինչպես Դիսնեյն է ասում, Ռիսկի ենթարկիր ինչ-որ բան, կամ հավերժ նստիր երազանքներիդ հետ:

Նա որոշում է իրականացնել իր մանկության երազանքը. ստեղծել սեփական ժամանցային այգին, որտեղ երեխաները կարող են տեսնել սիրելի մուլտհերոսներին և խաղալ նրանց հետ: 1955թ. Կալիֆորնիա նահանգում բացվեց առաջին Դիսնեյ լենդը, որը մինչ օրս էլ այցելուների պակաս չունի:

Ուոլթ Դիսնեյն 8 անգամ նյարդային ցնցումներ է տարել, բայց ամեն անգամ նրան կյանքի էր բերում իր երզանքը, և նա շարունակում էր ստեղծագործել, ստեղծելով իր հեքիաթային աշխարհը:

Արև Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել