Հարգանք կանանց հանդեպ, թե՞․․․

Հարգանք կանանց հանդեպ, թե՞․․․

1049

19-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ում սկիզբ առած կանանց շարժումը հատուկ նպատակ ուներ՝ կանանց ընձեռել ընտրելու և աշխատանքային իրավունքներ։ Հանուն կանանց իրավունքների և նրանց խնդիրների բարձրաձայնման մեկը մյուսի ետևից տեղի ունեցող շարժումները ստացան ֆեմինիստական շարժում անունը և մեծ արձագանք ստացան ամբողջ աշխարհում։ Մինչ արտասահմանում կանայք պայքարում էին իրենց իրավունքների համար, Հայաստանում կնոջը նոր պահանջներ էին ներկայացվում։ 20-րդ դարասկզբին հայկական նահապետական ընտանիքներում կնոջ նկատմամբ արգելքները սկսում էին կիրառվել դեռևս փոքր տարիքից, հարսնության շրջանում չափազանց խստանում էին և աստիճանաբար նվազում, երբ կինը դառնում էր մի քանի երեխաների մայր։ Հարսից ակնկալվում էր անպայման տղա երեխա ունենալ։ Եթե նորածինը տղա էր լինում, մայրը դեմքը չէր թաքցնում շրջապատից, իսկ հորը կամ գերդաստանի անդամներին շնորհավորելով՝ ասում էին․ «Թող մեկը յոթ դառնա»։ Ունեևոր ընտանիքներում նորածին տղայի պատվին տոնախմբություններ էին կազմակերպում, իսկ աղջիկներ ունեցող հարսներին հաճախ անիծում էին, ասելով՝ «ծնունդդ չորանա, էլի աղջիկ բերիր», քանզի «աղջիկը՝ լավ ու վատ, խլղին պատ» էր համարվում։ Առավել նվաստացուցիչ պայմաններում էր հայտնվում այն հարսը, ով իրար հետևից աղջիկներ էր ունենում։ Նման պարագայում գերդաստանի անդամները իրեն մաղթում էին․ «Թող քոռ ճանճ էղնի», կամ «մի քոռ տղան լավ է յոթ աղջկանից»։ «Աղջիկը քարը չղջիկ է, մկան պոչիկ, կատվում տոտիկ», մինչդեռ տղան «խան է, խանզատա, օսկե ջղա է, սուփրի մազա, շորը թազա»։

Գանք մեր օրեր։ Թվում է՝ այս ամենը մնացել է վաղ անցյալում, ֆեմինիստական շարժումները այլևս ոչ մի առաքելություն չպետք է ունենան, և աղջիկը հայ հասարակությունում ընդունվում է այնպես, ինչպես տղան։ Արձանագրենք, որ ամեն տարի Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հետևանքով չի ծնվում ավելի քան 1400 երեխա։ Ըստ ՄԱԿ-ի՝ ամենալուրջ խնդիրը Հայաստանում հենց դա է, որի արմատները մշակութային և գենդերային անհավասարության մեջ են և էլ ավելի են խորացնում կանանց նկատմամբ բռնության մթնոլորտը: Մինչև 2060թ. Հայաստանում չի ծնվի գրեթե 93,000 աղջիկ, եթե սեռով պայմանավորված աբորտների կամ մինչև ծննդաբերությունը երեխայի սեռի ընտրության միտումը շարունակի մնալ անփոփոխ: Սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում սերտորեն կապված են բռնի աբորտների հետ: Կանայք երբեմն ստիպված են իրենց ամուսինների և նրանց ընտանիքների դրդմամբ/պարտադրմամբ աբորտի ենթարկել իգական սեռի պտուղը:

Ինչպե՞ս կարող է մի հասարակությունում կինը որպես անհատ ընդունվել, եթե կնոջը առևանգելը նորմալ երևույթ է համարվում, իսկ նման բովանդակությամբ հրամապարկումների մեկնաբանությունները լցվում են «Աղջիկ փախցնելը հայկական արժեքների ցանկում է», «Ափսոս, որ վերանում է այս երևույթը», «Ես էլ մինչև ամուսնանալս մարդուս չեմ տեսել, ամուսնանալուց հետո եմ իմացել՝ սերը ինչ ա», «Երանի մեկն էլ ինձ փախցներ» և նմանօրինակ բազմաթիվ տափակաբանություններով։ Վերջերս մամուլում տարածված այն տեսանյութը, որտեղ տղամարդը փողոցի մեջ տեղում ծեծելով կնոջը նստեցնում է մեքենա, արժանացել էր մի շարք մարդկանց հավանությանը՝ «Ուրեմն մի բան էն չի արել», «Հաստատ դավաճանել ա, անբարոյական ա», «Որ իրան նոռմալ պահեր, էդ օրին չէր հասնի» ուղեկցող մեկնաբանություններով։ Թերևս նշենք նաև, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է կնասպանության 3-4 դեպք։

Իսկ մենք շարունակենք սեղանի շուրջ խմել կանանց կենացը, որովհետև նրանք տան սրբություններն են, որոնց հարգել է պետք և միաժամանակ հայհոյել, իսկ ընտանեկան բռնությունների մասին բարձրաձայնելը խստիվ արգելվում է, քանզի «Ուրիշի ընտանիքը մութ անտառ է», թուրքը նայում ու ուրախանում է, իսկ ֆեմինիստներն էլ տղամարդկանց կողմից անտեսված տգեղ կանայք են, ովքեր ուշադրության կարիք ունեն և «մնացել են տանը»։

Լյուդմիլա Շիրվանյան

2-րդ կուրս

Կիսվել