Կավագործ Վազգեն Կարապետյան. «Ես կավի անմեղ զոհերից եմ, բայց այդ ամենն...

Կավագործ Վազգեն Կարապետյան. «Ես կավի անմեղ զոհերից եմ, բայց այդ ամենն ինձ հաճելի է»

1241

Արդեն 42 տարի կավագործությունը նրա ձեռքերում արհեստից արվեստ է դարձել: Վազգեն Կարապետյանը 17 տարեկանում ծանոթացավ կավագործության հետ, և, ինչպես ինքն է նշում, կավով կերտեց իր բնավորությունը: Կավը դեռ վաղուց նրանց տան անբաժան մասն էր, հայրը նույնպես կավագործ էր. «Ես մեծացա կավի մեջ»:

Կավագործ Վազգեն Կարապետյանը ստեղծագործ ու արվեստասեր է: Պատանի ժամանակ հետաքրքրությունները բավարարելու համար ընդունվեց Մեքենաշինական ինստիտուտ (այժմ ինստիտուտը չի գործում): Այնտեղ ստացավ արհեստավորի մասնագիտական որակավորումը: 15 տարի աշխատել է Կերամիկական իրերի կոմբինատում, բայց իր խաղաղության գտավ տան բակում: Կավագործի տանն իր ստեղծած  բնությունն է, տարբեր անկյուններում կարելի է տեսնել տարբեր բույսեր. «Մարդը՝որպես բնության մասնիկ, պիտի լինի բնության ծոցում, հատկապես արարելիս»:

Բակում կավից ստեղծվածներն էլ իրենց ուրույն տեղը չունեն Վերնիսաժում, քանի որ գնորդները ու վաճառքը քիչ են: Այս պահին կավով ստեղծագործում է իր սիրելիների համար: Վազգեն Կարապետյանն այս ամենը պատմելուց հավելում է. «Ես կավը որպես ֆինանսական միջոց չեմ օգտագործում, կավը ամենամաքուր ու ամենաօգտակարն է, ֆինանսը չէ, որ պետք է խաղաղեցնի»: 

Ժամերով կարող է ստեղծագործել կավով: Իր համար կյանքը գեղեցիկ է, երբ ջանք կա ներսում: Եթե հարցնեք`որն է իր 42 տարվա ձեռքբերումը, կավագործը կնշի. «Կավի հետ խոսել սովորեցի, սովորեցի միտքս կավին փոխանցել, սովորեցի կավին կերակրել ու ինքս կշտանալ»:

Կավագործի համար ֆիզիկական ուժն ամենավերջում է, նախ մտքի ուժն է կարևորում: Վազգեն Կարապետյանի աղջիկը`Յունիկ Կարապետյանը, նշում է. «Ամուր նյարդեր ունի հայրս, ու եթե աշխատելիս նայես իրեն, ինքդ կխաղաղվես, սիրում է կավը, ապրում կավով»: Վազգեն Կարապետյանը նշում է. «Կյանքիս շղթան կայանում է մարդ-անհատ-սեր-ընտրություն-ոլորտ-ամբողջական կյանք հասկացողության մեջ»:

Ինչպես Կավագործ Վազգեն Կարապետյան է սիրում կրկնել ՝ «Ես կավի անմեղ զոհերից եմ, բայց այդ ամենն ինձ միշտ էլ հաճելի է լինելու»:

Ստեֆանի Օհանջանյան

3-րդ կուրս

Կիսվել