Շոթան, որ պետք է գտներ եղբորս…

Շոթան, որ պետք է գտներ եղբորս…

1121

44-օրյա պատերազմի առաջին տասնօրյակում ես ամեն օր եղբորիցս զանգեր էի ստանում, իսկ երբ նրա զանգը լռեց, սկսեցի զանգեր ու նամակներ ստանալ նրա ընկերներից: Թեև նրանք բոլորն էլ սրտացավորեն հարցուփորձ էին անում եղբորս՝ Արամի մասին, բայց Շոթան առանձնանում էր բոլորից իր ընկերասիրությամբ, օգնելու, թեկուզ կյանքի գնով, Արամին գտնելու, փրկելու պատրաստակամությամբ: Նա պատերազմի առաջին օրերին վիրավորվել էր, բայց հրաժարվել էր տեղափոխվել, մնացել էր Արցախում, և լավ զգալուն պես՝ միացել իր մյուս ընկերներին:

Հաճախ ես զարմանում էի, թե ինչպես է կարողանում համացանց մտնել ու ինձ գրել, բայց իմ ոչ մի նամակ անպատասխան չէր մնում, ու ես, կարծես, սովորել էի, որ երբ էլ գրեմ, նա, որտեղ էլ որ լինի, կպատասխանի, և չէի էլ պատկերացնում, որ դրանք նրա վերջին նամակներն են, վերջին մտքերը, վերջին պատմությունները, որ պիտի մնային իմ հեռախոսում ու հիշողության մեջ:

Շոթան ծնվել ու մեծացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Տան փոքրն էր, բոլորի սիրելին: Եղբայրը հիշում է, որ Շոթան ուզում էր այգեգործ դառնալ. «Շատ էր կրկնում, որ հենց ավարտի ծառայությունը, գյուղում մեծ այգի է հիմնելու»:

Ուզում էր հենց Արցախում ծառայել. «Անընդհատ կրկնում էր, որ կա՛մ Եղնիկներ է գնալու , կա՛մ Մատաղիս, բայց երբ պարզվեց, որ Ջաբրայիլում պիտի ծառայի, չտխրեց, մեր գյուղից շատ տղաներ այդ զորամասում էին ծառայում, և եղբայրս ուրախացավ, որ այդքան ծանոթ տղաներ ունի այնտեղ»-պատմում է եղբայրը:

Պատերազմի սկսվելուց օրեր առաջ Շոթային առաջարել են տեղափոխվել Դրմբոն, մերժել է՝ ասելով, որ իր զորամասում շատ ընկերներ ունի, չի կարող գնալ ուրիշ զորամաս:

Պատերազմի երրորդ օրը ստացել է բեկորային վիրավորում և թիկունքի սալջարդ. «Հոսպիտալում եղած ժամանակ եղբայրս խնամել է ավելի ծանր վիճակում գտնվող զինակիցներին»-ժպիտով հիշում է Շիրազը:

Իր գյուղի ու զորամասի ցանկացած կորուստ Շոթան շատ ծանր է տարել, ամեն անգամ տուն զանգելիս՝ մեկ առ մեկ ճշտել է, թե ինչպես են պատերազմին մասնակցող բոլոր համագյուղացիները, հուզվել է, երբ իմացել է, որ ինչ-որ մեկը զոհվել է:

Հոկտեմբերի 28-ին մարտական առաջադրանքը կատարելիս ստացել է երկրորդ և ճակատագրական վիրավորումը: Նրան հասցրել են տեղափոխել Շտապ օգնության մեքենա, սակայն Կարմիր Շուկայ-Ստեփանակերտ ճանապարհին թշնամու ԱԹՍ-ները հարվածել են մեքենաներին և վիրավորները մեծ դժվարությամբ իջել են մոտակա ձորը: Շուրջ 24 ժամ ձորում մնալուց և ոչ մի օգնություն չստանալուց հետո բոլորը զոհվել են:

Շոթայի կորուստը իմ երկրորդ մեծ կորուստն էր, ես անկեղծորեն հավատում էի, որ նա փրկվել է արդեն, որ գտնելու է եղբորս ու երկուսով գալու են. «Ես քույր չունեմ, քեզ իմ քրոջ պես սիրում եմ, մեր եղբորը գտնելու եմ, ու գանք, դու հավատու՞մ ես, չէ՞ ինձ, մենակ չլացես, քո՛ւրս, չլացե՛ս դու, խնդրում եմ»,-գրում էր նա:

Հիմա, երբ ցանկանում եմ մեկ բառով բնորոշել Շոթային, մտքիս ամենաընկերասեր բնորոշումն է գալիս: Եվ գուցե երբեք չհանդիպեմ այդպիսի ամուր, ազնիվ, նվիրված ու բարի ընկերոջ, ինչպիսին Շոթան էր:

Անահիտ Սվարյան

3-րդ կուրս

Կիսվել