«Տեմպ ու ռիթմով» գիտաժողովը՝ ընթացքում և գնահատականներում

«Տեմպ ու ռիթմով» գիտաժողովը՝ ընթացքում և գնահատականներում

651

Նոյեմբերի 25-ին ներկա ու ապագա լրագրողներին ու մեդիա դեմքերին մեկ սրահում համախմբել էր «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված էր Հանրային ռադիոընկերության 95 և Հանրային հեռուստաընկերության 65 ամյակին։ Գիտաժողովի առաջին բլոկը  տեղի ունեցավ  ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների կողմից «աշխարհի կենտրոն» կամ «աշխարհի դահլիճ» բնորոշումը ստացած Եղիշե Չարենց սրահում։

Հանրային ռադիոյի մեր գործընկերներին տված հարցազրույցում ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշել է, որ ամենամյա գիտաժողովին յուրահատուկ փայլ կհաղորդեն գործընկերների գիտական ելույթները՝ օնլայն ու օֆֆլայն ռեժիմով․«Մասնակիցներ ունենք ԱՄՆ-ից, Բելգիայից, ՌԴ-ից, և այդ զեկուցումները նույնպես լուրջ ընդգրկում կունենան»։

Գիտաժողովի երկրորդ պանելին ներկա ուսանողներն ավարտին ասում էին՝ նախ հետաքրքիր էր իրենց դասախոսներին լսել այլ ոճով, ժանրով ու տեքստով և հետո՝ շփվել ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ «Գիտաժողովն առանձնանում էր իր ինտերակտիվությամբ ու հետաքրքրությամբ։ Միգուցե լսարանում խոսվեր այս թեմաներից՝ չլսվեր, բայց այստեղ հաճելի էր լսելը, քանի որ միջավայրը տրամադրող էր, դե իսկ զեկուցողներն  էլ մեծ մասմաբ մեր նախկին դասախոսներն էին, թեպետ ոմանք դասավանդում են առ այսօր, ու հետաքրքիր էր նրանց լսել ևս մեկ անգամ։ Շատ հետաքրքիր էր․ կար տեմպ ու ռիթմ, որն էլ հենց պետք է ուսանողին ու առավել ևս լրագրողին»,- իր խոսքում ընդգծում է երկրորդ կուրսի ուսանող Անահիտ Ղազարյանը։

Դե իսկ այդքան սիրելի դասախոսներն էլ առիթը բաց չէին թողնում՝ ընդմիջմանը ուսանողներին ներկայանալով ավելի ընկերական կերպարով։ Սեղանի թենիսը անտարբեր չի թողնում Շուշան Դոյդոյանին և Հարություն Ծատրյանին։ Շուտով Հարությունին փոխարինում են ուսանողները։«Տիկի՛ն Դոյդոյան, Ձեզ տեսնենք, չեղավ էսպես։ Բա Ձեր ուսանողը Ձեզ հաղթի՞»,- խրախուսում են ուսանողները, որին ի պատասխան՝ վերջինս հպարտանում է․ «Բա՛, ճիշտը էդ է։ Ուսանողը պիտի գերազանցի դասախոսին»։

Ընդմիջումն ավարտվում է, բոլորը զբաղեցնում են իրենց տեղերը։

Համավարակով պայմանավորված՝ նման գիտաժողովների քանակը համալսարանում կտրուկ նվազել է, իսկ ֆակուլտետում համավարակից ի վեր գիտաժողով առհասարակ տեղի չի ունեցել։

Մասնակիցներից Օֆելյան, ամենավերջինը դուրս գալով սրահից, առանձնացնում է գիտաժողովի ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հույս հայտնում, որ նման գիտաժողովները կլինեն շարունակական․ «Կարծում եմ՝ գիտաժողովները նախկինի պես ակտիվ պետք է վերսկսել, քանի որ փորձի փոխանակում է ավագներից կրտսերներին։ Ես՝ որպես գիտաժողովի մասնակից, վստահորեն կարող եմ  փաստել, որ շփումը մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ իր նշանակալի դրական ազդեցությունն ունի լրագրողական գիտելիքների ավելացման ու ամրապնդման վրա»։

Մարիամ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել