«Տարեկան 1000 հայտադիմումից մոտ հարյուր երիտասարդի մենք պատրաստում ենք երիտասարդ ուսուցիչներ, որոնց գործուղում ենք Հայաստանի մարզեր։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի խոշորագույն գործատուն է համալսարանականներին աշխատանքային կարիերայի հնարավորություն տալու տեսանկյունից»,- մեզ հետ զրույցում ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հավաքագրման բաժնի ղեկավար Սամվել Վանյանը։ Սամվելը նշեց, որ ծրագրի գերխնդիրն է գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացումը։
Ծրագրի շրջանավարտներ Քնարա Տեր-Հովհանիսյանը, Մարիամ Մարիկյանը, Նարեկ Արզումանյանը, Մանուկ Խաչատրյանը, որոնք արդեն երկու տարուց ավելի է, ինչ դասավանդում են տարբեր գյուղերում, նոյեմբերի 28-ին «Լսարանից աշխատաշուկա» սեմինար-դասընթացի շրջանակներում կիսվեցին իրենց փորձով, անցած ուղով, դժվարություններով և ձեռքբերումներով։
Մարիամ Մարիկյանը համալսարանն ավարտելուց հետո որոշել է ուսումը շարունակել արտերկրում, հայտադիմում է ուղարկել արտասահմանյան երկու համասլարաններ, երկուսից էլ դրական պատասխան ստացել, բայց ինչ-ինչ պատճառներով չի գնացել։ Դիմել է «Դասավանդի՛ր, Հայստան»-ին և մնացել Հայաստանում, «Ես միշտ ասում եմ, որ մենք դպրոցում ուսուցիչների շնորհիվ կա՛մ ոգևորվում ենք, կա՛մ կոտրվում։ Ես երկրորդ խմբին էի պատկանում, կոտրվել էի, հիասթփվել կրթությունից, մարդկանցից, առհասարակ գյուղից։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գաղափարը մոտիվացրեց ինձ և հասկացրեց, որ հերիք է այդքան բողոքեմ, պետք է մի բան անել։ Միշտ ցանկացել եմ աշխատել ոչ կրթական ոլորտում, խուսափել եմ այդ ոլորտում գործունեություն ծավալելուց, բայց ինչպես ասում են, ինչից փախչում ես, գլխիդ է գալիս։ Ինքս դարձա ուսուցիչ, այն ուսուցիչը, որին ես կցանկանայի տեսնել»,- պատմեց Մարիամը։
Քնարան ավարտել է Հայ – ռուսական սլավոնական համալսարանի «Մշակութային սերվիզ և տուրիզմ» բաժինը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրերի շրջանակում գործուղվել է Լոռու մարզ՝ որպես ռուսաց լեզվի ուսուցիչ․ «Տուրիզմի ոլորտում աշխատելու ընթացքում շրջում էի Հայաստանով և տեսնում մեծ տարբերությունը գյուղի և քաղաքի միջև հատկապես կրթական ոլորտում։ Բոլոր ռեսուրսները կարծես կենտրոնացված են Երևանում։ Այս ծրագրին դիմելու հիմնական դրդապատճառը դա էր․ ես ցանկանում էի որոշակի փոփոխություններ մտցնել այդ գյուղերի կրթական ոլորտում և իմ ներդրումն ունենալ այդտեղ»։
Ի դեպ, Քնարան և Մարիամը միասին հիմնդրել են «Զարդենի» սթարթափը, որը զբաղվում է ուտելի բույսերի մշակմամբ և արտադրությամբ։
Շրջանավարտներ Նարեկ Արզումանյանի և Մանուկ Խաչատրյանի համար մարտահրավերներից մեկն այն էր, որ իրենք ոգևշնչված գնում էին մի գյուղ, որտեղ իրենց չէին ճանաչում․ «Մարդկանց մոտ հարց էր առաջանում՝ ի՞նչի ես եկել։ Հիշում եմ ՝ գյուղի կանանցից մեկն անգամ խղճալով ասում էր՝ վայ, տղա ջան, քաղաքում գործ չես գտել, ինչ վատ վիճակում ես։ Երկրորդ մարտահրավերն այն էր, որ համայնքի համար անսովոր էր տղա ուսուցիչը, այն էլ քաղաքից եկած։ Սակայն ընթացում գրավում ես աշակերտների սրտերը, և այդպես նրանք հարմարվում են քեզ,- ասում է Նարեկը։
Սեմինար-դասընթացի մասնակիցներից շատերը ևս ասում էին, որ իրենց նպատակն էլ է համալսարանն ավարտելուց հետո գյուղ մեկնելը և այնտեղի երեխաներին դասավանդելը, քանի որ կարևորում են կրթության դերը հայրենիքի կայացման գործում։
«Լսարանից աշխատաշուկա» ծրագրի հաջորդ հատվածում մասնագետները սովորեցրին՝ ինչպես պատրաստվել գործատուի հետ առաջին շփմանը, ինչպես ճիշտ ներկայանալ նրան, ինչպես համապատասխան ռեզյումե կամ CV պատրաստել։
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Սոնա Ղուկասյանը ներկայացրեց այն կետերը, որոնք անհրաժեշտ են գրագետ ինքնակենսագրական ունենալու համար․ «CV-ն մատնանշում է ակադեմիական հմտությունները և կիրառվում է ակադեմիական հաստիքների դիմելիս։ Ռյեզումեն մատնանշում է քո հմտությունները և կիրառվում է արդյունաբերական, շահույթ չհետապնդող, կոնկրետ աշխատանքի դիմելիս։
Առցանց եղանակով աշխատանքի դիմելիս շատ կարևոր է առարկա դաշտը բաց չթողնել․ պետք է պարտադիր նշել այն հաստիքի անունը, որի համար դիմում եք։ Ուղարկված ֆայլը՝ ռեզյումեն, չպետք է ուղարկել անանուն, այլ նշել ռեզյումե և ձեր անուն- ազգանունը։
Աշխատանքի դիմելիս ցանկալի է չդիմել mail.ru հասցեից, այլ դիմել gmail-ով»։
Այնուհետև ուսանողներին առաջարկեցին խմբային աշխատանք, որի ընթացքում նրանց բաժանեցին ռեզյումենրի օրինակներ, իսկ ուսանողները առանձնացրին դրանց ճիշտ և սխալ տարբերակները։
Խմբային աշատանքի ընթացքում Սոնան մի ուսանողի հետ դերային խաղի միջոցով բացատրեց, թե ինչպես զրուցել գործատուի հետ, փոխադարձ ինչ հարցեր ուղղել նրան, որպեսզի հարցազրույցը հաջող ստացվի։
Դասընթացի վերջում ուսանողներին հանձնեցին վկայականներ, և «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հավաքագրման բաժնի ղեկավար Սամվել Վանյանն ավելացրեց, որ բոլորին սպասում են իրենց մոտ, և որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրն ունի շատերիս կարիքը։
Ալյոնա Մուժիկյան
2-րդ կուրս