«Սթրեսի ամենաբարդ փուլը հետպատերազմյանն է». հոգեբան Գեղեցիկ Եսայան

«Սթրեսի ամենաբարդ փուլը հետպատերազմյանն է». հոգեբան Գեղեցիկ Եսայան

798

2020 թվականը մարդկության ու հատկապես Հայաստանի համար ողբերգական էր։ Անկանխատեսելի, մահաբեր վիրուսին զուգահեռ վրա հասավ պատերազմը, որը, ցավոք, այնպիսի ելք ունեցավ, որն էլ ավելի ընկճեց հասարակությանը։

Պատերազմի պատճառած հոգեբանական ազդեցության և հաղթահարման մասին կզրուցենք հոգեբան Գեղեցիկ Եսայանի հետ։

-Նախ պարզաբանեք, թե ի՞նչ է սթրեսը և ի՞նչ ազդեցություն է այն թողնում նյարդային համակարգի վրա:

-Սթրես ասելով հասկանում ենք օրգանիզմի վրա ուժեղ, բացասական ազդեցություն ունեցող գործոնը կամ գործոնները։ Այդպիսիք են շրջակա միջավայրի որոշ վնասակար գործոններ` աղմուկը, բարձր կամ ցածր ջերմաստիճանը, գերհոգնածությունը, ժամանակի սղությունը և այլն։ Սթրեսները առօրյա կյանքի անբաժան մասն են կազմում։ Որոշ սթրեսորներ այնքան ուժգին են լինում, որ անձը բավականաչափ ռեսուրս ու էներգիա է ծախսում վերականգնվելու համար։ Սթրեսին տրվող արձագանքը առանձնահատուկ բնույթ է կրում յուրաքանչյուրի մոտ՝ կախված իր հոգեկան առանձնահատկություններից։

-Արդյո՞ք սթրեսը քայքայիչ ազդեցություն ունի օրգանիզմի համար:

-Սթրեսը ընթանում է երեք փուլով։ Առաջին փուլը տագնապի փուլն է, որը ուղեկցվում է անհանգստությամբ, առկա խնդրի հանդեպ վախով, այն կարող է տևել մի քանի րոպե, մի քանի ժամ, կամ գուցե օրեր՝ կախված անհատի ռեակցիայից։ Երկրորդ փուլը հարմարման կամ դիմադրության փուլն է։ Այս փուլի ժամանակ օրգանիզմը ակտիվ դիմադրում է արտաքին բացասական ազդեցություններին, փնտրում է լուծում։ Եթե անձը վշտի մեջ է գտնվում, այս փուլում նրա մոտ առկա է անտարբերություն, որոշում կայացնելու անկարողություն։ Երրորդ փուլը սպառման փուլն է։ Այս փուլում սպառված են լինում օրգանիզմի էներգետիկ ռեսուրսները, մարդը հոգնածություն է զգում, ախորժակի կորուստ է նկատվում, անքնություն, կարող է հանգեցնել մարմնական և հոգեկան տեղաշարժերի, հիվանդությունների։ Վերջին  երկու փուլերը կապված են սթրեսների ուժգնության և երկարատև ազդեցության հետ. հայտնի են որպես երկարատև փուլեր։ Մի փուլի անցման տևողությունը մյուսին կախված է օրգանիզմի դիմադրողականությունից և սթրեսների ազդման ուժից, ինտենսիվությունից, տևողականությունից և այլն։

-Մեր ազգաբնակչությունը հետպատերազմյան սթրեսի մեջ է, բայց առավել բարդ վիճակում են գտնվում զինվորները, նրանց հարազատները. ի՞նչ մեթոդներով կարելի է աշխատել զինվորների հետ:

-Պատերազմի դեպքում ամբողջ ազգն էր գտնվում սթրեսի մեջ։ Ավարտից հետո, երբ արդեն լրանում է մեկ տարին, այն, կարծես,  անցյալի կրկնություն բերի իր հետ, հիշողությունները դեռ թարմ են, կորուստների հետ հաշտված չենք, ու դա ավելի է սրում մեր ապրումները։ Հոգեկանը, որպես այդպիսին, կոմպենսացնում է իր հնարավորությունները, և նմանատիպ իրադարձությունների ժամանակ այն նույն ուժգնությամբ չի արձագանքում, ինչ անցյալում։

Արտակարգ իրավիճակներում, ինչպիսինն է պատերազմը, ավելի ծանր ազդեցություն է թողնում հատկապես այն մարդկանց վրա, ովքեր ականատես են եղել, մասնակցել են ռազմական գործողություններին։ Այդ ժամանակ և՛ ժամանակն է քիչ որոշումներ ընդունելու համար, և՛ ինֆորմացիայի քանակն է պակաս, կամ ընդհակառակը՝ այնքան հակասող ինֆորմացիա կա, որ դա ևս սթրեսի պատճառ է հանդիսանում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր շատ շուտ խուճապի են մատնվում։ Ամենաբարդ փուլը թերևս հետպատերազմյանն է, որի ժամանակ առաջնային խնդիր է դառնում մարդկանց՝ հատկապես մասնակիցների հոգեապրումները։

-Զինվորները ռազմաճակատում ականատես են եղել իրենց զինակից ընկերների մահվանը կամ վիրավորումներ ստանալուն։ Նրանք ստացել են խորը հոգեբանական տրավմաներ։ Ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի հաղթահարվեն այդ տրավմաները։

-Տրավմատիկ իրադարձությունները մեծ թիվ են կազմում։ Ովքեր ականատես են եղել, բավականին խորը հոգեբանական սթրեսի են ենթարկվել։ Սկզբնական շրջանում նրանք շոկի մեջ էին գտնվում, իրականությունը բավականին աղճատված էր նրանց մոտ, դեռ գտնվում էին պատերազմի դաշտում, չէին համակերպվում իրենց ընկերների կորստի հետ, ամեն կերպ մերժում էին տեղի ունեցածը։ Մեծ մասը մերժում էր թե՛ մտերիմների և թե՛ մասնագետների օգնությունը։ Կարիք ունեին ավելի շատ միայնակ մնալու, վերլուծելու և հասկանալու իրողությունները։ Նման դեպքերում շատ կարևոր է, որ ավելորդ ճնշման չենթարկենք մարդուն, չստիպենք, որ ինչ որ բաներ պատմի. մենք դրանով անընդհատ ստիպում ենք, որ վերապրի անցյալում տեղի ունեցածը։ Որոշ ժամանակ անց անձը ինքը կզրուցի, կպատմի, կկիսվի, և մենք պետք է հնարավորինս ոչ թե խղճանք, այլ փորձենք ապրումակցել, բերել նրան ներկա իրականություն, օգնել ինչ որ հարցով, եթե դիմել է։ Հարազատների, մտերիմ մարդկանց կարիքը այս շրջանում շատ կարևոր է, որպեսզի հոգեպես անձը միայնակ չզգա իրեն, փորձի վերագտնել իրեն այստեղ և հիմա։ Այլ է պատկերը այն տղաների մոտ, ովքեր շարունակում են ծառայությունը պատերազմից հետո։ Նրանք բոլորն անցել են այդ ամենի միջով և ավելի լավ են հասկանում միմյանց։ Հենց իրենք են մեկը մյուսի համար հանդիսանում այն հենարանը, որով պետք է «ապաքինվեն»։ Սթրեսի հաղթահարումը կախված է միայն ու միայն անձից և իր կողմից տրվող հակազդումներից։ Ինչքան մեծ է վերլուծելու կարողությունը, սթափ դատելու ունակությունը, վերաբերմունքը,  ապագայի հանդեպ լավատեսությունը, այնքան շուտ ոտքի կկանգնի։ Թե որքան ժամանակում անձը կհաղթահարի ու կվերագտնի իրեն, կախված է միայն իր հնարավորությունների սահմաններից։ Սթրեսը այն չէ, ինչ կատարվել է մեզ հետ, այլ մեր վերաբերմունքն է դրա նկատմամբ։

Լուսինե Հենրիկի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել