Հանրային ռադիոյում նրան անվանում են Պիեռ Ռիշար. ակնարկ դասից հետո

Հանրային ռադիոյում նրան անվանում են Պիեռ Ռիշար. ակնարկ դասից հետո

1021

21 տարի ռադիոյում աշխատող Արմինե Գևորգյանը ռադիոյով ազդարարեց թե՛ պատերազմի սկիզբը, թե՛ պատերազմի ավարտը: Սրանք այն լուրերն են եղել, որոնք երբեք չէր ուզենա հաղորդել ու հաղորդակից լինել:

Նոյեմբերի 9-ի գիշերվա հերթափոխին աշխատում էր Արմինե Գևորգյանը: Հենց այդ գիշեր էլ կնքվում է հայ-ադրբեջանական համաձայնագիրը: Պատմում է, որ հենց եթերի ժամանակ էլ տեսնում է, որ վարչապետը հրապարակում է արել, ու հենց այդ պահին էլ կարդում է համաձայնագիրը, որի համաձայն` Արցախի մի մեծ հատվածը մաս-մաս պետք է հանձնվեր Ադրբեջանին: Այն Արցախը, որտեղ նա շատ անգամ է եղել, էներգիա հավաքելու համար է վազել, իսկ այդ գիշերվա իր կարդացածը նույն բանը կրկնելու հնարավորությունը հավասարեցրեց զրոյի:

Գիշերվա ժամը 4-ի եթերին նորից նույն համաձայնագիրը կարդալու համար իրենից մեծ ջանքեր են պահանջվել:

Այս ամենի մասին պատմել է հենց ինքը` Արմինե Գևորգյանը, Հանրային ռադիոյում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներին տված ռադիովարպետության հնգօրյա դասերի շրջանակում:

«Շատ ակտիվ ու աշխույժ դաս եք ունենալու, երեխեք ջան»,- Լուսինե Վասիլյանը, որը հնգօրյա դասերի կազմակերպիչներից էր,  մինչև կհրավիրեր Արմինեին սենյակ, մեզ այսպես ներկայացրեց նրա հետ անցկացնելիք դասը:

Ռադիովարպետության հնգօրյա դասերի վերջին օրվա  բանախոսը փորձառու լրագրող էր, որը կիսվեց իր լրագրողական կյանքի մի փոքր հատվածով, պատմեց իր աշխատանքի ընթացքում հանդիպած դժվարությունների մասին։ Պատմածից զատ զարմանալին այն էր, որ այդ փորձությունների մասին առանց ժպիտի չէր խոսում, ասես պատմում էր կյանքի լավագույն հուշերի մասին:

Զգացմունքների տարափ կար հանդիպման ժամանակ, հանդիպում, երբ մի դեպքի մասին լսելիս հպարտանում ես, մյուսը լսելիս`լիաթոք ծիծաղում, իսկ հաջորդին հուզմունքը խեղդում է քեզ: Իրարից տարբեր այս հույզերը խոսում են այն մասին, որ 21 տարվա լրագրողի հետ, ինչպես նա ինքն ասաց՝ «ինչեր ասես, որ չեն եղել»:

Մեկ ամիս շարունակ ապրիլյան դեպքերի ժամանակ ապրել է Հադրությում, իշխանափոխության ժամանակ` ուղիղ եթերի պահին, պայթուցիկը պայթել է իր ոտքերի տակ, և անգամ կոշիկն է կորցրել, երբ փորձել է քայլարշավի ժամանակ վարչապետ Փաշինյանին ուղղել իր մի քանի հարցերը:

Կատարված այս դեպքերի մասին հիշում է ժպիտով ու ծիծաղով, պատմելիս էլ այնպես է ներկայացնում, թվում է` այդ պահին դու էլ ես եղել դեպքի վայրում:

Գյումրիում տեղի ունեցածի մասին Գյումրվա բարբառով, Արցախում կատարված դեպքերի մասին Արցախի բարբառով, իսկ հուլիսյան դեպքերի մասին տավուշեցուն հատուկ բառ ու բանով է պատմում:

Ժպիտից հուզմունք, հուզմունքից էլ զարմանք. լրագրողին մի քանի վայրկայն էր հարկավոր այս անցումներն ապահովելու համար:

Պատմեց նաև այն մասին, թե ինչ զգաց, երբ համաձայնագրի կնքումից հետո գնաց Արցախ: Տեսավ վառվող տներ, տարհանվածների՝ ծայրը չերևացող ուղի, որն ինքը նմանեցրել էր Դերզորի ճանապարհին, մարդկանց արցունքոտ աչքեր, որոնց մեջ ոչ միայն նորից վերադառնալու հույս, այլև հաստատուն կամք կար: Հույս կար նաև իր հոգում, և ուզում էր, որ այդ հույսը հաստատեին արցախցիները. այդ էր պատճառը, որ Ստեփանակերտում ամբողջովին փոսն ընկած շենքի բնակչին երեք անգամ հարցրել է` նորից վերադառնալու՞ են։ Արցախցին երեք անգամն էլ պատասխանել է`«քինալ տիմ չէ», բայց արդեն երրորդ անգամ՝ մեծ զայրույթով ու բարկությամբ:

Հետաքրքիր է, որ արցախցիների խոսքի կոպիտ ձևն ու չորությունը Արմինեն անվանեց յուրահատկություն:

Նկատեցի, որ Արցախի մասին խոսելիս կարոտ կար աչքերում, հետո զգացածս հաստատվեց. «Ամեն անգամ, երբ Արցախից հետ եմ գալիս, ինձ թվում է՝ իմ երեխային եմ այնտեղ թողնում, կամ անօգնական ինչ-որ մեկին»։ Հորդորեց, որ հաճախ գնանք Արցախ, որովհետև այնտեղ ապրողները մարդկանց կարիք ունեն, և նրանք էլ են կարոտում նախկինում  այնքան շատ հանդիպող նոր դեմքերին:

 Շատ զգացմունքային լրագրող է, դրանում համոզվեցի դասի ժամանակ, բայց ամեն անգամ Եռաբլուրից ռեպորտաժ պատրաստելիս իր զգացմունքայնությունը դնում է մի կողմ, իսկ զոհված տղաների մասին խոսելը չի քննարկվում. ինչ էլ լինի, ժամանակ պիտի գտնի նրանց համար:

Աշխատելու բանաձևը այսպիսին է նրա համար. բարդ աշխատանքին նայում է սիրով, և այն դառնում է ամենահեշտն ու դուրեկանը:

Դասախոսությունն ակնթարթորեն հասավ իր ավարտին. չնկատեցի` ինչպես անցավ դասը, բայց նորից լսելու ցանկություն կար: Այնքան տպավորիչ պատմեց իր լրագրողական կյանքի մի պատառիկի մասին, որ երբ ֆակուլտետի դեկանը և ռադիոյի գործադիր տնօրենը ներս մտան` հնգօրյա դասերն ամփոփելու, մի պահ ցանկացա, որ նրանք նորից հետ գնային, և Արմինեն շարունակեր պատմել «ինչեր ասես, որ չի եղել ինձ հետ»-ի մասին `անընդհատ ու ժպիտով:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել