Ավետ Բարսեղյանը ԵՊՀ-ում՝ գրելու մասին

Ավետ Բարսեղյանը ԵՊՀ-ում՝ գրելու մասին

498

Դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում համալսարանականները հանդիպեցին բանաստեղծ, հաղորդավար Ավետ Բարսեղյանին:

Տարբեր Ֆակուլտետներից հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ բացահայտելու գրելու արվեստը: Կազմակերպիչների հետ զրույցում Ավետը հատուկ նշել էր, որ շատ է ցանկանում այդ օրը ներկաների մեջ տեսնել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին:

Ողջունելով հավաքվածներին՝ Ավետն ասաց. «Բարի օր, լուսավո՛ր ուղեղներ, թիվ մեկ բանը, որ պետք է հիշեք այս կյանքում, սա է․ բոլորի կողմից սիրված լինելը հիմարություն է»:  

Հավաքվածներն ուղղեցին իրենց հարցերը: Ի պատասխան ուսանողներից մեկի հարցի, թե ինչը դրդեց, որ սկսի գրել, և ինչպես հասկացավ, որ պետք է սկսի ստեղծագործել, Ավետն ասաց. «Պրոցես է, առաջինը կապ չունի, մեջտեղինը կամ 380-րդը կապ չունի, կապ ունի, որ ինչ-որ պահից սկսած՝ դու հասկանում ես, որ կարողանում ես տեղավորվել երաժշտության մեջ, կարողանում ես գրել այնպիսի բանաստեղծություն, որն իր մեջ երաժշտություն ունի ու կարող է դառնալ երգ, այսինքն խնդիրը առաջինի, երկրորդի, երրորդի մեջ չէ, ընթացք կա, երբ դու հասկանում ես, որ ստացվում է հուզել դիմացինին։ Սկսել եմ շատ վաղ՝ 17 տարեկանից, ինչ-որ երգից, որը միանգամից հաջողեց, որովհետև պատվիրատուն կամ կոմպոզիտորը շատ գոհ էին միանգամից։ Ունեմ լսողություն, կարողացա ճիշտ տեղավորվել երաժշտության մեջ»:

Մեկ ուրիշ ուսանող էլ հարցրեց, թե արդյոք եղել է միտք՝ այլևս չստեղծագործելու: Ավետն ասաց. «Եղել են դադարներ։ Հայկոյի մահից հետո շատ դժվար եմ գրում, ստիպում են ինձ նստել ու գրել»:

Ուսանողները հնչեցրեցին տարաբնույթ հարցեր՝ ստեղծագործականից մինչև անձնական կյանք: Հարցերը տալուց հետո ստեղծագործող ուսանողները կարդացին իրենց գործերը:

Վերջում Ավետն իր ինքնագիրը փոխանցեց մասնակիցներին։ Իսկ մեզ հետ զրույցում ասաց. «Ամեն անգամ ինձ այս հանդիպումներն ավելի շատ են պետք, քան երիտասարդներին, որոնք հավաքվում են որևէ լսարանում, որովհետև ասելով, բարձրաձայնելով ես կարծրանում եմ որոշ թեզերի կամ բանաձևերի մեջ կամ սխալվում եմ ու նոր բանաձև եմ փորձում գտնել: Բնականաբար երկկողմանի է, ինչքան նրանք  են ստացել, տասնապատիկ ավելին ես եմ տանում այս լսարանից ձմռան առաջին օրով: Հիմնականում տանում եմ խելացի աչքեր ու հասկանում եմ, որ նրանք էլ են կարծրատիպեր ջարդող։ Մի քանի հոգու դեպքում նկատեցի, որ նրանց դուր է գալիս լսել ու հետագայում օգտագործել կարծրատիպ քանդելու յուրաքանչյուր գործընթաց, որն օգնելու է ավելի ազատ շնչել»:

Ռուբինա Բրուտյան

2-րդ կուրս

Կիսվել