Դեկտեմբերի 8-10-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում տեղի ունեցավ մոբայլ լրագրության դասընթաց։ Դասընթացը վարում էր մուլտիմեդիա վիդեո պրոդյուսեր, խմբագիր, լրագրող Հարություն Մանսուրյանը։ Մասնակիցների շրջանակը լայն էր՝ պատմաբաններ, կենսաբաններ և ուղղակի լրագրությամբ հետաքրքրվողներ։ Առաջին օրվա ընթացքում մասնակիցները թեստի միջոցով սովորեցին, թե ինչ է մոբայլ լրագրությունը։ «Լրագրողական պատմություն․ սա է մոբայլ լրագրության առանցքը։ Կարևոր են նաև դինամիկ վիդեոն, մոնտաժի ձայնը։ Եթե ձայնը փչացնեք, դեռ ինչ-որ կերպ կկարողանանք փրկել վիդեոն, իսկ եթե կադրն եք փչացրել, հետդարձի ճանապարհ չկա»,- նշեց Հարություն Մանսուրյանը։ Հանձնարարվեց 30 վայրկյանանոց հոլովակներ պատրաստել դիմացի նստածի մասին։ Մասնակիցների մեծ մասը իրար չէր ճանաչում, և սա առիթ եղավ, որ ավելի մոտիկից շփվեն։
Սոնան և Անահիտը միասին պիտի աշխատեին։ «Սառույցը հեշտ կոտրվեց․ երկուսս էլ սիրում ենք լրագրությունը, չէինք կարող լեզու չգտնել,- պատմում է Անահիտը։ -Ինձ Սոնայի ազգանունը գրավեց․ ամեն օր չէ, որ Խլոպուզյան ազգանունով մարդ կհանդիպես»։ Սոնայի ազգանունը ինձ էլ հետաքրքրեց։ Որոշեցի պարզել, թե ինչ է նշանակում։ «Ձնծաղիկ է նշանակում»,- ժպիտով պատասխանեց Սոնան։
Օրվա վերջում մասնակիցները ստացան ևս մեկ հանձնարարություն՝ պատմել Երևանի տրանսպորտի որևէ խնդիր մասին կադրերի միջոցով։ Մասնակիցներին տրամադրվեցին միկրոֆոններ։ Մեկը որոշեց մետրոյի մասին գրել, մյուսը ՝ հաշվիչներով ավտոբուսների։ Այսպես ավարտվեց առաջին օրը։
Երկրորդ օրը մասնակիցները կենտրոնում ընդամենը մի քանի ժամ անցկացրին․ դասընթացավարը շեշտը դրել էր գործնական աշխատանքների վրա։ «Երկրորդ օրը, առաջին օրվա հետ համամետած, ավելի թեթև էր․ բոլորով գնացինք նկարահանումների»,- նշեց կենսաբան Բելլան, որի նկարած 30 վայրկյանանոց հոլովակը բանախոսի ֆավորիտն էր։
Երրորդ օրը մոնտաժին էր նվիրված․ մասնակիցները պետք է նախորդ օրվա նկարածը կտրեին և բերեին հետագա մոնտաժի, բայց օրն առանց խնդիրների չանցավ։ Սոնայի միկրոֆոնը թույլ էր, ձայնը լավ չէր ստացվել, և նա որոշեց նորից նկարել։ «Ինձ հետ մի քանի մասնակից ևս խնդիր ունեցան, նորից նկարեցին»,- պատմում է։
Ի վերջո հոլովակները պատրաստ էին։ Սոնան շատ էր անհանգստանում, բայց ամեն ինչ լավ անցավ․ «Ընդհանրապես փորձ չունեի, դասընթացի միջոցով կարողացա այնքան լավացնել կարողություններս, որ շատերը հավանեցին»։
Դասընթացն ավարտվեց դեկտեմբերի 10-ին։ Մասնակիցները խոստացան օգտագործել ստացված գիտելիքները իրենց արտադրած բովանդակության որակը բարելավելու համար։
Անի Հովհաննիսյան
2-րդ կուրս