Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում աղբահանության խնդիր կա, գյուղի կենտրոնով հոսող գետը կարծես այլ բանի համար է ծառայում գյուղացիներին: Չնայած նրան, որ աղբատար մեքենան շաբաթական մեկ անգամ շրջում է գյուղում և հավաքում ամբողջ աղբը, միևնույնն է, գյուղացիների մեծամասնությունը աղբը նետում է գետը: Տեղացիներից շատերը բողոքում են նման պահվածքի համար, իսկ մյուս մասը պատճառաբանում է, թե աղտահանման մեքենան ուշ-ուշ է գալիս, կամ ասում են, որ գետը նետելը ավելի հարմար միջոց է:
Ամալյա Գրիգորյանը նշում է, որ չնայած իրենց տունը հեռու է գետի տարածքից, և աղբը երբեք գետը չի նետել, պարզապես այդ տարածքով անցնելիս զգացվում է գետի տհաճ հոտը:
Այս հարցի շուրջ խոսեցինք նաև բնակավայրի վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանի հետ, ով նշեց, որ խոշորացված համայնքները բաղկացած են 32 բնակավայրերից, ոչ բոլորն են ընդգրկված աղբահանության ծրագրում: Սիսիանի կոմունալ ծառայությունը չունի բավարար քանակությամբ աղբատար մեքենաներ և անբավարար տեխնիկայի պատճառով չկա հնարավորություն շաբաթական մի քանի անգամ աղբահանություն կազմակերպել։
Մեր այն, հարցին, թե արդյոք աղբահանման մեքենայից բացի հնարավոր չէ գյուղի բոլոր փողոցներում տեղադրել մեծ աղբամաններ, Հարությունյանը պատասխանեց, որ աղբամանների տեղադրման համար առաջին խոչընդոտող պայմանը՝ չունեն համապատասխան սարքավորումներով աղբատար մեքենաներ, որպեսզի համապատասխան ձևով դատարկեն աղբը աղբատար մեքենաների մեջ: Աղբաթափությունը կատարվում է ձեռքով, բացի այդ, կան թափառող շներ, որոնց վերացումը ըստ օրենքի արգելված է, և կարող են տարածքի աղտոտման միջոց հանդիսանալ, միաժամանակ նաև վտանգ ներկայացնեն խաղաղ բնակչության համար:
Իսկ գետը մաքրելու մասին վարչական ղեկավարը նշեց, որ այս տարի փորձնական կատարվել են մաքրման աշխատանքներ որոշ հատվածներում, սակայն կրկին զգացվել է տեխնիկայի պակաաս աշխատանքը ավարտին հասցնելու համար, և նորից բնակչության կողմից կրկնվել է նույն վարքագիծը աղբակույտերի գոյացմամբ:
Վերջում Անդրանիկ Հարությունյանը հավելեց, որ կառավարության կողմից կա ընդունված որոշում՝ չնախատեսված վայրերում աղբ լցնելու համար սահմանել տուգանք, որը այսօր անվերահսկելի է, և քանի որ չի կիրառվում այդ օրենքը ոչ մի տեղ, բնակչությունը, օգտվելով առիթից, կատարում է շրջակայքի աղտոտում
Սեդա Շահնազարյան
2-րդ կուրս