«Օդում կախված» շենքը կստանա իր լուծումը

«Օդում կախված» շենքը կստանա իր լուծումը

691

Արշակունյաց 39/9 հասցեում գտնվող գործարանը  շուրջ 11 տարի է ինչ դարձել է բնակելի և մինչև օրս շենքը ոչ մի պետական կառույցի չի պատկանում, սակայն բնակիչների խոսքով, նրանք տարիներ շարունակ պարտաճանաչ կերպով կատարում են շենքին հասանելի վճարումները։

«Արդեն 11 տարի է գումար ենք վճարում, բայց ապարդյուն, լույսերը  փչանում են, մենք ենք գումար հավաքում նորոգում, վերելակը փչանում է, ստիպված ենք լինում ոտքով բարձրանալ մինչև գումար կհավաքենք և կկարողանանք համապատասխան մասնագետ կանչել, որպեսզի նորոգի, երբ նմանատիպ խնդիրներով դիմում ենք քաղաքապետարանին կամ համատիրությանը, ասում են՝ մեր գործը չի, շենքը մեզ չի պատկանում»,-դժգոհում է Արշակունյաց 39/9 շենքի բնակիչներից մեկը, ով, ստեղծված անհասկանալի իրավիճակից ելնելով, ամեն անգամ ահազանգում է տարբեր պետական կառույցների՝ խնդիրները լուծելու նպատակով, սակայն ապարդյուն։ Դրանից ելնելով՝ այսուհետ հրաժարվում է կատարել շենքին  համապատասխան վճարումները։

«Կատարում եմ վճարումները, գումար եմ տալիս, բայց դրա դիմաց ոչինչ չեմ ստանում, հիմա էլ ի՞նչի համար վճարումներ կատարեմ»։

Բնակիչների հետ զրույցում պարզեցինք, որ երկար ժամանակ է իրականացրել են ստորագրահավաք, սակայն քաղաքապետարանը ոչ մի ընթացք չի տալիս այդ խնդրին,  ցանկություն չի հայտնում անդրադառնալ և ամեն անգամ որևէ պատրվակով մեժում է բնակիչների հորդորը, որ շենքը պատկանի քաղաքապետարանին, այլ նշում է, որ շենքը առաջին հերթին պետք է լիազորություններ ունենա համատիրությունից։ Բնակիչները բողոքում են, որ համատիրությունը  նույնպես ժամանակ չի տրամադրում խնդիրը լուծելու համար, բայց երբ ուշացնում են ամսավճարները, կանգնում են խնդրի առջև, և այն կարող է հասնել մինչև ԴԱՀԿ։ 

Շենքի բակում չկան նաև ավտոտանակներ, որոնք ըստ պայմանագրի պետք է կառուցվեն այն պետական կառույցի կողմից, որին պատկանում է շենքը։ Նշեցին, որ ավտոմեքենաները ստիպված մի քանի շարքով են կանգնեցնում, որպեսզի առավոտյան աշխատանքի կամ դասի շտապելուց մեկը մյուսին չխանգարի, բայց երբեմն կանգնում են լուրջ խնդրի առջև։

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արշակունյաց 39/9  հասցեում գտնվող այս շենքը դարձել է մի մեծ խնդիր բնակիչների համար, սկզբում այն հանդիսացել է մասնավոր կառույց և գործել է որպես գործարան, սակայն երկար տարիներ է ըստ պայմանագրի այն պետք է պատկանի որևէ պետական կառույցի, սակայն ոչ մեկը չի ցանկանում շենքը վերցնել իր լիազորությունների ներքո։ Այսօր շենքը համարվում է «օդում կախված»։  Շենքի հետ կապված յուրաքանչյուր խնդիր՝ բակի ասֆալտապատումից մինչև խաղահրապարակի կառուցումը, իրականացվում է բնակիչների կողմից՝ ներդնելով սեփական գումարները։

Կապ հաստատելով Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ` տեղեկացանք, որ նրանք որևէ իրավասություն չունեն շենքը իրենց տիրապետության տակ վերցնելու, և պայմանագիրը, որտեղ նշվում է, որ շենքը պետք է պատկանի որևէ պետական կառույցի, դեռ չի նշանակում, որ այդ պետական կառույցը քաղաքապետարանն է։ Նրանք չեն կարող յուրացնել ժամանակին մասնավոր սեփականություն հանդիսացող կառույցը։ Դրանով պետք է զբաղվի Շենգավիթ համայնքի համատիրությունը, և քաղաքապետարանը այս հարցով միջնորդություն չի կարող ներկայացնել։

Կապ հաստատեցինք նաև Շենգավիթ համայնքի համատիրության ներքին գործերի ղեկավարի հետ, տեղեկացանք, որ շենքի հետ կապված խնդիրը ուժի մեջ է, և ընթանում են համապատասխան աշխատանքներ, քանի որ մասնավոր սեփականատեր հանդիսացող անձի կողմից պայմանագրում չկա համապատասխան ստորագրություն, այդ իսկ պատճառով խնդիրը դարձել է դժվար լուծելի։ Մոտակա ժամանակահատվաժում խնդիրը կստանա իր վերջնական լուժումը և կպատկանի պետական կառույցի՝ համատիրությանը։

Սվետլանա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել