Եվրոպայի բրոնզե մեդալով առաջին մարզիկը Մարտունու մարզադպրոցից

Եվրոպայի բրոնզե մեդալով առաջին մարզիկը Մարտունու մարզադպրոցից

569

Բռնցքամարտի մրցույթներ Հայաստանում առաջին անգամ անց են կացվել 1929 թ. և շարունակվում են մինչ օրս։ Տեխնիկական և մարտավարական առումով բռնցքամարտը համարվում է սպորտի առավել բարդ ձևերից մեկը, սակայն չնայած բարդություններին` այն բավականին տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։

Գեղարքունիքի մարզի Գետահովիտ  գյուղից բռնցքամարտիկ  Նարեկ Զախարյանը Մարտունի քաղաքում գործող մարզադպրոցի առաջին մարզիկն է, որը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է մեդալով` դառնալով Եվրոպայի բրոնզե մեդալակիր։

«Նարեկ Զախարյանը Հայաստանի, ինչպես նաև տարբեր միջազգային մրցույթներում մշտապես գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը և հաղթող ճանաչվել»,-նշում է Նարեկի  մարզիչը։

18-ամյա Նարեկը բռնցքամարտի է հաճախել դեռ մանկուց։ «Ութ տարեկանից եմ սկսել բռնցքամարտով զբաղվել։ Այն ժամանակ ընկերս էր հաճախում դասերի, և նրանից օրինակ վերցնելով՝ ինքս էլ եկա։ Մի քանի դասի հաճախելուց հետո ավելի շատ սկսեցի սիրել բռնցքամարտը և սկսեցի խորանալ դրա մեջ» ,- պատմում է Նարեկը։

Նրա խոսքով` բռնցքամարտի մրցույթները հեշտ չեն եղել, և բոլոր մասնակիցներն էլ եղել են բավականին պատրաստված, սակայն ինքն էլ փորձել է ռինգում հնարավորինս լավ ներկայանալ․ «Ես չէի պատկերացնում, որ այսքան հաջողությունների կհասնեմ։ Իհարկե, իրականում դրանք այդքան էլ մեծ չեն, բայց ամեն դեպքում սկսվեցին այնտեղից, երբ առաջին անգամ մասնակցեցի Հայաստանի առաջնությանը։ Այդ ժամանակ էլ հասկացա, որ ինձ ավելի լավ եմ զգում ռինգում։ Այս տարի մասնակցել եմ աշխարհի առաջնությանը և հետ վերադառնալիս, երբ ինձ հպարտությամբ էին դիմավորում, ավելի էի ոգևորվում։ Պետք է փորձեմ ամեն ինչ անել, որ հաջորդ տարի կարողանամ  Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններից մեդալներ բերել»։

2018 թ. Նարեկ Զախարյանը ոչ միայն դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, այլ նաև ճանաչվել է Հայաստանի Հանրապետության լավագույն բռնցքամարտիկներից մեկը։

Մանուշակ Մելքոնյան

2-րդ կուրս

Կիսվել