Հեռուստատեսության արդիականությունը ծնունդից մեկ դար անց․ որքանո՞վ է այն պահանջված

Հեռուստատեսության արդիականությունը ծնունդից մեկ դար անց․ որքանո՞վ է այն պահանջված

1008

«Շատ կարճ ժամանակում հեռուստատեսությունը սիրվեց հայաստանյան հասարակության կողմից, և առաջիններից մեկը, ում երևանյան բնարականում հեռուստացույց կար, Ավետիք Իսահակյանն էր։ Ժամանակակիցները մի հետաքրքիր դիպված են մտաբերում` կապված վարպետի հետ։ Մի առիթով, երբ հեռուստաէկրանին այնպիսի տեսարան է ներկայացվում, որն այնքան էլ վարպետի սրտով չի լինում, վերջինս հարազատներին ասում է, որ այս փոքրիկ արկղիկը որքան օգտակար բաներ ունի, նույնքան էլ վտանգավոր է` նկատի ունենալով հեռուստացույցը»,- այսպես սկսվեց բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վահագն Զաքարյանի զեկուցումը ԵՊՀ-ում տեղի ունեցող «Հարցեր մեդիայից և հարցրեց մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագիրն ունեցող  միջազգային գիտաժողովին։

Այսօր հիշյալ փոքրիկ արկղիկի ներկայացուցիչը` Հանրային հեռուստաընկերությունը, դառնում է 65, իսկ նրա հայրը` Հանրային ռադիոն, 95 տարեկան։ Միջազգային գիտաժողովը տեղի էր ունենում այս կապակցությամբ։ Գիտաժողովի բոլոր ելույթներն այս կամ այն կերպ առնչվում էին հեռուստատեսությանը՝ նրա տեղին, դերին ու ձևաչափներին։

Հեռուստատեսության գյուտը կատարվել է ավելի քան 100 տարի առաջ։ Քայլ առ քայլ այն զարգացել է ու բարդացել: Գունավոր հեռուստատեսության ստեղծումը կապվում է մեր հայրենակից Հովհաննես Ադամյանի անվան հետ։ Իսկ ահա արդեն 1956-ի նոյեմբերի 29-ին, ինչպես Հանրային հեռուստաընկերության կայքէջն է նշում, հաղորդավար Նարա Շլեպչյանի գեղեցիկ ձայնով տրվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը։

Սակայն հարց է առաջանում՝ իսկ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի պայմաններում որքանով են արդիական հեռուստատեսությունն ու ռադիոն․ չէ՞ որ եթե մոտ մեկ դար առաջ մարդկանց հարցնեինք, թե որքան են կարևորում իրենց կյանքում հեռուսատեսության դերը, ապա պատասխաններում կգերակշռեր ‹‹բավականին շատ›› տարբերակը։ Այսօր երիտասարդների մեծ մասը հեռուստացույց առհասարակ չի դիտում․ պատճառաբանում է, որ անհրաժեշտ ամեն բան իր գրպանում է՝ հեռախոսի մեջ։ Բայց միևույն ժամանակ մեզ համար դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց հեռուստատեսության․ նույնիսկ եթե մենք դա չենք դիտում, այն, միևնույն է, կազմում է մեզ շրջապատող կյանքի մի կարևոր մասը: Սա ևս մեկ անգամ հաստատեց կենսաթոշակառու տիկին Դիանան, որը պատմեց, որ ինքն ամեն առավոտ  սպասում է լուրերի թողարկմանը, եղանակի տեսությանը, ու առհասարակ հեռուստատեսությունն իր կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում։

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մեր երկրի բնակչության գրեթե 1/4-րդը կենսաթոշակառուներ են։ Նրանց ճնշող մեծամասնության համար արտաքին աշխարհի հետ կապող առաջին, գուցե երբեմն միակ օղակը շարունակում է մնալ հեռուստատեսությունը։

Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ ՀԿ-ի կողմից 2019 թ․ կատարված սոցիալական հարցման տվյալներն էլ փաստում են, որ հեռուստացույցը  հասարակության համար տեղեկատվության  ստացման հիմնական աղբյուրների թվում  երկրորդ տեղում է․ զիջում է համացանցին։  

Այսինքն՝ այն դեռևս շարունակում է պահպանել իր արդիականությունն ու դերը հասարակության գոնե մի բավականին ստվար զանգվածի համար։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել