Ճանաչենք մեր հերոսներին. Գարիկ Դավթյան

Ճանաչենք մեր հերոսներին. Գարիկ Դավթյան

1365

Գարիկ Ադամի Դավթյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում: Սովորում էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետում:

Գարիկ Դավթյանը կյանքով լի էր, ուներ վարակիչ ժպիտ, բոլորը սիրում էին Գարիկին։

Ուներ հավանած աղջիկ և որոշել էր բանակից վերադառնալուց հետո իր զգացմունքների մասին ասել այդ աղջկան։

2020 թվականի Հունվարի 13-ին զորակոչվել էր բանակ։ 6 ամիս ծառայել էր Լուսակերտի զորամասում, այնուհետև՝ Մարտակերտում։ Ուներ կրտսեր սերժանտի կոչում։

Սկսվեց պատերազմը, ծնողները առաջին իսկ օրից անհանգիստ էին Գարիկի համար։ Գարիկի անունն իրենց շուրթերին սպասել են նրա զանգին։ Գարիկի մայրը ասում է.

-Գարիկը ուշ-ուշ էր զանգում, բայց զանգելուց էլ միշտ ասում էր, որ ինքը լավ է և լավ է լինելու ամեն ինչ։ Հենց վերջացնի ծառայությունը, գալու է, ու մի լավ քեֆ անենք։

-Դպրոցում ոչ մի առիթ առանց Գարիկի չի նշվել, եթե եղել է ծնունդ, ապա տորթը կտրել են միայն Գարիկի ներկայությամբ: Սիրում էր յուրաքանչյուր ուրախ առիթ. էլ ինչ առիթ առանց Գարիկի։ 12 տարի նույն նստարանին ենք նստել և նույն օրն էլ զորակոչվել ենք բանակ։ Գարիկն անմահացավ, ես վիրավոր ետ եկա,-պատմում է ընկերներից Ռազմիկը, ով ևս պատերազմի մասնակից է։

Ռազմիկը ընկերոջ հետ խոսել էր սեպտեմբերի 24-ին և այլևս ոչ մի զանգ. պատերազմ էր, և երկուսն էլ գտնվում էին պատերազմի ամենաթեժ կետերում։

-Գարիկն իր տեսակով այլ մարդ էր: Հիմա տղաները ուրիշ են, իսկ նա լրիվ այլ մարդ էր. համեստ, զուսպ, սրտից շատ էր խեղճ։ Գարին շատ վաղուց չեմ տեսել և նույնիսկ երդման արարողության օրը չկարողացա ներկա գտնվել և գրկել նրան։ Էդպես էլ չկարողացանք տեսնել իրար,-պատմում է քույրը՝ Իրինան։

Հոկտեմբերի 19-ից հետո Գարիկն այլևս չի զանգել։ Մայրը օրեր շարունակ ոչինչ չի կերել և անկողնուց անգամ չի կարողացել դուրս գալ։ Հոկտեմբերի 23-ին զանգ է ստանում Գարիկ Դավթյանի հայրը, և նրան հայտնում են որդու մահվան լուրը։ Գարիկ Դավթյանի հայրը այդ լուրը լսելուց հետո հավաքում է իրեն և կնոջն ասում, որ Գարիկը զանգել է, որպեսզի կինը մի բան ուտի և ոտքի կանգնի, քանի որ դաժան օրեր էին սպասվում. տղայի մարմինը նույն օրը պետք է բերին։

Հոկտեմբեր 20-ին՝ պատերազմի 24-րդ օրը Գարիկ Դավթյանը անմահացավ։

Գարիկը ընկել է հերոսաբար: Երբ արկերը եկել են իրենց վրա, Գարիկը իր զինակից ընկերներին տարել է ապաստարան և մենակ է պահել դիրքը, վերջին ձգանը քաշելուց հետո իր վրա է ընդունել արկի պայթյունը և անմահացել։

Հայրենիքի պաշպանության համար մղված մարտերում Գարիկ Դավթյանը հետմահու ստացել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան։

Սիլվի Սիրականյան

2-րդ կուրս

Կիսվել