Իմ տուն Կապան

Իմ տուն Կապան

1939

Ես կապանցի եմ։ Կապանը քաղաք է Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնն է, ու, դե ինչպես հասկացաք՝ իմ ծննդավայրը։ Եթե օրերից մի օր պատահմամբ որոշեք թերթել իմ ֆեյբուքյան էջը, վստահ եմ՝ կասեք՝ էս աղջիկը ուրիշ տեղ չի տեսել, ուրիշ տեղ չգիտի, կամ էլ… կամ էլ ի՞նչ։ Ես սիրում եմ իմ քաղաքը, ինձ համար իմ քաղաքից գեղեցիկ ոչինչ չկա, ես էլ նախանձ մարդ չեմ, ուզում եմ՝ դուք էլ վայելեք այդ գեղեցկությունը։ Դրա համար էլ ողջ ֆեյսբուքս ողողված է Կապանի նկարներով (տեղ-տեղ իմ նկարներից էլ կան)։ Ընկերներիցս շատերին էլ խոստացել եմ հետս տանել մեր տուն՝ Կապան (թե էդքանին ոնց եմ մեր տանը տեղավորելու, ես էլ չգիտեմ, բայց դե ոչինչ, մի բան կանենք)։

Շատերը, երբ իմանում են, որ Կապանից եմ, ասում են՝ դու ամեն օր գնու՞մ ես Կապան, հաջորդ օրը հետ գալի՞ս։ Երանի չէ՞ր։ Երևանից Կապան հասնելու համար ինձնից պահանջվում է մոտավորապես 5-6 ժամ, դրա համար էլ շատ հաճախ չեմ կարողանում գնալ, միայն արձակուրդներին։ Ու էդպես կարոտով ու օրերը հաշվելով սպասում եմ հերթական անգամ Կապան գնալուն։ Կարոտն իրոք դաժան է, բայց ավելի դաժան է այն դեպքը, երբ ինչ-որ մեկին ասում եմ՝ գնում եմ Կապան, ասում են՝ բա չե՞ս վախենում։ Ես էլ հպարտ-հպարտ ասում եմ՝ ինչի՞ց վախենամ կամ ումի՞ց վախենամ, ես իմ քաղաք եմ չէ՞ գնում։

Պատերազմի օրերին շատերը Կապանից եկան Երևան, որովհետև այդ ժամանակ իրոք վտանգավոր էր։ Ես Երևանում էի. 2 բան էի ուզում՝ խաղաղություն ու Կապան գնալ։ Բոլորն ասում էին՝ հո դու չե՞ս գժվել, փոխանակ ձերոնց կանչես քեզ մոտ՝ Երևան, մի հատ էլ դու՞ ես ուզում գնալ։ Ծննդյանս գիշերը՝ հոկտեմբերի 9-ին, մերոնք չզանգեցին ու չշնորհավորեցին։ Զանգում եմ մայրիկիս ու ասում՝ մա՛մ, մոռացե՞լ եք, որ ծնունդս է։ Մայրիկս էլ շփոթված ձայնով պատասխանում է.

-Մարիա’մ, սպասի’ր, եղբայրդ դիրքերից տուն է եկել, հաց եմ դնում։

Ես չգիտեի, որ եղբայրս դիրքերում է. վերջին անգամ զինվորական համազգեստով նրան 2018 թվականին էի տեսել, երբ ավարտեց ծառայությունը։ Ինձ էլ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ պետք չեղան։

Մենք միշտ Երևան ենք եկել ինչպես հայտնի է Գորիսի ճանապարհով. այսօր այնտեղ թուրքի կամ ադրբեջանցու (ինձ համայ նույնն են երկուսն էլ) դրոշ է ծածանվում, այնտեղով այլևս ճանապարհ չկա, փակ է մեզ համար մեր իսկ ճանապարհը։ Հիմա Տաթևով են գնում-գալիս, անունն էլ դրել են այլընտրանքային ճանապարհ։ Չեմ հասկանում իմ հայրենիքում մի վայրից մյուսը գնալու համար այլընտրանքայինը ո՞րն է։ Մայրիկս ինձ պատմել է, որ իրենց հարևանները թուրքեր են եղել, ես էլ զարմացել եմ ու ասել՝ ո՞նց թե, մա՜մ։ Ես վախենում եմ, որ օրերից մի օր ես էլ կպատմեմ իմ երեխաներին, թե մեր քաղաքում թուրքեր են ապրել։ Ես այդպես էլ չհասկացա, թե այդ երբվանից սկսած ես պիտի վախենայի իմ տուն գնալուց, այդ երբվանից սկսած ես պիտի տեսնեի Ճակատեն գնալիս թուրքի դրոշ, կողքին պաստառ՝ մեծ տառերով գրված Welcome to Azerbaijan:

Կապանի ազատագրման համար իրենց արդար պայքարն են մղել Նժդեհն ու Դավիթ Բեկը։ Մինչև հիմա էլ պայքար են մղում մեր օրերի Նժդեհներն ու Դավիթները, ու մի քիչ էլ ես, որովհետև իմ տունն ու տեղը, սար ու ձորերի իմ փոքրիկ քաղաքը իմն է ու վերջ, ուրիշ ոչ ոքինը։

Մարիամ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել