Տատիկս՝ մեր սիրելի ընկեր Էլլան

Տատիկս՝ մեր սիրելի ընկեր Էլլան

756

Տատիկս դպրոցում բուժքույր էր աշխատում։ Նրան բոլորը ընկեր Էլլա էին ասում (չնայած, որ ամբողջական անունը Էլմիրա է)։

-Ընկեր Էլլա, գլուխս ցավում է, թուղթ գրեք, տվեք, գնամ տուն էլի։

-Ա՛յ տղա, բա ամեն օր մարդու գլուխ կցավա՞, վերջինն էլ գրում եմ, գնա տուն, բայց դասերդ սովորած կգաս։

-Ա տու հինչ պրոբլեմ օնիս, շատմ է սիրում քեզ,- արդեն որպես 1000 տարվա հարազատ ու բարեկամ մեր բարբառով ասում էր ավազակը (տատիկս էր փաղանքշանքով նրան այդպես դիմում) և թուղթը ձեռքին դուրս նետվում։

Տատիկս բարության մարմնավորում է։ Ակնոցի տակից բարի աչքերի ժպիտը իմ ամենասիրելի պատկերն է երբևէ։ Ամենածանր պահերին, երբ թվում է՝ ելք չկա, տատիկս շոյում է գլուխս ու ասում.

-Հավատդ երբեք չկորցնես, բա տատին կթողնի՞ դու տխրես։

Ինձ նմանեցնում են նրան, հատկապես, երբ ակնոց եմ կրում, դրսում ծանոթ-անծանոթ (չնայած Կապանս փոքր քաղաք է, ծանոթ-անծանոթ չկա, բոլորն էլ իրար բարեկամ են) ասում են՝ Էլլայի թոռն ե՞ս, տատիկիդ նման ես, նրան շատ ենք հարգում ու սիրում, ես էլ հպարտությամբ ասում եմ ՝ այո, տատիկիս ամենասիրելի թոռնիկն եմ (մնացած թոռների ականջը խուլ)։

Տատիկս աշխարհի ամենահամեղ տոլման է պատրաստում, էն որ ասում են՝ ոսկի ձեռքեր ունի, իրավ այդպես է։ Պապիկս էլ թարսի պես տոլմա չի սիրում, երբ գնում ենք տատիկիս տուն, պապիկը բոլորին առաջարկում է տոլմա ուտել, որ շուտ վերջանա, ինքը չուտի, մենք էլ դե իրար հերթ չենք տալիս տատիս պատրաստածը ուտելու համար, պապին էլ նայում է ու ասում.

-Լավ դե, նենց հավեսավք օտում, եսամ օզում օտիմ, Էլլա՛, ջիգյա՛ր, լցրու, պեր։

Տատիկս էլ իր հերթին բոլորի ափսեներն է թարմեցնում, իրեն էլ որ ասում ենք՝ դու էլ մի բան կեր, ասում է.

-Բալես, ես կերել եմ, դու բոլ-բոլ կեր։

Իմ ճանաչած ամենահյուրընկալ մարդն է տատիկս։ Նրա տունը միշտ լեփ-լեցուն է։

Այսօր տատիկիս տունը դատարկ է։ Չէ, սխալ չհասկանաք, էլի մենք գնում ենք, էլի պապիկս նստած է սեղանի գլխին, բայց նրա կողքին դրված աթոռը դատարկ է մնացել։ Տունը դատարկվել է, մեր սրտերն էլ հետը։ Տատիկիցս հետո ամեն ինչ այլ է, առանց նրա աշխարհի չափ դժվար է։ Պապիկս ու տատիկս ամենասիրով զույգն են եղել: Պապիկս ասում է՝ իմ կեսն ինձնից գնաց, մեզնից էլ տարավ մի մեծ կես, եթե ոչ ամբողջ։ Տատիկիս մասին միշտ ներկայով եմ խոսում, որովհետև իմ սրտում ամենամեծ տեղն ինքն ունի։ Ասում էր՝ բալես վստահ եմ՝ ես հպարտանալու եմ քեզնով։ Նայում եմ երկնքին ու ասում.

-Տա՛տ, հպա՞րտ ես ինձնով, տա՛տ ժպտում ես չէ՞։

Մարիամ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել