Վարպետի ուրախության պատճառները

Վարպետի ուրախության պատճառները

459

Վարպետ Վահանը ամեն առավոտ ժամը տասից  գալիս է էլեկտրական սարքերի վերանորոգման իր  արհեստանոցը և աշխատում է մինչև երեկոյան տասը։  

-Մանկուց սիրել եմ տարբեր էլեկտրական սարքերի դետալներ, էլեկտրական խաղալիքներ ուսումնասիրել, ինչը որ հոսանքի հետ էր կապված, միշտ հետաքրքրում էր ինձ։ Սկզբից ինքնուրույն սկսեցի սովորել, հետո որոշեցի ավելի մասնագիտանալ ու ընդունվեցի Փարաքարի ուսումնարանի ռադիոտեխնիկայի բաժինը։ Զգացի, որ սա ինձ համար մաքուր ու լավ գործ է, ու գնացի անհատական պարապմունքների։ Հենց նոր տեխնիկա եմ տեսնում, որը մինչ այդ չեմ ուսումնասիրել, անպայամն սկսում եմ հետաքրքրվել, որ հանկարծ մի բան չբացահայտված չմնա ինձ համար։  

Արդեն երեսուն տարի է, որ վարպետը զբաղվում է այս գործով, անընդհատ ցանկանում է նորը բացահայտել, գիտի բոլոր էլեկտրական սարքերի կառուցվածքը։ Փողը այնքան էական չէ իր համար, որքան անսարք էլեկտրական տեխնիկաների խնդրի բացահայտումը։  

-Տղաս, ով հիմա օգնում է ինձ, նույպես հետաքրքրված է այս մասնագիտությամբ։ Միասին  որոշեցինք ունենալ մեր արհեստանոցը, և արդեն երեք տարի է, ինչ այն գործում է։ Դժվարություններ լինում են, երբ անսարքությունը կապված է տվյալ սարքի դետալների հետ. դրանց  հետ աշխատելը ավելի բարդ է։ Գործում ինձ համար կարևորը անսարքության պատճառը հայտնաբերելն է, երբ գտնում եմ անսարքության պատճառը, ուրախանում եմ, որ ոչ մի խնդիր իմ ձեռքից «չի փախչում»։ Առաջին տեխնիկան, որ հենց սկզբից ես եմ հավաքել, եղել է դռան զանգը, իր մեջ կար վեց տարբեր թռչունների ձայներ։ Շատ էի ուրախացել, որ հաջողվել էր ինձ մոտ, այդ ժամանակ դեռ սիրողական էի զբաղվում, երբ նոր-նոր տեխնիկաների դետալներին էի ծանոթանում։ Հետո սկսեցի վերանորոգմամբ զբաղվել. այդքան ժամանակ չէի ունենում, որպեսզի  սկզբից հավաքեի տեխնիկան։

Շատ հազվադեպ է եղել, որ չի կարողացել վերանորոգել սարքը, բայց դա կապված է եղել որոշ դետալների բացակայության հետ։ Ասում է՝ երբեք չի հոգնում այս գործից, անգամ տանը, երբ ազատ է լինում, նորից սկսում է սարքեր նորոգել։ Հետո անկեղծանում է՝ հոգնում է որոշ հաճախորդների անպատասխանատու լինելուց։

-Հաճախորդները ասում են՝ արագ վերանորոգեք, պետք է 30 րոպեից անպայման վերցնենք սարքը, բոլոր գործերը թողնում եմ, սկսում եմ դա անել, բայց գալիս են մեկ շաբաթից,- ծիծաղում է վարպետ Վահանը,- շատ թեթև գործերը առանց գումարի եմ անում, բայց մարդիկ ստիպողաբար տալիս են գումարը. դե մարդիկ տարբեր են,- պատմում է նա։  

Վարպետ Վահանը ասում է ՝ այնքան է տարվում իր գործով, որ անգամ մոռանում է ընդմիջման մասին։ Բացի գործից, նրա համար մեծ երջանկություն են թոռնիկները։  

-Ունեմ ինը թոռնիկ, որ հավաքվում են, մի ֆուտբոլային թիմ է ձևավորվում,-կատակում է նա,- Իրենք են իմ ուրախությունը, երբ գալիս են, ասում են ՝ ասա՛, պապի՛, ի՞նչ անենք, ինչո՞վ օգնենք։ Երկու տղա թոռնիկներիս մեջ էլ կա էլեկտրականության հանդեպ սեր։ Նպատակս  է իրենց անպայման սովորեցնել այս մասնագիտությունը,- մեծ ուրախությամբ պատմում է վարպետ Վահանը։  

Տաթև Նաջարյան

3-րդ կուրս

Կիսվել