Լևոնը…

Լևոնը…

904

2020թ., հոկտեմբերի 15

Լևոնը զանգեց

«Բոլորին կփոխանցեք, որ ես լավ եմ, ամեն ինչ կարգին է, ընկերներիս կբարևեք, մի օր նորից կզանգեմ ու կիմանաք, որ հերոս տղա ունեք»:

Կապը ընդհատվեց, ընդհատվեց ընդմիշտ։ Սա Լևոնի վերջին զանգն էր։ Դեկտեմբերի 15-ին Լևոնի մահվան լուրը հասավ ծնողներին։ Նա ճիշտ էր, իր ծնողները հերոս տղա ունեն։

Լևոն Մկրտչյանը ծնվել է 2001թ. ապրիլի 29-ին մայրաքաղաք Երևանում։ Դպրոցում ուսուցիչները նրան «Բարեկիրթ Լևոն» էին անվանում։ Ապագա պատմաբանը որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետ։ Լևոնը նաև ակտիվ սպորտով էր զբաղվում։ 2020թ. Հուլիսի 15-ին զորակոչվեց բանակ՝ Հադրութի շրջանի Ջրականի զորամասում ծառայության անցնելու։ Հուլիսի 15-ը եղավ Լևոնի և իր ծնողների վերջին գրկախառնությունը։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, չարաբաստիկ պատերազմի լուրը լսելուց հետո, Լևոնի մայրը անմիջապես զանգահարում է որդուն։ Մոր հարցին, թե ի՞նչով է նա զբաղված, Լևոնը պատասխանում է, թե հերթական, զորավարժություններն են, անհանգստանալու բան չկա, սակայն մայրը լսելով որդու ձայնի հևոցները, հասկանում է, որ շտապում են դիրքեր։

Ծնողները հույսով սպասում էին պատերազմի ավարտի լուրին, Լևոնն էլ նրանց միշտ հույս էր տալիս, թե ամեն ինչ լավ է ավարտվելու, և հաղթանակը մերն է լինելու։ Փոխադարձ քաջալերումները շարունակվեցին մինչև հոկտեմբերի 15-ը՝ Լևոնի զոհվելու օրը։

Տասնհինգը ցավոտ է, ցավոտ է դրա խորհրդանիշը. հուլիսի տասնհինգից մինչև հոտկեմբերի տասնհինգ։

Լևոնը մարտնչել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Վարանդա։ Լևոնի զինակից ընկերները պատմում են, որ 3 օր շարունակ 5 զինվորներով մի բլուր, մի դիրք են պահել։ Ասում են, որ Լևոնը աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ, ամեն անգամ, երբ կրակը դադարել է, առաջինը Լևոնն է գլուխը բարձրացրել, որ իրավիճակը տեսնի։

Լևոն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։ Իր դպրոցում անվանական եղևնիներ են տնկվել՝ ի պատիվ հերոսի։

Մեր հերոսներն անմահ են, հավերժ փառք բոլորին։

Մարիամ Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել