Քննություններից մինչև դասղեկի կերպար. Միշել Ղայթանջյանը ` հայկական ՏիկՏոկ հարթակի և իր...

Քննություններից մինչև դասղեկի կերպար. Միշել Ղայթանջյանը ` հայկական ՏիկՏոկ հարթակի և իր հոլովակների մասին

959

Վերջին շրջանում Տիկ Տոկի հայկական տիրույթը քննարկելն այլևս չի ավարտվում միայն ցածրորակ բովանդակության (հայհոյախառն արտահայտություններ, ոչ ուսուցողական հոլովակներ, հոգեբանական ու ֆիզիկական բռնության քարոզող տեսարաններ) առկայությունը փաստելով։ Այս ամենի տարածումը կանխելու նպատակով մի շարք հայ բլոգերներ հանդես են գալիս ՏիկՏոկում իրենց ստեղծած որակյալ հոլովակներով։

Journalist.am-ի հետ զրույցում բլոգեր Միշել Ղայթանջյանը խոսել է հայկական ՏիկՏոկ հարթակի որակներից, իր ստեղծած բովանդակության մանրամասներից ու որակյալ բովանդակություն մատուցելու կարևորությունից։

-Միշել, ըստ հարցումների արդյունքների՝ որպես հայկական Տիկ Տոկ հարթակում որակյալ բովանդակություն մատուցողի` հարցվածների մեծ մասը նշել է ձեզ։ Ինչպե՞ս առաջացավ գաղափար` դասղեկի կերպար ստեղծելու, և վախ չունեի՞ք, որ հայ հասարակությունը չի ընդունի տղայի կողմից կնոջ կերպարի մարմնավորումը։

-Նախ շնորհակալ եմ, հետո՝ ուրախ, որ հարցվածների զգալի մասը որպես լավ կոնտենտ մատուցող նշել է նաև ինձ։ Ինչ վերաբերում է վախենալուն կամ տարակուսանքին, չեմ ունեցել, քանի որ մենք հիմա ապրում ենք այպիսի դարում, որ նորություն կամ արտասովոր մի բան չէ, որ մարդը կարող է մարմնավորել հակառակ սեռի կերպար։

Իսկ գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ արդեն սկսվում էին քննությունները՝ 2021 թվականի հունիսին։ Բոլորը խոսում էին բացառապես դրանց մասին, ու հենց այդ ժամանակ արտասահմանյան ՏիկՏոկից մի հոլովակ աչքովս ընկավ, որում դասղեկի կերպար էր ներկայացվում, որը հումորներ էր անում։ Ես էլ որոշեցի ներկայացնել մեր դասղեկներին՝ բնորոշ արտահայտություններով, մենթալիտետով։ Հրապարակված առաջին հոլովակից հետո բավական բուռն (լավ իմաստով) արձագանք գտավ դասղեկի կերպարը։ Բոլորը գրում էին, որ իրենց դասղեկը հենց այդպիսինն է եղել կամ կա, հենց իրենք՝ դասղեկներն էին ինձ գրում, ասում, որ ստացված կերպար է։ Հետագա հումորներն ու կերպարային գծերը ժամանակի հետ ստեղծվում ու զարգանում էին։

-Դժվար չէ՞ արդյոք «ստացված» և «որակյալ» բնորոշումներին արժանացած բովանդակությունը զերծ պահել վատին խառնվելուց։

-Բնականաբար ոչ, քանի որ երբ դու ստեղծում ես քո կենտենտը, առաջին հերթին դա ներկայացնում է քեզ՝ քո ոճը, տեսակը, նախասիրությունները, հետևաբար քո մատուցածը ցույց է տալիս, թե ո՛ր տեսակի մեջ ես դու։ Իսկ վատին խառնվել ուղղակի չես կարող, քանի որ նրանք առանձին մարդիկ են՝ առանձին ոճով, նախասիրություններով։

-Համաձա՞յն եք, որ եթե այդ մարդիկ մատուցում են «վատ» բովանդակություն, նշանակում է, որ կա վերջինիս պահանջարկը։

-Նրանք ներկայացնում են կոնտենտ, որը X քանակությամբ անձանց դուր է գալիս, ու հենց այդ մարդիկ էլ դառնում են կոնտենտ սպառող։ Բնականաբար և՛ լավի սպառողը կա, և՛ վատի։ Նախքան կոնտենտ ստեղծելը յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ ի՞նչ է տալու այն հասարակությանը, քանի որ իրեն դիտելու են երեխաներ, դեռահասներ կամ ուղղակի մարդիկ, որոնք տեսնելու են ու կրկնելու։ Թե՛ լավը, թե՛ վատը հասարակության վրա ունենալու է որոշակի ազդեցություն, ու պետք է հասկանալ, որ մարդկանց մի մասը՝ շատ կամ քիչ, «սնվելու» ու կրթվելու է հենց մեր ստեղծածով։

-Ինքներդ հաճա՞խ եք հանդիպում «վատ» բովանդակության։

-Իհարկե հանդիպում եմ, բայց երբ տեսնում եմ որևէ բան, որն ինձ դուր չի գալիս, նշում եմ, որ այն ինձ չի հետաքրքրում։ Տիկ Տոկի ալգորիթմն էլ շատ լավ հասկանում է նման բաները ու երկրորդ անգամ ինձ նման բովանդակությամբ հոլովակներ չի ուղարկում, այդ իսկ պատճառով հիմա իմ «ռեկ»-ում հիմնականում լավ կոնտենտ է։

-Ի՞նչ կուզեիք՝ փոխվեր հայկական Տիկ Տոկում։

-Կուզենայի Հայաստանում, ինչպես արտասահմանում է, որոշակի արտահայտություններ (հայհոյանքներ) ու տեսարաններ ավտոմատ կերպով ջնջվեին, ոչ թե սպամի հաշվին։

-Եվ վերջում ու՞մ խորհուրդ կտաք հետևել ՏիկՏոկում թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։

-Արտասահմանյան ՏիկՏոկից շատերի հոլովակներն են ինձ հանդիպում, ու հավանում եմ մատուցվածը, բայց հիմա, եթե անկեղծ, անուն չեմ կարողանա հիշել։ Իսկ հայկականից որակյալ եմ համարում ու խորհուրդ կտամ Ագնեսի, Շուշանի, Հայկի, Եվայի, Ռուբենի, Ռաֆոյի մատուցած կոնտենտները։

Մարիամ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել