Աշնան վերջին Աշտարակը շնչում է մեխակ ու դարչին. քաղաքում ավանդույթները պահպանվում են

Աշնան վերջին Աշտարակը շնչում է մեխակ ու դարչին. քաղաքում ավանդույթները պահպանվում են

764

Ամեն տարի աշնան վերջին Աշտարակ քաղաքի բնակիչները, պահպանելով տասնամյակների ավանդույթը, սուջուխ են պատրաստում: Սա բնիկ աշտարակցիների համար մի նոր առիթ է հարազատներով հավաքվելու և այն պատրաստելու ընթացքում տարբեր պատմություններ հիշելու ու ‹‹Համայակ ջան››-ը երգելու: Նախորդ տարի աշտարակցիներից շատերը, խախտելով ընտանեկան ավանդույթը, սուջուխ չթաթախեցին. պատճառը պատերազմն էր: Այս տարի Աշտարակում նորից վերականգնվել է հին ու բարի սովորույթը:

Բնիկ աշտարակցի տիկին Սուսաննայի տանն այսօր հավաքվել են հարազատները. սուջուխ են թաթախելու: Դրա համար դեռ մեկ ամիս առաջ ծառից թափ էին տվել պոպոքը, թողել, որ չորանա, այնուհետև շարել շաքարաթելի վրա: ‹‹Շաքարաթելի վրա էլ շարելու հատուկ ձև կա. պոպոքի մեկ չորրորդն ենք վերցնում ու նույն ուղղությամբ շարում ՝ ուշադիր լինելով, որ փչացած կտորներ չհայտնվեն››: Սակայն շաքարաթելի վրա շարված վիճակում էլ այն մոտ մեկ շաբաթ պոտք է չորանա:

«Աշտարակի պոպոքը»`  շաքարաթելի վրա շարված

Իսկ արդեն շփոթը պատրաստելու գործընթացը իսկական տոն է այստեղ: Սրա պատրաստման հիմնական բաղադրիչներից է դոշաբը, որը պատրաստելն այդքան էլ հեշտ գործ չէ: ‹‹Դրա համար խաղողը լավ տրորում ենք, վերցնում դրա շիրան, դատարկում «ղազանի» մեջ ու վրան հող լցնում, ավելի կոնկրետ՝ շիկահող: Մեր կողմերում՝ Աշտարակում, էդ հողից շատ կա: Մի գիշեր այն մնում է հողի մեջ, առավոտյան քաշում ենք վրայի շիրան ու լավ եփում: Մենակ այ էս դեպքում համով ու անարատ սուջուխ կլինի››:

Սուջուխին փայլ հաղորդելու համար ավելացնում են դոշաբ

-Բայց շատ աշտարակցիներ սուջուխն ամբողջությամբ դոշաբով չեն սարքում,-անկեղծանում է տիկին Սուսաննան ու փորձում արդարացնել համաքաղաքացիներին,- դե դոշաբն ավելի թանկ ա, մի քիչ էլ շաքարավազ են ավելացնում:

Այնուհետև ալյուրն ու դոշաբը խառնելով իրար ստացված զանգվածը մանր քամիչով անցկացնելուց հետո եփում են օջախի վրա: Սուջուխի համն ու հոտը ապահովում են մեխակը, դարչինը, հիլը, բազիլը և այլ համեմունքներ: Ու որպեսզի սուջուխից ալյուրի համ չգա, եփում են այնքան, մինչև որ ստացված զանգվածի վրա առաջանան փոքր «հրաբխեր»: Դրանց միջից «ժայթքած» գոլորշիից դուրս է գալիս ալյուրի հոտը:

Հարցնում եմ՝ որքան ժամանակ այն պիտի եփվի ու սկսում ծիծաղել պատասխանի վրա: Ասում է՝ երբ որ կդառնա «պառավի երես» ու բացատրում, որ Աշտարակում դա ասելով նկատի ունեն այնքան եփել, որ շփոթի մակերեսը «կնճռոտվի»:

«Պառավի երես» դարձած շփոթ

Արդեն շարված ընկույզն իջեցնում են զանգվածի մեջ և թաթախում:

-Էստեղ արագություն ա պետք, շփոթը սառեց՝ էլ թաթախել չի լինի, -ասում է տիկին Սուսաննան ու առաջին շարն իջեցնում շփոթի մեջ՝ երկրին խաղաղություն, զինվորներին՝ անփորձանք ծառայություն և այլ օրհնանքներ ասելով:

Այնուհետև սուջուխի տարբեր երկարության շարերը մի փոքր հեռավորությամբ կախում են իրար կողքի ու թողնում, որ չորանա:

Իսկ ամենավերջում, չխախտելով սովորույթը, հարևանների համար բաժին է հանում:

Հարազատներին, հարևաններին բաժանվող շփոթ

– Սա մատաղի նման մի բան ա: Ավելի լավ ա մի երկու շար պակաս թաթախենք ու հարևաններին շփոթ ուղարկենք,- ասում է տիկին Սուսաննան ու պոպոքով պատում մեր և հարևանների համար առանձնացրած ափսեով շփոթը:

Մարինա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել