Հոռոմ գյուղում մուրացկան Թամարը թափառող շներին պաշտպանում է մարդկանցից

Հոռոմ գյուղում մուրացկան Թամարը թափառող շներին պաշտպանում է մարդկանցից

1076

Թամարը Հոռոմ գյուղի  մուրացկաններից է, ով երիտասարդ տարիքում կորցրել է հոգեկան հավասարակշռությունն ու ապաստանել փոքրիկ քարե տնակում, որ ոչ էլեկտրաֆիկացված, ոչ էլ գազաֆիկացված է: Թամարի մասին հավաստի տեղեկություններ ստանալու համար, փորձեցինք կապ հաստատել նրա քրոջ՝ Սոնեի հետ (Սոնա Դարբինյան): Նրա խոսքերով՝ Թամարը «պիջիկ (փոքր) ժամանակ լավ էր սովորում», ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ, բայց ուսումնարանն ավարտեց: Հետո սիրահարվեց Հովտաշենից մի տղայի, ամուսնացան ու մինչև երեխայի ծնվելը բաժանվեցին: «Մե տղա ունեցավ, հերս որբանոց տարավ, Թամարս ըդպես խելքը կորցրեց»:

Նրա խոսքերից պարզ է դառնում, որ «մորից ջոկ էլի քուր ախպեր» ունեն: Նրանցից «Ռազմոն, Երևանի չիդեմ՝ որ համալսարանում դաս կուդար, շատ խելացի էր», հետո էլ հավելում, որ խելացիությունը ժառանգել է հորից: Նրանց հարազատ եղբայրը՝ Նորայրը, Թամարի հետ մշտապես շրջել է գյուղով: Սակայն նրա մահից հետո Թամարի հոգեկան խնդիրներն ավելի են բարդացել. օրերով տուն չի գնացել, գրկել գերեզմանաթումբն ու լաց եղել, ձայնը կտրվել ու երկար ժամանակ այդպես շրջել  գյուղում, բայց արդեն շների ընկերակցությամբ:

Հարցին, թե ինչու Թամարն իրենց հետ չի ապրում, պատասխանում է, որ Թամարը չի ուզում.  «չիդեմ՝ ոնց, տղեն գտել էր Թամարին, առաջարկել էրթան Լեննական՝ մաքուր կյանքով ապրելու պայմանով, Թամարը չհամաձայնեց, ասել էր՝ չուլ ու փալասի մեջ է անցել կյանքս, հիմա ու՞ր ելնիմ  էրթամ»:

Թամարն իր տանը լինում է միայն գիշերները: Առավոտյան գնում է գերեզմանատուն, հավաքում հուղարկավորություններից հետո մնացած խմիչքներն ու  հացի կտորները, հետո երեկոյան շրջում ամբողջ գյուղով ու մտնում բնակիչներից մեկի տուն: Գյուղացիների խոսքերով՝ նա ամեն օր նույն մարդու տուն չի գնում: Նրանք Թամարին միայն տաք ճաշով ու հագուստով են կարողանում օգնել, երբեմն էլ գումար են տալիս ծխախոտ ու արևածաաղիկ գնելու համար: Սակայն տաք ճաշերը  տալիս է իր հետ նույն սենյակում ապրող շներին, իսկ նրանց էլ ասում՝ «իմ էրեխեքս են, մեկը Լամարն է, մյուսը՝ Լյուդան, էն մեկն էլ՝ Գոնչոն»: Թամարը երբեմն դրանց  պատճառով վեճի է բռնվում համագյուղացիների հետ: Շները հաճախ հարձակվում են նրանց վրա, իսկ Թամարը,  որպես բողոքների պատասխան, փակում է տան ճանապարհը, որպեսզի այդտեղով չանցնեն ու հետո էլ չբողոքեն:

Սակայն այսօր Հոռոմում աղմուկ-աղաղակ է. Թամարի Լամարը կծել է գյուղի 13-ամյա բնակչին՝ Նարեկին, իսկ հայրը՝ Օնոն (Հովհաննես Սահակյան) ուզում է շանը գյուղից հեռացնել՝ մեքենայով տանել գյուղից դուրս ու մի ամայի վայրում բաց թողնել: Սակայն Թամարը Օնոյի որոշումը լսելուն պես գրկում է շանը, վազում և բղավում՝ «Լամարիս չտանե՛ք, իմ ձագիս չտանե՛ք»:

Հետո Թամարին գտնում ենք գյուղի գերեզմանատանը՝ գերեզմանաքարերից մեկի ետևում շան հետ թաքնված: Գյուղի բնակիչներից Թորոսը նրան համոզում է տուն գնալ. «Թամար ջան, ել տեղիցդ, Օնոն փափկել է, կսե՝ բան չկա, թող ետ գա»: Իսկ Թամարն արտասվախառն ասում է՝ «ես Օնոյին շատ կսիրեմ, լավ մարդ է, երևի էրեխին լալով տեսել  ու մեկելան ջղայնացել է» ու տեղից ելնելով շարունակում ՝ «մե հատ չոփմ զարգեմ (Գյումրվա բարբառով՝ լվացվել) ու էրթանք, Թորոս ջան»:

Գյուղ մտնելուն պես Թամարը դեմքի ջղային արտահայտություն է ընդունում ու սկսում բղավելով խոսել՝ «Օնո՛, չիմանաս վախեցել եմ, էդ քո խոսքերիդ դիմաց շներիս  համար հաց-մաց կբերես, կրնայի փարա (գյումրվա բարբառով՝ գումար) ուզեի, բայց մե գյուղի մարդ ենք, չարժե: Խեղճ հարիֆները խոսալ չիդեն, զատո իրանց մերը գիտե. Թամարն իրենց կպաշտպանե»:

Մարինա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել