Կարմիր բլուրը՝ պեղումներից մինչև ժամանակակից այգի-հուշակոթող

Կարմիր բլուրը՝ պեղումներից մինչև ժամանակակից այգի-հուշակոթող

581

«Կարմիր բլուր» կամ Թեյշեբանիի հուշարձանը դարերի պատմություն ունեցող կարևոր պատմամշակութային հնավայր է։ Այստեղ տարբեր տարիների իրականացվել են բազում պեղումներ։ Կարմիր Բլուրի պեղումների, պահպանման ու ապագայի պլանների մասին խոսել ենք «Էրեբունի» թանգարան-արգելոցի տնօրեն Միքայել Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, 1970-ականններից հետո Կարմիր Բլուրում պեղումներ տեղի չեն ունեցել. ինչու՞:

-Պատճառներից մեկը ֆինանսական խնդիրներն են եղել, 70-ականներից հետո ֆինանսավորում չի հատկացվել։ Բացի այդ, տեխնոլոգիանների խնդիրն էլ է եղել, եթե այն ժամանակ չեն եղել համապատասխան տեխնոլոգիաներ, ապա  այսօր ունենք զարգացած տեխնոլոգիաներ, որոնց միջոցով ավելի հեշտ է դարձել պեղումներ իրականացնելը։

-Տարիներ անց ինչպե՞ս ֆինանսավորում գտնվեց ու տեղի ունեցան առաջին պեղումները։

-1970-ականներից հետո առաջին մասշտաբային պեղումներն իրականացվեցին 2019 թվականին։ Այդ տարի Հյուսիս-հարավ մայրուղին կառուցելու ժամանակ, որի մի հատվածն անցնում էր հնավայրի տարածքով, շինարարական կազմակերպության ֆինանսավորումով հնագետ Հակոբ Սիմոնյանը պեղումներ իրականացրեց։ Արդյունքում պեղվեց 300 դամբարան:

-Այս տարվա պեղումները մի քանի փուլերով ընթացան.  այս անգամ ի՞նչ ֆինանսավորմամբ:

-Այս տարի ևս ունեցանք արդյունավետ պեղումներ։ Ե՛վ ապրիլին ենք իրականացրել, և՛ հոկտեմբերից սկսած։ Պեղումները տեղի ունեցան հայ գինեգործների, գինեգործական կազմակերպությունների և տարբեր անհատների նվիրատվության շնորհիվ։ Հայ-ավստրաիական համատեղ արշավախումբը իրականացրեց պեղումները: Եթե մինչև այժմ արտասահմանյան գործընկերների դերն ավելի մեծ է եղել պեղումների իրականացման ու տարվող աշխատանքների մեջ, հիմա մենք կարգերը փոխել ենք. այսինքն՝ հայկական կողմը ամեն առումով իր դերը մեծացնում է։ 

-Իսկ ի՞նչ դեր ունեցան այս մի քանի տարիների պեղումները հուշարձանի՝ արժեք հանդիսանալու մեջ։

-Այս տարի պեղվեցին արժեք հանդիսացող ու պատմություն վկայող տարածքներ ու գտածոներ։ Դրանց մի մասն ուղարկվել է արտասահմանյան երկրներ՝ հետազոտության նպատակով, բայց վստահաբար դրանք վկայում են ուրարտական աշխարհի հզորության մասին։ Հողի շերտերը, որոնք այս տարի բացեցինք, վկայում են, որ այստեղ հազարամյակների պատմության հետ գործ ունենք, ինչը շատ կարևոր է։ 

-Հուշարձանը զբաղեցնում է 36 հա տարածք. ի՞նչպես որոշվեց, թե կոնկրետ որ հատվածը պետք է պեղվի։

-Դրա հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։ Իմ գործընկերը՝ «Էրեբունի» թանգարան-արգելոցի փոխտնօրեն Վահե Սարգսյանը, երբ անձրևից հետո քայլել է հուշարձանի տարածքով, թաց հողի վրա նկատել է ինչ-որ կառույցի պատեր։ Եկավ ինձ ասաց, միասին ևս ուսումնասիրեցինք, հետո դրոնի օգնությամբ հաստատվեց, որ այդ

 հատվածում հզոր պատերով՝ մոտ 20 մ երկարությամբ և 1,60 մ լայնությամբ, համալիր կառույց է գտնվում։ Հենց այսպես էլ սկսվեց ամեն ինչ։ 

-Տարիներ շարունակ հնավայրը լցված է եղել շինարարական աղբով.  ե՞րբ և ի՞նչպես մաքրվեց տարածքը։

– 2019թվականին։ Տարածքը մաքրելու համար ավելի վաղ ստեղծվել էր «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնությունը։ Նախաձեռնության շրջանակում հնավայրում մեկնարկած աշխատանքների 10 %-ն իրականցնելուց հետո Երևանի քաղաքապետրանը աշխատանքները շարունակել է համայնքի ռեսուրսներով: Կեսից ավել շինաղբով ծածկված տարածքի փոխարեն այսօր արդեն ունենք մաքուր և կոկիկ հուշարձան, ինչը թույլ է տալիս մտածել նաև տուրիստական հուշարձան դարձնելու մասին։

-Նշեցիք, որ տուրիստական կենտրոն դառնալու հնարավորություն ևս ունի. ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

-Իհարկե, քայլեր ձեռնարկվում են։ Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ նախատեսվում է այստեղ իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ Ծրագիր գրվել է, հիմա մրցութային փուլն է։ Այս օրերի ընթացքում դա էլ տեղի կունենա ու, հուսով ենք, որ մինչև 2022 թվականի մայիս ամիս աշխատանքնեը կավարտվեն։ Ըստ այդ նախագծի՝ տեղադրվելու են լույսեր, աղբամաններ, նստարաններ, գիշերային վերահսկողության համար տեսախցիկներ և շատ այլ կարևոր աշխատանքներ։ Դրա շնորհիվ մենք կհասնենք նրան, որ մեր բնակչությունն էլ ավելի շատ կայցելի ու տեղեկացված կլինի հուշակոթողի մասին, համ էլ տուրիստների համար հետաքրքիր վայր կդառնա։ 

Աննա Պալաքյան

3-րդ կուրս

Կիսվել