«Տեսահոլովակ նկարահանելու փոխարեն նախընտրում եմ ընտանիքիս հետ գնալ հանգստանալու». Երգչուհի Էմմա Ասատրյան

«Տեսահոլովակ նկարահանելու փոխարեն նախընտրում եմ ընտանիքիս հետ գնալ հանգստանալու». Երգչուհի Էմմա Ասատրյան

877

Կարիերայի և անցած ուղու մասին journalist.am-ը զրուցել է երգչուհի Էմմա Ասատրյանի հետ։

-Ո՞ր տարիքից եք սկսել Ձեր առաջին քայլերը երգի ասպարեզում։

-Ես դեռևս փոքր տարիքից սիրել եմ երգել, բայց հայրս սկզբում դեմ էր դրան։ Նախ 5 տարեկանում նա ինձ տարավ «Սայաթ-Նովա», որտեղ դասավանդել էր, բայց այնտեղ ուսուցիչները ինձ երես էին տալիս, անում էին այն, ինչ ես էի ուզում (ծիծաղում է) և հասկացանք, որ այդտեղ ես չեմ կարող սովորել։ Հայրս ինձ հանեց և տարավ «Չուխաջյան» դպրոց։ Այդտեղ ուսուցիչները շատ ավելի խիստ էին, և ես ասացի, որ չեմ ցանկանում դաշնամուր նվագել սովորել։ Դրանից հետո, մինչև 10 տարեկան, բոլորը հայրիկիս ասում էին, որ ես շատ լավ եմ երգում, արտիստիկ եմ ու, բացի այդ, կար նաև իմ ցանկությունը։ Եվ այդպես՝ հայրս ինձ տարավ Նադեժդա Սարգսյանի մոտ՝ «Դո րե մի», որտեղից էլ սկսվեցին իմ առաջին քայլերը։

-Կհիշե՞ք, թե որ երգն եք առաջինը երգել բեմից։

-Մի անգամ Երգի պետական թատրոնի երրորդ հարկում սպասում էի, մինչև հայրս գա։ Արթուր Գրիգորիչը դուրս եկավ ու հարցրեց, թե ինչու եմ այդ ցրտին միջանցքում։ Առաջարկեց գնալ իր սենյակ։ Գնացի ու սկսեցի քչփորել նրա երգերի սկավառակները։ Այդպես՝ քթիս տակ երգում էի, նա լսեց ու հարցրեց՝ «Էդ երգո՞ւմ ես», ասացի՝ «Այո»։ Գրիգորիչն ասաց, որ այդ սկավառակը տանեմ, պարապեմ ու գամ իր մոտ երգեմ։ Իմ երգելը լսելուց հետո նա ասաց, որ ես այդուհանդերձ Երգի պետական թատրոնի սան եմ։ Դա Գրիգորիչի «Կղզի» երգն էր, որը ճակատագրական նշանակություն ունեցավ, քանի որ առաջին անգամ բեմից 11 տարեկանում հենց այդ երգն եմ երգել։

՞րն է եղել Ձեր առաջին մեծ բեմը։

-«Славянский базарчик»-ը, որը մանկական երաժշտական մրցույթ էր։ Ես այդ մրցույթում զբաղեցրի առաջին տեղը՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Դու իմ երգն ես» երգով։ Դրանից հետո սկսվեցին եթերներ, համերգներ ու այդպես մտա երաժշտական ավելի մեծ աշխարհ։

– Ձեր հայրը եղել է Երգի պետական թատրոնի տնօրենը։ Ի՞նչ դեր է նա ունեցել Ձեր կարիերայում։

-Ինչպես նշեցի՝ հայրս սկզբում դեմ էր իմ՝ երգչուհի դառնալու ցանկությանը, սակայն, երբ երեխադ ինչ-որ բան է երազում, դու ուզում ես իրականացնել նրա ցանկությունը։ Նախ ասեմ, որ մեր տանը միշտ լավ և որակյալ երաժշտություն է հնչել՝ դասականից մինչև ջազային ամենահայտնի լեգենդների ստեղծագործությունները։ Ու բացի այդ՝ հայրս ինձ միշտ երաժշտական ճիշտ ուղու վրա է դրել՝ չթողնելով շեղվել այդ ուղուց։

-Սովորել եք նաև Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի կոնսերվատորիայում։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

-16 տարեկան էի, ու հայրս շատ անակնկալ կերպով ասաց, որ գնում ենք Ավստրիա։ Ավստիայում իմ հորեղբոր տղան՝ Կարեն Ասատրյանը, հայտնի դաշնակահարներից է և դասախոսում է Կլագենֆուրտ քաղաքի կոնսերվատորիայում։ Այդպես, նրա աջակցությամբ հանձնեցի քննությունս և ընդունվեցի կոնսերվատորիա։ Այնտեղ կրթությունը շատ ավելի լուրջ և մասնագիտացված էր։

-Ձեր երգերի հեղինակը հենց դուք եք։ Իսկ ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը։

-Միայն ու միայն սերը և կյանքը՝ ինչպես որ կա։ Երգերս գրում եմ այնպես, ինչպես տեսնում և զգում են իմ աչքերը, իմ սիրտն ու հոգին։

-Տարիներ առաջ ունեցել եք երգեր՝ «Լեյլո», «Ելակ», «Շիկահեր ու կարճատես», որոնք համեմատաբար ավելի մեծ տարածում են գտել։ Այժմ երաժշտությամբ սիրողական եք զբաղվում։ Չկա՞ ցանկություն կրկին հայտնվել հեռուստաէկրաններին։

-Սիրողական ձևով զբաղվելու համար բոլորին հայտնի է՝ ինչ է պետք։ Պիտի ոճս փոխեմ՝ երգելով ռաբիս, կամ հնդկաարաբական ելևէջներով երգեր, կիսամերկ նկարահանվեմ հոլովակներում կամ էքստրավագանտ ինչ-որ բան անեմ։ Իմ ոճում իհարկե կուզեմ հայտնվել էկրաններին, բայց դրա համար տեսահոլովակ է անհրաժեշտ, ինչը մեր օրերում շատ թանկ արժե և ես դրա փոխարեն նախընտրում եմ իմ ընտանիքի հետ գնալ հանգստանալու։

Կհիշե՞ք մեկ զվարճալի դեպք Ձեր կարիերայից։

-Մի անգամ Երգի պետական թատրոնի փորձերից հետո՝ գիշերը ժամը 4-ին, Վլադիմիր Գեորգևիչը՝ մեր հնչյունային ռեժիսորը զանգում է հայրիկիս և ինձ, հարցնում, թե որտեղ է իմ բարձրախոսը։ Ես ասում եմ, որ թողել եմ հանդերձարանի բազմոցին։ Մոտ 20 րոպե անց բացում եմ պայուսակս ու տեսնում, որ բարձրախոսը ինձ հետ տուն եմ բերել։

-Իսկ ամենահիասթափեցնող դեպքը ո՞րն է եղել։

-Որպես հիասթափություն՝ առանձին դեպք չեմ կարող ասել։ Ինձ համար ամենամեծ հիասթափությունը մեր երաժշտական ասպարեզի մակարդակն է։ Ժամանակին, երբ Թաթա Սիմոնյանն էր երգում, շատերը դա ռաբիս էին համարում, շատերը՝ ոչ, բայց հիմա դա էլ չկա, ավելին՝ մենք այդ մակարդակից տասը քայլ ավելի հետ ենք։ Ու զարմանալին այն է, որ նման երաժշտությունը մարդկանց դուր է գալիս և շատ-շատերի կողմից ընդունվում է։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց կարիերան սկսել երաժշտական ոլորտում։

-Խորհուրդ կտամ լինել ավելի համարձակ, ոչ թե այն առումով, որ բաց հագնվեն և աննորմալ ինչ-որ բաներ անեն, այլ ստեղծեն նորը։ Շատերը կարող են չհամաձայնել, բայց նորը միշտ կա։ Հիմա մեր երաժշտական ոլորտում կրկնօրինակում է գնում։ Այո՛, կարող են թեկուզ կրկնօրինակել աշխարհահռչակ կերպարների՝ Լեդի Գագա և այլն, բայց ավելի լավ է լինել այն ինչ կաս, քանի որ դա ավելի բնական և հաճելի է։

Սեդա Կյուրեղյան

2-րդ կուրս

Կիսվել