Աշխարհի շուրջ 150 երկրներ, այդ թվում Հայսատանը, մայիսի 18-ը նշում են որպես «Թանգարանների միջազգային օր»: Տոնի շրջանակներում անց է կացվում նաև «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառումը, որին 2005 թվականից միացել է նաև Հայաստանը:
Մայիսի 20-ին, ժամը 18:00-ից սկսած, բաց էին Հայաստանի՝ միջոցառմանը միացած բոլոր թանգարանները: Տոնին իր կազմակերպած միջոցառումներով միացել էր «Էրեբունի» արգելոց-թանգարանը: Թանգարանի դիմացի հարթկում իրենց ելույթներով հանդես եկան Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի, ապա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի սաները: Բացօթյա համերգի ներկաները ևս միացան մասնակիցներին ու սկսեցին պարել:
Համերգին հաջորդեցին Վանի՝ հնագիտական ժառանգության վերաբերյալ դասախոսությունները:
Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը փաստում է, որ տարեցտարի թանգարանների այցելուներն ավելանում են, և ձևավորվում է թանգարան այցելելու մշակույթը. «Այսօր թանգարանն ընդունել է մոտ 3000 այցելուի, որոնցից 1500-ը՝ մեծահասակներ, 1400-ը՝ երեխաներ, մյուսներն էլ զբոսաշրջիկներ: Թեև ոչ տոնական օրերին այսքան այցելուներ չենք ունենում, բայց նմանատիպ միջոցառումները մեծացնում են ուշադրությունը թանգարանների հանդեպ»:
«Թանգարանների եվրոպական գիշեր ծրագրի այս տարվա կարգախոսն է՝ «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում»: Կարգախոսի շրջանակներում, մայիսի 18-ից, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում ներկայացվում է «Վան. Կորուսյալ հայրենիք» ցուցահանդեսը՝ նվիրված հայոց առաջին մայրաքաղաք Վանին: Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 18-ը:
Մարիամ Սարգսյան
2-րդ կուրս