«Իմ կյանքն ինձնից կախված չէր…»

«Իմ կյանքն ինձնից կախված չէր…»

1126

«Պատերազմի թոհուբոհի մեջ մոռացա ամեն ինչ, այդ պահին միայն մեկ նպատակ ունեի՝ պայքարել հայրենիքիս համար, ոչ մի թիզ հող չզիջել թշնամուն, պատերազմին բաց աչքերով նայել, գիտակցել իրականությունը և չկորցնել ինքս ինձ: Ինչ-որ տեղ մտածում էի կյանքիս մասին, բայց հասկացա, որ իմ կյանքն ինձնից կախված չէ…»-պատմում է Նարեկը:

Նարեկն Իջևանում էր ծառայում, երբ պատերազմը սկսվեց, նրանց ասացին, որ պետք է Արցախ գնան: Չնայած այդ լարված իրավիճակին՝ ասում է, որ ուրախ էր, որովհետև ընկերների մեծ մասն Արցախում էր գտնվում, պետք էր տղերքի կողքին կանգնել, միասին պայքարել և հաղթել:

Զրուցակիցս, ով մասնակցել է «Մատաղիսի մատաղ»-ին (https://bit.ly/3LsQmCa) հիշում է. «Թվում էր, թե հերթական խաղաղ լուսաբացն է, կծառայենք և ևս մեկ օր կմոտենա տուն գնալուն…Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ. պատերազմ էր…
Երբ  իմացանք, որ գնում ենք Արցախ, մոտ ընկերս՝ Արթուրը պարանոցից հանեց իր խաչն ու ինձ տվեց, հետո նստեցի մեքենան ու շարժվեցինք Արցախ: Ես Մատաղիսում էի, որտեղ էլ 4 օր կռիվ տվեցի: Եղբայրս՝ Վահագնը ևս Մատաղիսում էր, մեկ կիլոմետր էր մեր մեջ ընկած հեռավորությունը, սակայն այնքան լարված էր իրավիճակը, որ չկարողացանք իրար գտնել, տեսնել»:

Նարեկը հարազատներից ոչ ոքի չէր ասել Արցախ գնալու մասին, ճանապարհից զանգահարել է ընկերներին, ասել.
-Մերոնց չասեք, չգիտեն:

Նարեկի ընկերներից մեկը՝ Գոհարը պատմում է. «Երբ Նարեկը զանգեց, շատ ուրախացանք, ասաց, որ գնում է Արցախ, ուրախ էր, երևի կռիվ գնալուց հենց այդպես էր պետք գնալ»:

…Նարեկը սմերչից է վիրավորում ստացել, զինակից ընկերներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Երբ աչքերը բացել է, Ստեփանակերտում է եղել, հետո տեղափոխել են Երևան:

«Սմերչն ինձ շատ մոտ է պայթել, կարելի է ասել՝ հրաշքով եմ փրկվել:
Շատ պատմություններ էի լսել տարբեր ժամանակների պատերազմի մասնակիցներից, ովքեր ևս հրաշքով էին փրկվել և ասում էին, որ իրենց մոտ Աստվածաշունչ ունեին, խաչ… Ես էլ բացառություն չեմ, խաչի զորությունը մեծ էր, փրկվեցի…»-պատմում է զրուցակիցս:

Նախքան վիրավորում ստանալը հարազատներին ասում էր, որ Իջևանում է, Արցախ չի գնալու, այնտեղի դիրքերը պետք է պահի:

«Ամսի 4-ին զանգել է մամային, ասել, որ հոսպիտալում է, ամեն ինչ լավ է, ողջ է:
Ես համալսարանում էի, անդադար նամակներ էի ստանում, թե Նարեկը ոնց է, ինչ եղավ, բայց ես ոչինչ չգիտեի: Զանգեցի մամային, չէր խոսում, անջատում էր, հետո մեծ քրոջս զանգեցի, ասաց՝ ամեն ինչ լավ է, հիվանդանոցում է: Արագ դուրս եկա համալսարանից, գնացի հիվանդանոց, բայց չթողեցին իր մոտ մտնել…»-պատմեց Նարեկի քույրը՝ Նարեն:

Նարեկը պատմության գրքերում գրված պատերազմների մասին անգիր գիտեր, երբեմն  փորձել էր պատկերացնել՝ ինչպես են եղել, սակայն երբեք չէր մտածում, որ իր իրականության մեջ կբախվի պատերազմի, կհաղթահարի այն:

Ճիշտ է, Նարեկին չհաղջողվեց սմերչի բեկորներից ամբողջությամբ ազատվել, սակայն նա ամեն ինչ անում է, որպեսզի դա իր կյանքում խոչընդոտ չհանդիսանա՝ նպատակներին հասնելու ճանապարհին…

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա գնացել է Գորիս համայնքի Բռուն բնակավայր՝ զինակից ընկերներին տեսնելու, և իրենցից էլ իմացել է, որ պատերազմն ավարտվել է:

Հիշում է, երբ  որոշեց խաչը վերադարձնել Արթուրին, չվերցրեց, ասաց, որ դա իրենն է…

Այժմ երկուսն էլ ավարտել են ծառայությունը, սպասում են իրենց մյուս ընկերների վերադարձին:

Իզա Ասծատրյան

3-րդ կուրս

Կիսվել