Կատարո․ կաթիլ առ կաթիլ ուժեղացնող արցախյան գինին

Կատարո․ կաթիլ առ կաթիլ ուժեղացնող արցախյան գինին

840

Կատարոն, որ արցախյան հողի վրա ու արցախյան արևի տակ հասունացող խնդողնի խաղողից է ծնվում, ոչ միայն գինի է, այլև ազատ ապրել ցանկացող մարդու մասին պատմություն:

Կատարոն ծանր փորձությունների միջով է անցել, բայց և այնպես՝ այս գինու ամեն կաթիլի մեջ արտացոլվում է մարդու անընդհատ ուժեղացող տեսակը։

Կաթիլ առ կաթիլ պայքարում, վերածնվում, հավատում ու հավատացնում է Կատարոն: Կաթիլ առ կաթիլ լցնում է բաժակներ ու ազդարարում կենացներ՝ խաղաղության, համերաշխության, ու առողջության: Կաթիլ առ կաթիլ սեր է խոստովանում ու սովորեցնում է ճիշտ սիրել: Կաթիլ առ կաթիլ լցվում է ու զարկում գավաթներ՝ հանուն հայրենիքի, պայքարի ու ընտանեկան արժեքների, հանուն երազանքների ու ապագայի հանդեպ հույսի:

2020-ի  պատերազմը չշրջանցեց նաեւ Կատարոյին: Ավետիսյանները կորցրել են իրենց հայրենի գյուղը, այն գործարանը, որտեղ ծնվել է Կատարոն և խաղողի այգիների մեծ մասը: Անկախ դժվարություններից՝ Կատարոն շարունակում է պահպանել իր ավանդական արժեքներն ու առանձնահատկությունները:

«Կատարո» գինու գործարանը գտնվում էր Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում: Ավետիսյանների գերդաստանը  խաղողագործությամբ զբաղվում էր դեռևս նախորդ դարի 20-ական թվականներից: Անկախացումից հետո, ի նշան պապերի հիշատակի, Ավետիսյանները նորից հիմնեցին իրենց այգիներն ու զարկ տվեցին Արցախում գինու ամենաճանաչված բրենդներից մեկին: Սկզբնական փուլում գրեթե ոչ ոք չէր հավատում սպասվող հաջողությանը, բայց աշխատանքը, նվիրումն ու հավատարմությունը սեփական գործին, ի վերջո, տվեցին իրենց պտուղները:

Ավետիսյանների այգիներում խնդողնի խաղող էր աճում, բայց այդ ժամանակ այն հետաքրքիր չէր գինեգործներին, քանի որ խնդողնին փոքր-ինչ բարդ բնավորություն ունի: Կատարոն ստեղծվեց հենց այդ յուրահատուկ  համային համադրությամբ, որը գնալով դարձավ ավելի հայտնի ու սիրված: Կատարոն դարձավ կարծրատիպեր կոտրող, և հատկանշական է, որ այսօր շատ գինեգործներ իրենց գինիների փնջերի մեջ խնդողնի են օգտագործում:

Տող գյուղը գտնվում է Դիզափայտ լեռան հայացքի ներքո, և հենց այդ լեռան գագաթին է գտնվում Ավետիսյանների պապերի սիրած ուխտավայրը՝ Կատարոյի վանքը: Այս սրբավայրի անունն էլ տրվել է գինուն՝ որպես նվիրում հայրենիքին ու աշխատանքին: Աշխարհի ամենատարբեր վայրերում շրջելիս՝ Ավետիսյանների հետ են սիրելի վանքը, սիրելի համը, արմատացած արժեքները, նվիրումն ու ազգային ոգին:

Կատարո սիրում են ուժեղ մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում և հետևում, որ դրանք իրականանան: Կատարո ընտրում են ռոմանտիկ, երազկոտ մարդիկ, ովքեր սիրահարված են ու ապագայի հետ ծրագրեր են կապում: Մարդիկ, ովքեր ներշնչանք են փնտրում կամ պարզապես ցանկանում են արժանի նվեր մատուցել իրենց հարազատներին, և ի վերջո մարդիկ, ովքեր գնահատում են բարձր որակը, աշխատանքն ու նվիրումը:

Կատարոն գինի է, որն իր մեջ հայկական գինեգործության հազարավոր տարիների մշակույթն է կրում, ամբողջացնում է Արցախի համն ու հոտը։ Այն նաև այցեքարտ է, խաղաթուղթ, յուրահատկություն: Համ, որը բխում է պատմական հայրենիքից ու սփռվում ամենուր:

Անկախ այգիների մեծ մասի օկուպացված լինելուն՝ Ավետիսյանները չեն նստում ու սպասում, նրանք գործում են, վերականգնվում, հզորանում: Գինու ապագայի հետ կապված ծրագրերին անդրադառնալիս՝ «Կատարո» գինու գործարանի սեփականատեր Գրիգորի Ավետիսյանը ասում է.

«Մեր Կատարոյի վանքը, Դիզափայտը, Տող գյուղն ու, անգամ, գինու գործարանը ժամանակավորապես օկուպացվել են, բայց մենք մեր աշխատանքով ցրում ենք խավարն ու վերականգնում գինին: Հիմնադրել ենք նոր գործարան ու Արցախի էնդեմիկ տեսակի խնդողնի խաղողից նորից գինի ենք ստանալու: Արցախում կան խնդողնու այգիներ, որոնց գինին դեռ իր յուրաքանչյուր կաթիլով պիտի պատմի Արցախի, արցախցու անկոտրում տեսակի ու մեծ երազանքների մասին»: 

Կատարոյի ամեն կաթիլը սիրո մասին է, ու այդպես է լինելու միշտ։

Աննա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել