Ռաֆիկը, ուսանողներն ու Երևան-Ծովագյուղ երթուղու ամենօրյա շրջապտույտը

Ռաֆիկը, ուսանողներն ու Երևան-Ծովագյուղ երթուղու ամենօրյա շրջապտույտը

950

Ռաֆիկի երթուղային տաքսին առավոտ կանուխ, դեռ լույսը լավ չբացված շրջում է Ծովագյուղում ու հերթով «հավաքում» ուսանողներին՝ անցնելով գյուղի մի ծայրից մյուսը: Ոմանք, Ծովագյուղի սառն առավոտների, ոմանք էլ քնած մնալու պատճառով ուշանում են, բայց այդ ուշացումները չեն խանգարում վարորդին` ճիշտ ժամանակին հասցնել ուղևորներին Երևան։

Երթուղայինը խուլ ոռնոցով պոկվում է տեղից ու բռնում մայրաքաղաքի ճամփան ամեն առավոտ՝ ժամը 7-ին: Ռաֆիկը՝ իր երթուղայինով, մոտ 10 ուսանողի` ամեն աշխատանքային օր դասի հասնելու միակ տարբերակն է։ Քանի որ գյուղում ուրիշ փոխադրամիջոց չկա, և ուսանողները ստիպված են լինում Երևան հասնել երկու տրանսպորտ փոխելով` համագյուղացի Ռաֆիկը փորձում է որոշ չափով հեշտացնել ուսանողներից մի քանիսի խնդիրը։

Ծովագյուղի ու Երևանի ջերմաստիճանները իրարից էականորեն տարբերվում են։ Տարբերությունները հստակ հասկանալու համար բավարար է իմանալ, որ Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա, իսկ Ծովագյուղը` 2023 մ։ Այնպես որ, նույնիսկ դժվար է որոշել` ինչ հագնել։ Ոմանք վերարկուները թողնում են Ռաֆիկի մեքենայի մեջ և կրկին հագնում դասից վերադառնալուց հետո։

Երեխաները, աշակերտները, ուսանողները, մեծերը՝ բոլորը, Ռաֆիկին լավ են ճանաչում, քանի որ դասարանային էքսկուրսիաները նույնպես հաճախ վստահում են նրան։ Ուսանողները երբեք չեն ձանձրանում նրա հետ ճանապարհ գնալիս։ Իր կյանքից զվարճալի դեպքեր, հետաքրքիր պատմություններ է պատմում ու կատակում։ Իսկ մեքենայում միայն հայկական ժողովրդական երգեր են։ Երբեմն, ուսանողները ձանձրանում են այդ երգերից ու միացնում իրենց նախընտրածը, բայց Ռաֆիկը պատմում է ժողովրդական երգերի նշանակության մասին և, նույնիսկ, պարտադրում լսել ու սիրել դրանք։

Միայն նման գեղատեսիլ ճանապարհներով երթևեկելու համար արժե ամեն օր դասի գնալ։ Տարբեր տրամադրություններ է ունենում Սևանա լիճը։ Մի օր խաղաղ է, փիրուզագույն, երկնքի կտոր՝ ցամաքի վրա, մի օր էլ՝ մռայլ, փոթորկուն ու գորշ: Ուսանողների աչքերը մեքենայի պատուհանից հետևում են լճին, մինչև այն վերջնական անհետանում է տեսադաշտից։ Այնուհետև ճանապարհին իրար հաջորդող բարդիները, ապա հարթ տարածություններն ու, իհարկե, Արարատն է բացվում։ Եթե տեսանելի է ձյունաճերմակ Արարատը, ուրեմն հիանալի օր է սպասվում։

Մեքենայում մասնագիտությունների բազմազանություն է։ Ոմանք սովորում են բուհերում, ոմանք` քոլեջում։ Առաջին կուրսեցիները պատմում են իրենց նոր ընկերների, ձեռք բերած գիտելիքների ու համալսարանական առօրյայի մասին։ Իսկ բարձր կուրսեցիները կիսվում են իրենց փորձով ու խորհուրդներ տալիս։ Առավոտյան ոչ բոլորն են առույգ։ Շատերն իրենց անուշ քունը շարունակում են մեքենայում:

Դասերն ավարտելուց հետո շուտ եկած ուսանողները մեքենայում կազմակերպում են զվարճալի խաղեր` հանելուկների ու գլուխկոտրուկների տեսքով։ Քանի որ ոչ բոլորի դասերն են նույն ժամին ավարտվում, և սպասելու ժամանակը պետք է հետաքրքիր դարձնել, ուստի մի մասը մասնակցում է խաղին, իսկ մի մասը նախապատրաստվում հաջորդ օրվան։

Երբ բոլոր ուղևորները ժամանում են, Ռաֆիկի երթուղայինը բռնում է տունդարձի ճամփան, որտեղից հաջորդ օրը մեկնարկելու է նույն շրջապտույտը:

Լուսինե Հենրիկի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել