Հերոսներ լրագրող դառնալու շեմին

Հերոսներ լրագրող դառնալու շեմին

893

ԵՊՀ գլխավոր մասնաշենքից ձախ՝ բլրակի վրա, սպիտակ քարե շենքով չորս հարկ վերև, և ամեն աշխատանքային օր՝ ժամը 9։30-14։15, դուք կհայտնվեք ժուռնալիստիկայի ֆակուլտետի եռուզեռում։

Սա, ինչպես ուսանողներն են սիրում ասել, ժուռֆակն է։ Այստեղ ամեն քայլափոխի կարող ես հանդիպել նաիրյան աղջիկների ու հիանալ նրանց հայկական դիմագծերով։ Ա՜յ, իսկ Հայկի քաջությունն ու բազուկները մեկտեղող տղաներ տեսնելն այս ֆակուլտետում վերածվում է իսկական տոնի։

 Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ամեն անգամ հարազատ ֆակուլտետում հյուրընկալվելիս, միևնույն է, մի փոքր սրտնեղում է. «Տղաները լրագրություն հիմնականում չեն ընտրում։ Չեմ հասկանում, թե ինչու։ Իմ ժամանակ էլ էր այդպես»։

Չնայած նրան, որ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հստակ վիճակագրություն տրամադրել չի կարող, այնուամենայնիվ արձանագրում է՝ տղաների թիվը ժուռնալիստիկայի ֆակուլտետում գնալով ավելանում է, և դա միայն ողջունելի  է, քանի որ լրագրությունը հավերժ երիտասարդ մասնագիտություն է, իսկ տղաներն էլ փորձում են իրենց լուման ներդնել այս մասնագիտության էլ ավելի ծաղկման համար։

Ամեն կերպ տղաներին աղջիկներից ու աղջիկներին տղաներից զատել չցանկացող դեկան պարոն Մարտիրոսյանը, այդուամենայնիվ, ասում է․ «Տղաներ ունենք, որոնք անցել են բանակով։ Դե իսկ նրանք իրենց բնավորությամբ ու կեցվածքով էլ առանձնանում են, որովհետև բանակը լուրջ  դպրոց  է բառիս բոլոր իմաստներով, և բանակով անցած մարդն անպայման տարբերվում է մյուսներից։ Ես կուզեի, որ բոլորի համար այդ դպրոցը հասանելի ու պարտադիր լիներ»։

«Մինչ ընդունվելս գիտեի, որ ժուռֆակում աղջիկները գերակշռում են, բայց որ  չորս տղա կլինենք, իսկ մեկ տարի անց կմնանք երեքս, պատկերացնել անգամ չէի կարող»- պատմում է երկրորդ կուրսի ուսանող Արշակը։  Կուրսընկերը` Ահարոնն էլ անկեղծանում է. ժուռֆակից ընդհանրապես տեղյակ չէր, պատահական է հայտնվել ֆակուլտետում։ Ուրիշ ֆակուլտետ պետք է ընդունվեր, բայց ճակատագիրն իրեն այստեղ է բերել։

Ժուռֆակցի տղաները կես կատակ, կես լուրջ հպարտանում են. այնուամենայնիվ, աղջիկների հետ կարողանում են լեզու գտնել, կոնֆլիկտներ չեն ունեցել։ Հարգել են, հարգվել։

«Պատկերացրեք՝ երկու տարի ամենատարբեր բնավորություն ունեցող տղաների հետ լավ հարաբերություններ պահել կարողացող մարդն աղջիկների հետ ինչպե՞ս կարող է կոնֆլիկտներ ունենալ», – բացատրում է Արշակը։

Արշակն ու Ահարոնը ժուռֆակում են՝ հայրենիքի առաջ իրենց պարտքը հպարտորեն կատարած։ Ապագա երկու լրագրողներն էլ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։  Խոստովանում են՝ հաճախ են կարոտում այն վայրերը, որտեղ ծառայել են, հատկապես, երբ դրանք այժմ թշնամու տարածք են համարվում։

«Սեպտեմբերի 25-ին տագնապով դիրքեր ենք բարձրացել, որովհետև թշնամին մեծ քանակությամբ զորք ու ռազմական տեխնիկա էր կուտակել սահմանի երկայնքով։ Արդեն հասկանում էինք, որ մի բան լինելու է։ 27-ի առավոտն էր՝ ժամը 7-ը։ Նրանց շարժին էի հետևում հեռադիտակով, երբ տեսա, որ մոտավորապես երկու հարյուր հոգի սարն էր բարձրանում։ Կապվեցի հրամանատարի հետ, զեկուցեցի, ու դրանից հինգ րոպե չանցած՝ անօդաչու թռչող սարքը հայտնվեց մեր դիրքերում, հրետանին էլ սկսեց կրակել թե՛ դիրքերին ու թե՛ թիկունքին,- հիշում է Ահարոնը, որն իր պարտքն էր տալիս հայրենիքին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։

Խոսելով իր` զորացրումից մեկ տարի անց կամավոր դիրքեր բարձրանալու մասին, Արշակը պատմում է․ «Ես գիտակցում էի, որ կռիվը միայն 18 տարեկանների համար չէր։ Նրանք մեղավոր չէին, որ էդ պահին էին ծառայության մեջ։ Ես նրանցից ոչ մի բանով լավը չէի, ինչի՞ ես պիտի նստեի մեր տան մեջ կամ հանգիստ քնեի, ու իմ տունն ու հողը պաշտպանելու համար անմեղ մարդիկ զոհվեին։ Արդար չէր,- ասում է նա ու ավելացնում,- ուսապարկս` իր պարունակությամբ, ու զինվորական համազգեստս պատրաստ ինձ են սպասում։ Նորից սկսվի` նորից կգնամ»։

Չեն ժխտում՝ եղել են պահեր, երբ նույնիսկ մահացած տուն հասնելու հույսեր չեն ունեցել․ սեփական թաղման մասին մտածելն իսկ ճոխություն կհամարվեր։ «Աստված փրկեց»,- ասում է Արշակը։

Ընդհանրացնելով պատերազմի թողած հետքերը՝ տղաները միաբերան հաստատում են՝ սկսել են վերարժևորել կյանքը, ամեն օրն ապրել ինչպես վերջինը, հարազատներին ու ընկերներին սկսել են ավելի գնահատել, որովհետև երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի քեզ հետ մի քանի րոպե անց։

 «Պատերազմը լավ բան չի,-ասում են տղաները,- իր մեջ գտնվողների համար ճանապարհորդություն է դեպի դժոխք, իսկ մյուսների համար պատկերացնել անգամ չենք կարող։  Բանակը պետք է ցանկացած մարդու․ կոփվում ես, շատ բաներ սովորում, որոնք կիրառում ես ամբողջ կյանքումդ, բայց երկու տարին շատ երկար է նման դպրոցի համար, – զրույցը եզրափակում է Ահարոնը։

ԵՊՀ գլխավոր մասնաշենքից ձախ՝ բլրակի վրա, սպիտակ շենք, չորս հարկ վերև, և ամեն աշխատանքային օր՝ ժամը 9։30-14։15, դուք կհանդիպեք ժուռֆակցիներին։ Մի ֆակուլտետում, որտեղ տղաները չնայած քիչ են, բայց պատմելու բան ունեն։

Մարիամ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել