Արցախյան պատերազմը փոխեց երեխաների աշխարհընկալումն ու հոգեբանությունը

Արցախյան պատերազմը փոխեց երեխաների աշխարհընկալումն ու հոգեբանությունը

1112

Ի՞նչ ազդեցություն թողեց պատերազմը արցախցի երեխաների հոգեբանության վրա, ինչպե՞ս կհաղթահարվեն ռումբերի պայթյուններից ու տեղահանությունից մնացած մանկական վախերը:

«Ես գիտեմ, որ թուրքերը մեր տուն են մտել ու ուզում են քնեն մեր տանը»,– ասում է Աստղիկը։

Աստղիկը մեկն է հազարավոր երեխաներից, որոնք տուժեցին պատերազմից։  Մասնագետների խոսքով՝ տրավման մարդու գիտակցության անսպասելի հանդիպումն է սահմաններից դուրս գտնվող իրողության հետ։ Արցախյան պատերազմը փոխեց ոչ միայն տեղահանված երեխաների կեցության վայրերն ու միջավայրը, այլև աշխարհընկալումն ու հոգեբանությունը։

«Մեզ տարան  մի տուն, որտեղ շատ վախենալու էր, երբ խփում էին, տունը շարժվում էր, պատուհանները չխկչխկում էին, շատ էինք վախենում, հետո եկան մեզ տարան Հայաստան»,– Աստղիկի փոքր քույրն է պատմում։

Արցախից տեղահանված, վերաբնակեցված, պատերազմ տեսած մարդկանց թվում անչափահասները 37 հազարից ավելի են։ Հոգեբան Լիլիթ Ղազարյանն այժմ աշխատում է տեղահանված երեխաների հետ։

«Տարհանված երեխաները, որոնք կորցրել են իրենց տունը, բնակավայրը, փոխել են դպրոցը, սրա հետ կապված որոշակի խնդիրներ ունեն։ Եվ իհարկե, ամենածանր ու բարդ իրավիճակում այն երեխաներն են, որոնք անձնական հոգետրավմա են ապրել, և դրանցից ես կառանձնացնեի հարազատի կորստի հոգետրավման»,– ասում է մասնագետը։

Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով կրթությունից զրկվել է շուրջ 30 հազար երեխա: Վնասվել կամ ավերվել է 71 դպրոց և 12 մանկապարտեզ․ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն է փաստում։

Պատերազմական իրավիճակների բացասական ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա հիմնականում երկարատեւ է՝ փաստում է մասնագետը: Այն պահպանվում է ենթագիտակցության մեջ, փոխանցվում ժառանգաբար։ Պատերազմ տեսածների՝ երբեւէ զենք չբռնած սերունդներին մասնագետները «պատերազմի երեխաներ» ու «պատերազմի թոռներ» են անվանում։

Ֆիզիկական վնասվածքի դեպքում մարդը դիմում է բժշկի առնվազն վիրակապվելու համար։ Հոգեբանական վնասվածքից հետո, իհարկե, կարելի է շարունակել կյանքը, միայն թե վնասվածքն իրեն շարունակ զգալ կտա, եթե ժամանակին հոգեբանական վիրակապ չդրվի։

Անի Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել