«Ստոր աշխարհի համախտանիշը» և դրանից խուսափելու միջոցները

«Ստոր աշխարհի համախտանիշը» և դրանից խուսափելու միջոցները

657

1920-ականներից սկսած հեռուստացույցը դարձել էր մարդկանց առօրյայի մի մասը. նրան խնամում էին, ուշադիր լսում, ողջ ընտանիքով հավաքվում շուրջը: Իսկ ի՞նչ էր տալիս այդ «խոսող արկղը» և ի՞նչ հետևանքներ կարող էին առաջանալ այդ «արկղի» հետ չափազանց երկար ժամանակ անցկացնելու դեպքում:

Այս հարցի շուրջ հետազոտություններ անցկացրեց Աննենբերգի հաղորդակցության դպրոցի պրոֆեսոր, լրագրող Ջորջ Գերբները: Նա 25 տարի ուսումնասիրեց դաժանությունը մեդիայում և դրա ազդեցությունը լսարանի վրա: Արդյունքում առաջադրվեց մի տեսություն, ըստ որի՝ մեդիայում դեստրուկտիվ և դաժան կադրերի սիստեմատիկ սպառումը առաջացնում է մի երևույթ, որը Գերբները կոչեց «Ստոր աշխարհի համախտանիշ»: Սա մի ֆենոմեն է, որի դեպքում բռնություն և դաժան կադրեր պարունակող մեդիայի ամենօրյա սպառումը ստիպում է մարդկանց մտածել, որ աշխարհն ավելի վտանգավոր վայր է, քան այն իրականում կա: «Երեխաները մեծանում են՝ ժամում  բռնության 5 տեսարան դիտելով, որոնց մեջ 2-3 սպանության տեսարան կա, իսկ երեխաների համար նախատեսված ծրագրերում ժամում 20-25 բռնության տեսարան կա: Պետք է նշեմ, որ երեխաների 5%-ն արդյունքում նման տեսարաններից  կախվածություն է ձեռք բերում»,- նշում է Գերբները Challange media յութուբյան ալիքին տված հարցազրույցում: Գերբներն իր տեսությունը կոչեց «մշակման տեսություն» (cultivation theory): Նա առանձնացնում է հեռուստադիտողի 3 տեսակ. առաջինը` օրական մեկ ժամ և պակաս դիտող, երկրոդը` երկու ժամից շատ և  4 ժամից քիչ ավելի դիտող և երրորդը`  4 ժամ և ավելի դիտող: Այս ամենը, ըստ Գերբների, նվազեցնում է բռնության և ագրեսիայի քննադատական ընկալումը, ագրեսիան ուղեղի համար դառնում է համատարած նորմ:

Մեդիայում հանցագործությունների և դաժանության մասին առաջին հրապարակումներից շատ չի  անցել: 1889 թվականին The Illustrated Police-ը հրապարակում է առաջին հոդվածը Ջեք Պատռողի մասին:  Ջեքը դառնում է առաջին սերիական մարդասպանը, որի մասին մեդիան սիստեմատիկ հրապարակումներ էր անում: Ուայթչափելում, որտեղ Ջեքը դաժանորեն 5 կնոջ էր սպանել, մարդիկ մի քանի տասնամյակ ապրում էին սարսափի  մեջ։ Ջեք Պատռողի գործն այդպես էլ մնում է չբացահայտված:

Հետագայում աշխարհում գնալով աճում է հանցավորության մակարդակը, սրա հետ մեկտեղ մեդիայում հանցագործությունների մասին հրապարակումները դառնում են ավելի հաճախակի: 1924 թվականին ԱՄՆ-ում սկսում է լույս տեսնել True crime detective-ը, որը նվիրված էր միայն հանցագործություններ լուսաբանելուն: 1970-2000-ականները ԱՄՆ-ում համարվում է  «Սերիական մարդասպանների ժամանակաշրջան»: Սկսում են գործել Թեդ Բանդին, Դեյվիդ Բերկովիցը, Ջեֆրի Դահմերը, Ռիչարդ Ռամիրեզը, Ջոն Ուեյն Գեյսին, Դենիս Ռեյդերը, Էդմունդ Քեմփերը, Գարի Ռիդգվեյը (ներքևի նկարում պատկերված են հերթականությամբ) և այլք:

Ընթերցողների հետաքրքրությունը բավարարելու համար մեդիայի հրապարակումները դառնում են ավելի մանրամասն, գրաֆիկ։ Մեդիան 19  նամակներ է ստանում Զոդիակից (Զոհերի հաստատված  թիվը 5-ն է, թեև վերջինս իր նամակներում նշում էր, որ իրական թիվը 37-ն է։ Զոդիակի ինքնությունն այդպես էլ մնում է անհայտ) և 18 նամակ ԿԽՍ-ից ( BTK- bind, torture and kill (կապել, խոշտանգել և սպանել), իրական անունը`Դենիս Ռեյդեր, գործել է Վիչիթայում։ Տարածքում առաջին սպանությունից հետո մարդիկ խուճապահար անվտանգության համակարգեր էին տեղադրում։ Զոհերի քանակը`10)։ Այս նմակները հրապարակվում են թերթերի առաջին էջերում, և  մարդիկ, բնականաբար, սկսում են ավելի ու ավելի  շատ վտանգ զգալ:

Ըստ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների՝ 1993-2000-ական թվականներից սկսած՝ ԱՄՆ-ում հանցավորությահ մակարդակը տարեցտարի նվազում է: Սպանությունների թիվը նվազել է 47%-ով, գողության և առանձնակի դաժան հանցագործությունների թվերը՝ համապատասծանբար 68% և 49%-ով: Սակայն մեդիայի հաճախակի հրապարակումները, հանցավորության մասին դոկումենտալ ֆիլմերը, հոլիվուդյան ֆիլմերը շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ լսարանի վրա: The Gallup International-ի անցկացրած հարցման արդյունքում պարզ է դառնում, որ ԱՄՆ բնակչության մեծահասակների 78%-ը հավատում է, որ հանցավորության մակարդակը բարձրացել է, չնայած որ փաստերը լրիվ հակառակն են ապացուցում:   Գերբների տեսությունն ապացուցող ավելի համզիչ փաստ չկա, քան այն, որ ԱՄՆ-ում զենք գնողների թիվը կտրուկ աճել է հանցավորության նվազման ֆոնին: Հանցավորություն կարող է բնավ էլ չլինել, բայց վախը միշտ կա: «Ստոր աշխարհի համախտանիշը» խաղում է մեր բնածին վախերի հետ` վախ մահվանից, վախ անհայտից` հրահրելով մեր ինքնապաշտպանական բնազդները, փախուստի կամ սառեցման բնազդը, որի արդյունքում մարմինն ուղղակի ողողվում է հորմոններով, մասնավորապես կորտիզոլ հորմոնով: Մեր բնազդները պաշտպանում են մեզ, բայց և միաժամանակ ստիպում, որ հետ նայենք մութ վայրով երեկոյան քայլելիս, վտանգ տեսնենք անծանոթի մեջ, անվտանգության համակարգ տեղադրենք մեր տներում:

Բաց է մնում այն հարցը, թե ինչպես խուսափել այս համախտանիշի զոհը դառնալուց: Հոգեբան Սաթեն Գրիգորյանը բացասական բովանդակության և դրա ունեցած ազդեցության շուրջ մեր զրույցի ընթացքում  մասնավորապես նշեց, որ  տարածվող ինֆորմացիայի որակին հետևելով՝ հասկանում ենք, որ այսօր բացասական տեղեկատվությունը շատ ավելի է,  քան դրականը: «21-րդ դարի ամենահզոր սթրեսոգենը համարվում է ինֆորմացիան, այն կարող է մարդուն էմոցիոնալ առումով ծնկի բերել»,- նշեց Սաթեն Գրիգորյանը: Նա խորհուրդ տվեց պահել դրական և բացասական ինֆորմացիայի հավասարակշռությունը, նոր գրքեր կարդալ և դիտել հետաքրքիր ֆիլմեր, որոնք զուրկ կլինեն բռնության տեսարաններից: Ինչքան էլ կարևոր լինի աշխարհի բոլոր իրադարձություններից տեղյակ լինելը, չպետք է մոռանալ, որ ինֆորմացիան կարող է վնասակար լինել:

Անի Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել