Միջազգային և հայաստանյան հանրության արձագանքը սեռակրթությանը

Միջազգային և հայաստանյան հանրության արձագանքը սեռակրթությանը

1024

«Մենք պետք է զինենք երիտասարդներին առողջության, ինչպես նաև սեռական դաստիարակության մասին տեղեկություններով»,- դեռ տարիներ առաջ իր ելույթներից մեկում այսպես էր արտահայտվել Թեոդրոս Մելեսեն՝ Միջազգային պլանավորված ծնողական ֆեդերացիայի (IPPF) նախկին գլխավոր տնօրենը:

Սեռական դաստիարակության թեման տարիներ շարունակ քննարկվել է ամբողջ աշխարհում և մինչ օրս իր արդիականությունը չի կորցրել: Ըստ որոշ մասնագետների՝ սեռական դաստիարակությունը բժշկական ու մանկավարժական միջոցառումների համակարգ է, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը:

Հայաստանում կա պատկերացում, որ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում հասարակությունը դրական է վերաբերվում սեռակրթությանը: Սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ զարգացած ու զարգացող երկրներում մարդկանց որոշակի զանգված սեռական դաստիարակությունը, հատկապես դրա որոշ թեմաներ ասոցացնում է այլասերության հետ:  

Ներկայացնենք մի քանի օրինակ. 2020 թվականին Բիրմինգհեմում (Մեծ Բրիտանիա) կրոնական համայնքների և ծնողների բողոքի ցույցեր կազմակերպվեցին դպրոցների առջև, որոնք իրենց աշակերտներին տեղեկություններ էին տրամադրում միասեռականների հարաբերությունների և տրանսգենդերների մասին: Նույն թվականին Ռումինիայի խորհրդարանը ընդունեց մի օրենք, ըստ որի՝ սեռակրթությունը դպրոցներում պարտադիր առարկա դարձավ:  Դրանից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, իսկ կրոնական կազմակերպություններն այն որակեցին որպես «հարձակում երեխաների անմեղության դեմ»: 2019 թվականին Լեհաստանի խորհրդարանում մի խումբ քաղաքացիների կողմից ներկայացվեց «Դադարեցնել մանկապղծութունը» վերնագրով օրինագիծը։  Լեհաստանի նախագահն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսք էր տվել, որ դպրոցներին կարգելի սեռական դաստիարակության դասերին ԼԳԲՏ վերաբերյալ թեմաներ դասավանդել: Իսկ իսպանական Մուրսիա ինքնավար մարզում ծնողներն իրավունք ունեն պահանջելու, որ իրենց երեխաները որոշ դասերից բացակայեն, եթե դասերին ներկայացվող սեռակրթությանը վերաբերող հարցերն իրենց տեսակետներին չեն համապատասխանում:

Համաշխարհային մակարդակով այս բոլոր օրինակների մասին գրում են և ուսումնասիրություններ են կատարում տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնցից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է։ Այս թեմայով մի շարք հետազոտություններ ու հոդվածներ կարելի է գտնել նաև Guttmacher Institute-ի կայքում, որն ամբողջ աշխարհում սեռական և  վերարտադրողական առողջության և իրավունքների առաջխաղացման հարցերով զբաղվող առաջատար հետազոտական կազմակերպություն է:  

Նշվածներից բացի կան նաև այլ կայքեր, լրատվամիջոցներ, որոնք նույնպես անդրադառնում են սեռակրթության խնդրին, խոսում հասարակության կարծիքի մասին:

Սեռակրթության քննադատության օրինակները բավականին շատ են, սակայն պետք է նաև նշել, որ կան երկրներ, որտեղ հասարակությունը հիմնականում կողմ է սեռական դաստիարակությանը: Ավելին, կան պետություններ, որոնք տարբեր ծրագրեր են մշակում՝ ուղղված սեռակրթությանը: Օրինակ՝ Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծվել է ուսումնական ծրագիր՝ երիտասարդներին սովորեցնելու գենդերային հավասարության, սեռական բազմազանության մասին: Ծրագիրը գործում է ողջ Հնդկաստանում և բաղկացած է 14 դասերից՝ 12-20 տարեկանների համար, որոնք ներառում են դերային խաղեր, արվեստ և տարբեր տեսակի այլ խաղեր:   

Համացանցում կան մի շարք հոդվածներ, ըստ որոնց՝ Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծվում են հատուկ կայքեր, որտեղ տեղեկություններ, ինչպես նաև խորհուրդներ կան սեռական դաստիարակության վերաբերյալ:

Համաշխարհային մասշտաբներից գալով Հայաստան՝ նկատում ենք, որ մեր երկրում այս թեման այդքան էլ ընդունելի չէ հատկապես ավագ սերնդի համար: Այս մասին փաստում են մի շարք սոցիալական հարցումներ, ինչպես նաև տարիներ շարունակ տևած քննարկումները: Հասարակության մի որոշակի մասը թյուր կարծիք է ձևավորել սեռակրթության վերաբերյալ, ուստի  տարբեր ոլորտներից մասնագետներ, այդ թվում նաև  հոգեբաններ տեսանյութեր են պատրաստում, ինչպես նաև գրառումներ  կատարում ոլորտի վերաբերյալ թեմաներով:

Ինչպես արդեն նշեցինք, 2020 թվականին մանավանդ Արևմտյան Եվրոպայում բողոքի մեծ ալիք բարձրացավ այս թեմայի շուրջ: Նույն թվականին Հայաստանում նույնպես սեռական դաստիարակության թեման բուռն քննարկումների առիթ դարձավ: Տարբեր հասարկական կազմակերպությունների անդամներ պնդում էին, որ ցածր դասարանների երեխաներին նոր ուսումնական տարում բաժանվելու էին սեռական դաստիարակության դասագրքեր: Բողոքողների պնդումներից էր այն, որ իրենց ցանկությունն է, որ չփորձեն այլասերել իրենց երեխաներին: Երկար տևած քննարկումներից ու բողոքներից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը  հայտարարեց, որ իրենք չեն էլ նախատեսում տարրական դպրոցներում սեռական դաստիարակությանը վերաբերող առարկա մտցնել: Նախարարի տեղակալը նաև նշել էր, որ 2008 թվականից Հայաստանի դպրոցներում աշակերտները ստանում են սեռական դաստիարակություն, որը նախատեսված է   8-րդ դասարանից սկսած: Որոշ թեմաներ աշակերտներն ուսումնասիրում են կենսաբանության ժամին, որոշներն էլ հասարակագիտության:

Այս քննարկումներից անցել է մոտավորապես երկու տարի, սակայն թեման իր արդիականությունը չի կորցրել: Journalist.am-ը զրուցել է տարբեր համայնքների և մարզերի դպրոցների աշակերտների հետ՝ պարզելու, թե ինչպես են անցնում առողջ ապրելակերպի, կենսաբանության դասերը:

Երևանի ավագ դպրոցներից մեկի աշակերտուհի Անիի խոսքով՝ իրենք ունեն հատուկ ֆիզկուլտուրայի դասին կից առողջ ապրելակերպի ժամեր, որոնց ժամանակ աղջիկներին առանձին ուսոցչուհի է դասավանդում, իսկ տղաներին՝ մեկ այլ ուսուցիչ: Առողջ ապրելակերպի ժամերին քննարկում են հիմնականում հիգիենային վերաբերող հարցեր, ինչպես նաև վարվելականոններ:

Մեկ այլ   դպրոցի աշակերտուհի Էլենը խոսեց իրենց կենսաբանության դասաժամի մասին. «Մեր կենսաբանության ժամերը, որոնք վերաբերում են մարդու  անատոմիային, շատ մեծ արագությամբ ենք անցնում, նույնիսկ ուսուցչուհին այդ դասերը չի հարցնում պատմել, այլ ուղղակի հանձնարարում է  տանը կարդալ»:

Իսկ, օրինակ, Վայոց ձորի մարզի դպրոցներից մեկում մեկ այլ պատկեր է: Աշակերտուհի Սոնայի խոսքով՝ կենսաբանության ժամերին իրենց ուսուցչուհու հետ ազատ քննարկումներ են անում սեռակրթության թեմաներով:

Աշակերտներից բացի զրուցել ենք նաև ուսուցիչների հետ՝ իմանալու նրանց կարծիքը: Կենսաբանության ուսուցչուհի Ա. Ավագյանը նշեց, որ կենսաբանություն առարկան ուսումնական ծրագրով չի ներառում սեռական դաստիարակությունը, և դա անցնում են ֆիզկուլտուրայի ժամին՝ առողջ ապրելակերպի թեմային զուգահեռ։ Ուսուցչուհին կողմ չէ, որ նմանատիպ թեմաները, հատկապես աղջիկներին, տղամարտ ուսուցիչ դասավանդի։ Տիկին Ավագյանը կարևորեց երեխաների գիտելիքները սեռական հարցերի վերաբերյալ գիտական գրականության, ուսուցչի ներկայացման միջոցով, այլ ոչ թե ընկերուհու կամ անհայտ աղբյուրների։ Երեխաներն ուսուցիչների մոտ եղած գրքերն են վերցնում, հարցերի դեպքում դիմում են ուսուցչին։ Այժմ աքսելերացիա (երեխաների և դեռահասների աճման և սեռական հատկանիշների առաջացման արագացումը նախորդ սերունդների համեմատ) է նկատվում, և ուսուցչուհին կողմ է, որ 7-րդ դասարանից երեխաներն սկսեն ուսումնասիրել։

Իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Ասատրյանը կիսվեց իր իսկ մեթոդներով․ «Մենք աղջիկների և տղաների հետ առանձին դասաժամեր ենք ունենում, որոնց ժամանակ խոսում ենք ամենատարբեր թեմաներից: Աշակերտներն ուշադրությամբ լսում են, իսկ հետո սկսում հարցեր տալ: Այդ դասաժամերը շատ կարևորում եմ, որովհետև աշակերտները սկսում են իրենք իրենց ճանաչել»։  

Երևանի պետական համալսարանի դասախոս  և հոգեբան Լիանա Սարգսյանի խոսքով՝ սեռական դաստիարակությունը դպրոցում և, առհասարակ, կրթական համակարգում բավականին անհրաժեշտ է. «Շատերը սխալ կամ ոչ լրիվ են հասկանում ու մեկնաբանում սեռական դաստիարակություն ասվածը։ Սեռական դաստիարակությունն ավելի լայն է և տարատեսակ հարցեր է ենթադրում։  Երեխաները մոտավորապես 4-5 տարեկանում սկսում են հետաքրքրվել սեռերի տարբերություններով, հարցեր տալ այդ մասին։ Եվ յուրաքանչյուր տարիքում այդ հետաքրքությունը նոր ձևով է դրսևորվում։ Եվ կարևոր է, որ ծնողները, դաստիարակները, ուսուցիչները չճնշեն այդ հետաքրքությունը։ Կարելի է պարզ կերպով լուսաբանել և խոսել երեխայի հետ նրան հետաքրքող թեմաների շուրջ։ Այն դեպքերում, երբ մենք սեռի և սեռական թեմաներով հետաքրքրությունը դարձնում ենք ամոթալի, ինչ-որ արգելված թեմա կամ «տաբու», դա ավելի բացասական հետևանքների է հանգեցնելու, որովհետև երեխաներն արդեն ինքնուրույն են փորձելու բավարարել իրենց հետաքրքությունը, ինչն ավելի վտանգավոր և անվերահսկելի կարող է լինել»։

Զրույցի վերջում հոգեբանը հավելեց,  որ միայն սեռական դաստիարակության մանրամասն ուսումնասիրված և կազմված ծրագիրը հնարավորություն կտա դեռահասներին՝ ստանալու ճշգրիտ ինֆորմացիա և հմտություններ՝ սեռի և սեռականության մասին առողջ որոշումներ ընդունելու համար։

Journalist.am-ը նաև հարցում է անցկացրել, որի արդյուքնում հետևյալ պատկերն է գրանցվել: Մոտ 100 հոգու շրջանում անցկացված հարցմանը մասնակցածների 88%-ը իգական սեռի ներկայացուցիչ է, 12%-ը՝ արական։ Մասնակցել են 18-40 տարեկանները, որոնցից 40%-ը Երևանից է, իսկ  60%-ը՝ մարզից։ Մասնակցածների 56%-ն ունի բարձրագույն կրթություն, 12%-ը՝ թերի բարձրագույն, 8%-ը՝ միջին մասնագիտական։ Այն հարցին, թե ինչ են հասկանում սեռական դաստիարակություն ասելով, հարցվածների մեծամասնությունը՝ 90%, պատասխանել է տեղեկատվություն սեփական մարմնի, սեռահասունության, սեռական կյանքի մասին, իսկ մնացած 10%-ի պատասխանը հանգում էր նրան, որ դա փոքրուց երեխաներին փչացնելն է։ Փոքր հասակից երեխաներին դպրոցներում տեղեկացնելու հարցին 60%-ը տվել դրական պատասխան, 32%-ը՝ բացասական։

Մասնակցածների 80%-ը որպես ծնող պատրաստ է երեխայի հետ խոսել նմանատիպ թեմաներից։ 56%-ը կարծում է, որ ինչպես Համաշխարհային մասշտաբով գործում են կայքեր, մշակվում ծրագրեր՝ երիտասարդներին սովորեցնելու, այդպես էլ Հայաստանում պետք է լինի, իսկ 28%-ը պատասխանել է ոչ, որոշներն էլ նշել են, որ այլ երկրների համար մշակված ծրագրերը Հայաստանում չեն գործի։

Եվ վերջին հարցին, թե սեռական դաստիարակության մասին երեխաների անտեղյակությունն ինչի կարող է հանգեցնել, 78%-ը պատասխանել է՝ բնականաբար բացասական հետևանքների, 12,5%- ը՝ որ իրենք մինչ օրս այդքան էլ տեղեկացված չեն եղել, բայց, միևնույն է, շարունակում են ապրել, և միայն մոտ 4%-ն է պատասխանել, որ ոչինչ էլ չի լինի։

Անահիտ Նահապետյան

Լիլիթ  Հովհաննիսյան

2-րդ կուրս 

Կիսվել