«Harry Potter» -ով համեմված «Ինքնակառավարում 2022»

«Harry Potter» -ով համեմված «Ինքնակառավարում 2022»

559

ԵՊՀ ուսանողական խորհուրդը փետրվարի 8-ից մեկնարկեց «Ինքնակառավարում» ծրագիրը, որը բաղկացած էր երկու փուլից՝ երևանյան և ծաղկաձորյան։ Երևանյան փուլը տևեց փետրվարի 8-11-ը, որի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ բուհի կառավարման և ուսանողական ինքնակառավարման վերաբերյալ, ծանոթացան ուսանողի իրավունքներին և պարտականություններին, հնարավություն ունեցան բացահայտել իրենց հմտություններն ու կարողությունները։

Առաջին փուլին մասնակցում էին շուրջ 600 ուսանողներ, որոնցից միայն վաթսունը  հարցազրույցի արդյունքում անցան երկրորդ՝ ծաղկաձորյան փուլ։ Այստեղ ուսանողները ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում 3 օր շարունակ մասնակցեցին ամենագունեղ ու վառ միջոցառումներին։ Ստեղծվեցին ուսանողական երեք խմբեր՝ ըստ «Harry Potter» ֆիլմի՝ «Griffindor», «Hufflepuff», «Slytherin»: Թիմերը ստացան առաջադրանք՝ գտնելու իրենց անվանաքարտերը (բեյջերը)։ Հանձնարարված էր լուծել խաչբառ, այնուհետև գտնել խաչբառում այբուբենից բացակայող տառերի թվահամարները։ Արդյունքում թիմերը ստացան ՈՒԽ փոխնախագահ Խաչիկ Աբաջյանի հեռախոսահամարը և նրա օգնությամբ ավարտեցին առաջադրանքը։

Անցկացվեցին ինքնաճանաչողական և ինտելեկտուալ խաղեր, որոնց արդյունքում հավաքած բարձր միավորներով թիմերը հաղթող ճանաչվեցին տարբեր անվանակարգերում՝ «Ամենակրեատիվ նկար», «Ամենալավ պար, երգ», «Կրեատիվ գովազդ»։ Առանձին անվանակարգերում մրցանակներ ստացան նաև ծրագրի մասնակիցները՝ «Ամենախելացի», «Ինքնակառավարման տղա», «Ամենաժպտերես», «Ինքնակառավարման աղջիկ»։

Ուսանողները, ներկայացնելով իրենց կողմից նախընտրած ծրագրեր, առաջադրվեցին և ընտրվեցին ՈՒԽ նախագահության ղեկավար հաստիքներում՝ վարելով օրվա նիստերը։ Այդ ընթացքում մասնակիցները ներկայացրին գիտակրթական, մշակութային, սպորտի և արտաքին կապերի ոլորտներին առնչվող ծրագրեր։ Հագեցած աշխատանքային օրն ավարտվեց տոնական միջոցառմամբ։ Ուսանողները կարմիր գորգի վրայով բարձրացան բեմ և արժանացան մրցանակների ու մասնակցության վկայագրերի։

-Ծրագիրն ուղղակի հրաշալի էր կազմակերպված։ Այստեղ ձեռք բերեցի նոր ընկերներ, ավելի շատ ներգրավվեցի Մայր բուհի կյանքին, ուսանողական խորհրդին, որն իսկապես շատ դժվար ու պատասխանատու գործունեություն է ծավալում,- նշեց մասնակիցներից Մանանա Դավթյանը։

Ծրագրի վերջին օրն ամփոփվեց ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ ունեցած հանդիպում-քննարկումով։ Ուսանողները հնչեցրին իրենց հուզող հարցերը, մշակվեցին ուսանողական միջավայրի զարգացման հնարավոր նոր ուղիներ։

Արփինե Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել