Ոչ շատ բարձրահասակ, գեղեցիկ կազմվածքով, գանգուր մազերով Օֆելյան ամեն օր ճիշտ ժամին գալիս է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Բայց ուսանող լինելը նրա միակ զբաղմունքը չէ։
Օֆելյայի հետ ծանոթանալիս, նրա մասին մի քիչ տեղեկանալիս նախ զարմանում ես, թե ինչպես է հասցնում զբաղվել ամեն ինչով։ Առավոտյան գալիս է համալասարան, հետո գնում աշխատանքի, հետո պարի դասընթացի, հետո տուն՝ բիզնեսով զբաղվելու․ 15 տարի է՝ զբաղվում է պարով, և նրա կարծիքով՝ այս տարիների փորձն իրեն թույլ է տալիս զբաղվել հարսի պարերի բեմադրմամբ։
Օֆելյայի ոճից միշտ անպակաս են իր իսկ պատրաստած հուլունքներով մատանիները, վզնոցները։ Սկզբում հոբբի, այժմ բիզնես։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ունի սեփական բիզնեսը․ պատրաստում է ձեռագործ զարդեր և վաճառում։
Երբ նրան հարցնում ես, թե ոնց է այդքանը հասցնում, հանգստությամբ պաստախանում է, որ եթե ամեն ինչ անում ես սիրով, կյանքդ կարողանում ես րոպե առ րոպե ճիշտ դասավորել, ամեն ինչ էլ հասցնում ես։
Փոքր տարիքում սովորել է դերասանական ստուդիայում, մի քանի տարի սովորելուց հետո էլ նկարահանվել «Արթնացիր», «Դասարանցիները» ֆիլմերում, ապա խաղացել թատրոնում։ Ներկայումս ֆիլմերում չի նկարահանվում, բայց «Սթեյջ» դերասանական ստուդիայում և «Գլոբլ բրիդջ» կրթահամալիրում դերասանություն է դասավանդում փոքրիկներին։ Ասում է՝ երեխաներն իր տարերքն են։
Մոտ ընկերուհիներից Անահիտն Օֆելյայի մասին խոսելիս նշում է, որ նրա մեջ գտել է իրեն․ նույն բնավորությունն ունեն՝ թեթև են տանում դժվար տանելին, կենսախինդ են։ Այս հատկանիշներն ու Անահիտի մայրիկի պատրաստած միկադոն են իրենց մտերմացրել․ «Օֆելյան այնքան հարազատ է դարձել, որ ես նրա հետ չեմ ամաչում անել այն, ինչ ամոթ է ու թվում է ծիծաղելի»։
Ընկերուհիներից Լիլիթն էլ առանձնացնում է Օֆելյայի առանձնահատուկ մտածելակերպը, համարձակությունը, ակտիվությունը, աշխուժությունն ընկերական միջավայրում։ Նրա խոսքով՝ այսպիսով Օֆելյան զգալ է տալիս իր ներկայությունը։
«Գանգրահեր աղջիկ բազում նախասիրություններով»․ այսպես եմ ինքս նկարագրում Օֆելյային նրա հետ երկար շփվելուց հետո։ Դաշնակահար, երգչուհի, բիզնես լեդի, դերասանի վարպետության դասախոս, ընթերցասեր աղջիկ, լավ ընկեր, լավ ուսանողուհի։
Օֆելյայի դասախոս Մարիամ Կարապետյանն էլ ասում է, որ իր համար հաճելի է դասի ընթացքում հանդիպել նրա խելացի և ուշադիր աչքերին։ Օֆելյան պատասխանատու է, ստեղծագործ ու լուրջ։ Նրա խուճուճների տակ հետաքրքիր մտքեր են ապրում։
Դե իսկ կյանքի կարգախոսն օգնում է նրա մասին ամբողջական պատկերացում կազմել․ «Երազանքները ձեր դարձրեք նպատակ և հասեք դրանց, որովհետև երբ հասնում ես նպատակիդ, զգում ես, որ կյանքում առաջ ես գնացել, ու նորից քո առաջ նպատակներ ես դնում, նորից հասնում դրանց։ Ամենահաճելի պահը, որ դու զգում ես՝ այո, հասել ես նպատակիդ, որին այդքան երկար ձգտել էիր»։
Ալյոնա Մուժիկյան
2-րդ կուրս