«Ամերիկացի բարի սամարացիները». ֆիլմ մարդկանց մասին, որոնց շնորհիվ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն...

«Ամերիկացի բարի սամարացիները». ֆիլմ մարդկանց մասին, որոնց շնորհիվ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդները

613

Մարտի 18-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Մինչ ցուցադրությունը մամուլի ասուլիս էր հրավիրվել, որին ներկա էին ֆիլմաշարի մտահղացման հեղինակ և պրյոդուսեր Մանվել Սարիբեկյանը և բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանը: «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել դեռևս 2021թ.-ի նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում: Ֆիլմը պատմում  է 1915թ. Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկվածների ու այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդները: 

Ֆիլմը ցեղասպանություն ապրած ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար ճանաչողական բնույթ ունի, իսկ որպես թիրախային լսարան ընտրված են օտարերկրացիները: Ֆիլմի հեղինակ, պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը հանդիսատեսի արձագանքներից առանձնացրեց ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրումից հետո ստացած տպավորությունը:

«Ամերիկայում երբ ֆիլմը ցուցադրվեց, նույնիսկ ամերիկացիները զարմացել էին, չգիտեին այդ պատմությունը, չգիտեին, որ Կլարա Բարթոնը՝ Կարմիր խաչի հիմնադիրը, որը մեր ֆիլմի գլխավոր հերոսներից է, ունեցել է նաև որոշակի առաքելություն Արևմտյան Հայաստանում»։ 

Ֆիլմի ստեղծագործական խումբն ակնկալում է, որ այն հնարավորինս լայն տարածում կունենա: Այս նպատակով Մ. Սարիբեկյանը դիմել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ), Արտաքին գործերի (ԱԳ) նախարարություններին, որ նրանք էլ նպաստեն ֆիլմի տարածմանը: Նպատակ ունեն տարբեր միջազգային կազմակերպությունների մշակութային ծրագրերի շրջանակում ցուցադրել «Ամերիկացի բարի սամարացիները»: Տարածումն ապահովելու համար ֆիլմի անձնակազմը կհամագործակցի Netflix, Hulu և Amazon ընկերությունների հետ: 

«Սա պատմության մեջ ևս մեկ անգամ կփաստագրի ցեղասպանության անժխտելիությունը»,- ասաց Մ. Սարիբեկյանը: 

Ստեղծագործական անձնակազմը ֆիլմը միայն ազգային դաշտում չի դիտարկում, այլ՝ որպես մարդկության պատմություն: 

Հարցին, թե ինչո՞ւ պետք է այս ֆիլմը հետաքրքրի օտարերկրացուն, բեմադրող օպերատոր Ա. Մկրտչյանը պատասխանում է.  «Ֆիլմում մի փոքր դրվագ կա, որտեղ կտեսնեք, որ միշտ կան գթասիրտ մարդիկ, որոնք անտարբեր չեն ուրիշի ցավին, որովհետև իրենք գտնում են, որ բոլորս մարդ ենք, նույն երկրի վրա ենք ապրում, եղբայրներ ենք, քույրեր ենք, այսինքն` չի կարելի ուրիշի ցավն անտեսել: Այսօր էլ կան մարդիկ, ովքեր փորձում են աջակցել, որովհետև գիտակցում են՝ ինչ-որ բան սխալ է եղել»։ 

Ֆիլմում ամեն երկրի պատմություն ներկայացնում է տվյալ երկրի պատմաբանը, Մ. Սարիբեկյանի մեկնաբանությամբ՝ սրա նպատակն օբյեկտիվ մնալն է, որ որևէ շահագրգիռ կողմ չլինի պատմելու ընթացքում: 

«Սա նաև մեր համերաշխության քայլն է մեր բախտակից ժողովուրդներին, որովհետև նրանք էլ որպես քրիստոնյաներ մեր ժողովրդի հետ նահատակվել, նաև փրկվել են: Մենք ընտրեցինք մի քանի ժողովրդի պատմություն, որպեսզի է’լ ավելի համամարդկային դառնա այն: Մարքեթինգի առումով էլ սա հնարավորություն է, որ ֆիլմը է’լ ավելի տարածվի: Որովհետև, ի տարբերություն նախորդ ֆիլմի, որի առանցքը Հայոց ցեղասպանությունն էր, սա ընդհանուր, համամարդկային ողբերգության մասին է»։

Պրոդյուսերի համոզմամբ՝ ֆիլմը «դարակներում չի մնա»: Շարքի առաջին ֆիլմը՝ «Փրկության քարտեզը», գնացքներում ու թանգարաններում է ցուցադրվել: Մ. Սարիբեկյանը նշեց, որ հետեւողական է երկրորդ ֆիլմի լայն տարածումն ապահովելու այս առումով. «Դիմել եմ մեր Արտաքին գործերի նախարարությանը, որ մեր ներկայացուցիչների միջոցով տարբեր երկրների հայ համայնքներում ցուցադրեն նաև այս ֆիլմը, տեսնենք՝ քանի երկիր կարձագանքի»։ 

«Փրկության քարտեզը» ֆիլմը թարգմանվել է 12 լեզուներով, իսկ «Ամերիկացի բարի սամարացիները» հասանելի է անգլերեն և հայերեն: Ֆիլմի ստեղծման համար օգտագործվել են նաև արխիվային նյութեր:

«Արխիվային ուսումնասիրությունների հետ կապված մի քիչ դժվարություններ կային, բայց դրանք էլ կարծես հաղթահարեցինք: Մեզ օգնություն է ցուցաբերել Հայկարամ Նահապետյանը, որը Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչն է Վաշինգտոնում: Մինչ այդ տարբեր արխիվների հետ նամակագրություն պահել ենք, իսկ Հայկարամը կարողացավ կոորդինացնել այդ աշխատանքները, որ մենք կարողանանք այդ վայրերում նկարահանումներ իրականացնել, ինչպես նաև՝ նյութեր ձեռք բերել»,- պատմեց Մ. Սարիբեկյանը: 

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են խորհրդատուներ տարբեր երկրներից, ինչպես նաև՝ Հայաստանում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ ԳԱԱ պատմության ինստիտուտը: Այդ նյութերը մինչ սցենար գրելը հավաքագրել է  Արծվի Բախչինյանը, որը նույնպես ֆիլմի խորհրդատուներից է: 

Ֆիլմաշարի երրորդ մասի վրա ստեղծագործական կազմն արդեն աշխատում է: Պայմանական անունն է «Գթության ոսկե շղթա», որը քիչ լուսաբանված պատմություններ է պատմելու Ավստրալիայից և Նոր Զելանդիայից: 

Տաթեւ Ալիխանյան

3-րդ կուրս

Կիսվել