Անիմացնիաներից մինչև ԱԹՍ-ներ. «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Անիմացնիաներից մինչև ԱԹՍ-ներ. «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

848

Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց տեխնիկայի, հեռախոսների, համացանցի ու հավանաբար շուտով նաև արդեն առանց ռոբոտների։ Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կարևորվում ու առաջնային է համարվում շատերի կողմից, և նախադրյալներ են ստեղծվում՝ դեռևս դպրոցական տարիքից երեխաների մոտ զարգացնելու ռոբոտաշինական մտածողությունն ու կարողությունները։

2011թ.-ից սկսած՝ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: Ըստ «Արմաթի» կայքի՝ 2021թ․-ի տվյալներով Հայաստանի, (այդ թվում Արցախի), Վրաստանի և Հնդկաստանի տարածքում գործում են 600 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 16,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Կայքը պատմում է, որ լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։

Ըստ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից մեկի խմբավար Մարի Թամազյանի` «Արմաթը» երեխաների մոտ զարգացնում է  ալգորիթմական մտածողութուն, որը հնարավորություն է տալիս պլանավորել սեփական քայլերը, գործողությունները։ Նա կարևոր է համարում նաև այն, որ «Արմաթը» կոտրում է այն կարծատիպերը, որ, օրինակ, գյուղում գտնվելը  խնդիր է ինչ-որ հնարավորություններից օգտվել կարողանալու տեսակետից։

««Արմաթն» օգտագործում է  Հայաստանում արտադրված սարքեր, և սաները հասկանում են, որ ՀՀ-ում ևս հնարավոր է ստանալ բավականին որակյալ արտադրանք ու օգտագործել այն։ Ընդ որում, այդ սարքերի մասերն արտադրված են հենց «Արմաթի»  սաների ու «Արմաթում» օգտագործվող սարքերի միջոցով։ «Այսինքն, եթե սարքի մի մասը փչանում է,  մեր երեխաները հենց իրենք երեք դե սարքի միջոցով տպում են այն, տեղադրում սարքի վրա և շարունակում օգտագործել։ Ինքնարտադրվող սարքեր են այսպես ասած», – ժպիտով հավելում է խմբավարը։

Ըստ նրա՝ «Արմաթը» երեխաներին մտերմացնում է հայկականին, ստիպում այն ավելի սիրել․  բոլոր միջոցառումների անբաժան մասն են կազմում հայկական երգն ու պարը։  Ոչ միայն երգում ու պարում են  արդեն իմացած ստեղծագործությունները, այլև բոլորը պարտադիր  սովորում են նորը։

«Արմաթում» երեխաները սովորում են ծրագրավորել քայլ առ քայլ, սկզբից փակ, հետո բաց կոդերով։ Խմբավարը պարզաբանում է. «Եթե երեխաներին միանգամից փորձենք սովորեցնել բաց կոդ, ապա շատերը շատ շուտ կհիասթափվեն, որովհետև բավականին բարդ է, իսկ այսպես՝ լեգոների միջոցով, երեխաները կարողանում են ստեղծել իրենց ցանկացած խաղը, անիմացիան, և անիմացիա ստեղծելու դժվարությունը հաղթահարելու հաճույքը նրանց ոգևորում է»:

Այսօր արդեն «Արմաթի» սաները ծրագրավորում ու կառավարում են նաև ԱԹՍ-ներ։ «Երբ սանը կարողանում է ԱԹՍ ղեկավարել, ապագայում կարող է այդ հմտությունը կիրառել թե՛ բանակում, թե՛ քաղաքացիական կյանքում, իսկ երբ ղեկավարելն արդեն սովորել է, կարող է ծրագրավորել ու նախագծել»,- պատմում է Մարին։

Եվ վերջապես այն հարցին, թե  ով է արմաթցին, և ինչ է տալիս «Արմաթը»   երեխային, Մարի Թամազյանը պատասխանում է, որ սաներն ապագա ինժեներներ ու ծրագրավորողներ են, ամուր թիմ։ «Արմաթը»  ստեղծում է համահայկական ցանց, որը կապում է մի ծայրամասում ապրող արմաթցուն մյուսի հետ։ «Արմաթը ոչ միայն զարգացնում է ալգորիթմական մտածողություն, այլև դաստիարակում է հայերի»,- եզրափակում է իր խոսքը Մարի Թամազյանը։

«Արմաթի» սան Ամալյա Պետրոսյանն էլ հիշում է․ «Երբ մեր գյուղում՝ Շնողում, բացվեց «Արմաթը», ես ուղղակի սկսեցի հաճախել հետաքրքրությունից դրդված, իսկ հիմա ես կապված եմ նրա հետ, թիմի անդամ եմ և արդեն օրերս չեմ պատկերացնում առանց լաբորատորիայի»։ Սկզբում միայն հետաքրքրությունը բավարարող, երբեմն զվարճալի ու հետաքրիքր անիմացնաներ ստեղծելու միջոցը դարձել է նրա ու նրա նման շատ աշակերտների օրվա մի մասը։

Սաներից ոչ բոլորն են պատրաստվում ծրագրավորող դառնալ, սակայն վստահ են, որ «Արմաթի» դասերը դրական են ազդել իրենց թե՛ ներկայի ու թե՛ ապագայի վրա։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել