2020-ից հետո Հայաստանի զբոսաշրջությունը սկսել է «շնչել»

2020-ից հետո Հայաստանի զբոսաշրջությունը սկսել է «շնչել»

761

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, նախորդ տարվա համեմատ, 2022 թ․-ին աճ է գրանցել։ Journalist.am-ի թղթակիցը Հայաստանի տուրիստական ընկերությունների և պետական մարմինների հետ փորձել է պարզել, թե ինչ իրավիճակում է գտնվում զբոսաշրջության ոլորտը հետկորոնավիրուսային շրջանում։

Start Voyage տուրիստական ընկերության արտագնա տուր-մենեջեր Քրիստինե Պողոսյանը, որ զբաղվում է նաև ներգնա և ներքին տուրերի կարգավորմամբ, ասում է՝ մինչ կորոնավիրուսի համավարակը բավական ակտիվ են եղել աշխատանքները։ Համավարակի ժամանակ՝ սահմանափակումների պատճառով, արտագնա տուրերի հոսքը նվազել էր, իսկ արդեն 2021 թ․-ին սկսել էին Եվրոպայի ուղղությամբ տուրեր իրականացնել։ Պատերազմի ընթացքում արտագնա տուրեր իրականացվել են, իսկ ներքին տուրերը՝ դադարեցվել։  

ONE WAY տուրիստական ընկերությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ հիմնականում զբաղվել է ներքին տուրերով, ներգնա տուրերը, համեմատած նախորդ տարիների հետ, ավելի քիչ էին, իսկ 2020թ․-ի խիստ սահմանափակումների ժամանակ արտագնա տուրեր չէին իրականացվում, քանի որ համավարակի պատճառով շատ երկրներ փակել էին իրենց սահմանները։ Պատերազմի ժամանակ ներքին տուրերի գործունեությունը դադարեցվել էր։ 2021թ․-ին զբոսաշրջության ոլորտում առաջընթաց է նկատվել, իսկ արդեն 2022թ․-ին ոլորտի վերականգման ակնկալիքներ կան, քանի որ ձմռան ամիսներին այն ակտիվ է եղել։

Չնայած 2020թ․-ի համեմատ 2021 թ․-ի հարաբերական բարելավմանը, միջազգային զբոսաշրջության ցուցանիշները զգալիորեն ցածր են 2019 թվականի մակարդակից։ Փորձագետները ոլորտի վերականգնում են կանխատեսում 2022 թվականին՝ պայմանավորված սահմանափակումներից հետո առաջացած պահանջարկով՝ հիմնականում երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում։

Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ թիվը գրանցվել է 2019թ․-ին՝ մոտ 1մլն 900 հազար, ինչը 2020 թվականի համար մեծ աճ կանխատեսելու հիմքեր էր տալիս։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեսնում ենք, որ զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել է 2020թ․-ին,  հասել է մոտ 400․000-ի։ 2021թ․-ին ոլորտը մասնակի վերականգնվել է․ Հայաստան է այցելել 800․000-ից ավել զբոսաշրջիկ։

2022 թվականի հունիսի 1-ից 3-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը։ Նիստի՝ Հայաստանում կազմակերպումը կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը, առաջիկա տարիներին կազմակերպության գործունեությանն ակտիվ մասնակցությանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այդ ամենն էլ կնպաստի, որ Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքը բարելավվի, ճանաչելիությունը բարձրացվի և այլ անդամ պետությունների հետ համագործակցությունն ամրապնդվի։

Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, ամենից հաճախ ընտրում են Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի քաղաքացիները: Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվում մոտ 31 տոկոսը սփյուռքահայեր են, 69 տոկոսը՝ օտարերկրացիներ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած ոք, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է 24 ժամից ոչ քիչ և անընդմեջ 1 տարվանից ոչ ավելի ժամանակով:

Ապագա Ռեզորթ հյուրանոցի մենեջեր Նարեկ Չատյանը ասում է՝ մինչև նոր տեսակի կորոնավիրուսային համավարակն Ապագա Ռեզորթն աշխատել է իր ամբողջ ներուժով: Համավարակը ծանր հետևանք է ունեցել զբոսաշրջային ոլորտում աշխատող յուրաքանչյուր բիզնեսի վրա, և Ապագա Ռեզորթը բացառություն չէր: Սակայն եղել են մարդիկ, որոնք հյուրանոցում են անցկացրել կարանտինային շրջանը։

«Մեր հիմնական հաճախորդներն օտարերկրացիներ էին, իսկ համավարակը և դրանով պայմանավորված սահմանափակումները համընկան Հայաստանում զբոսաշրջության ակտիվ շրջանի հետ, բնականաբար, եղավ ամրագրումների կտրուկ անկում», -ասում է Նարեկ Չատյանը:


Պատերազմի ժամանակ Ապագա Ռեզորթն ու Yell Extreme Park-ը միացել են արցախահայերին աջակցություն տրամադրելու ծրագրին, հյուրանցում հյուրընկալել են մի քանի ընտանիքներ Արցախից: Պատերազմի շրջանում հոկտեմբեր ամսվա գրանցումները զգալի նվազել էին նախորդ տարվա համեմատ:  

2021 թվականին ամրագրումների քանակը 80-90%-ով վերադարձել է նախկին ցուցանիշին՝ 2019 թվականի արդյունքներին։ 2021 թվականի մայիսի վերջից մինչև սեպտեմբերի վերջ Ապագա Ռեզորթն ունեցել է 90% հաճախելիություն: 

2022 թվականի ձմեռը՝ նախորդ տարվա համեմատ, եղել է շատ ավելի ակտիվ և արդյունավետ: Այս տարին առանձնացել է կորպորատիվ խմբերի քանակի աճով, ինչպես նաև Նոր տարվա արձակուրդների շրջանով, որի ժամանակ նույնպես բավական լավ ցուցանիշներ են արձանագրվել:

Այսպիսով, տուրիզմը Հայաստանում սկսում է բացել իր «երկրորդ շնչառությունը», ընդլայնվել ու Հայաստանը այցելուներին ներկայացնելու նոր հնարավորություններ ստեղծել:



Լիանա Խաչատուրյան

2-րդ կուրս

Կիսվել