Առանց տրանսպորտի. Երնջատափ գյուղի բնակիչների ամենօրյա ոդիսականը

Առանց տրանսպորտի. Երնջատափ գյուղի բնակիչների ամենօրյա ոդիսականը

673

Երեսունութամյա Արթուրն ամեն առավոտ շտապում է Երևան քաղաք, սակայն, ամեն օր նույն խնդրի առաջ է կանգնում. ինչպե՞ս հասնել աշխատանքի:

«Ես շինարար եմ, այդպես եմ վաստակում օրվա հացի գումարը: Աշխատանքս Երևան քաղաքում է, բայց դժվարանում եմ ճիշտ ժամանակին հասնել, քանի որ գյուղում տրանսպորտ չկա և սեփական մեքենա էլ չունեմ: Շատ լավ կլիներ, որ մենք՝ երնջատափցիներս, առավոտյան ավտոբուսով գնայինք մեր գործերով, երեկոյան հետ վերադառնայինք տուն»,- ասում է նա:

Արթուրի ընկերը՝ Համլետը ևս ամեն օր բախվում է այս խնդրին.

«Միայն մենք չէ, որ ունենք այս խնդիրը, բոլորս էլ աշխատում ենք, բոլորիս էլ պետք է այդ ավտոբուսը, որը մեզ կհասցնի Երևան: Թե չէ սպասում ենք, թե երբ մի մեքենա կանցնի, որ մեզ տանի իր հետ, կամ տեսնենք՝ գյուղից ո՞վ կա, որ կգնա Երևան: Քաղաքում ենք աշխատում, ապրուստի ուրիշ միջոց չունենք, ի՞նչ անենք»:

Անուշի որդին երաժիշտ է, նա ևս չի կարողանում ճիշտ ժամանակին հասնել երաժշտության պարապմունքների:

«Շատ վատ իրավիճակում ենք հայտնվել մենք՝ ծնողներս, չգիտենք՝ ինչպե՞ս ապահովել մեր երեխաների ուսումը: Որդիս դժվարությամբ է գնում իր պարապմունքներին ու միշտ ուշանում է»,- ասում է նա:

Լիանան, ով սովորում է Պոլիտեխնիկական համալսարանում, ստիպված է ամեն առավոտ արթնանալ ժամը 5-ին կամ 6-ին ու փորձել 9:30 ներկայանալ համալսարան:

«Ինչո՞ւ չենք կարող մյուսների նման ունենալ մեր ավտոբուսը: Հիմա ստիպված կա՛մ տուն պետք է վարձենք Երևանում, կա՛մ ժամանակավոր մնանք որևէ մեկի տանը»,- ասում է նա:

Երնջատափը Երևան քաղաքից գտնվում է 38 կմ հեռավորության վրա: Իսկ 2020 թվականի տվյալներով` գյուղում ապրում է 590 մարդ: Գյուղում կա պատմամշակութային 28 հուշարձան. Սբ. Աստվածածին եկեղեցին, Երնջակ ամրոցը, Աստվածընկալ վանական համալիրը, Լազգի աղբյուր գյուղատեղին և այլն: Այսինքն` այս գյուղը նաև հրաշալի վայր է զբոսաշրջության տեսանկյունից, սակայն, կանոնավոր երթուղու բացակայությունը նաև այս առումով է հարվածում գյուղին:

Երնջատափում կանոնավոր երթուղու բացակայությունը, ըստ պատասխանատու մարմինների, պայմանավորված է բնակչության թվաքանակով:

Երնջատափի գյուղապետարանի աշխատակցուհու՝ Անահիտ Խալաթյանի խոսքով նախկինում փորձ արվել է գյուղը ապահովել տրանսպորտային միջոցով: Բայց, քանի որ գյուղի բնակչությունը քիչ է, չի ստացվել այդ խնդիրը լուծել:

«Երեք տարի առաջ գյուղապետարանի և  համայքապետարանի ջանքերով նմանատիպ փորձ արվեց, նույնիսկ երեք օր գործարկվեց ավտոբուսը, բայց օգտվողները քիչ էին: Մարզպետարանից որոշում ստացանք, որ ծրագիրը պետք է չեղարկվի, և այդպես էլ եղավ»,- ասում է նա:

Երնջատափի բնակիչները պնդում են, որ միայն քիչ բնակչություն ունենալու պատճառով իրենք չպետք է զրկվեն տրանսպորտային միջոց ունենալուց: Բավական ժամանակ է անցել, և գյուղը հիմա մեծ թվով ուսանողներ ունի: Բնակիչների մի մասն առաջարկում է ուսանողական ավտոբուսով ապահովել գյուղը, որից կկարողանան օգտվել նաև գյուղացիները:

Իսկ բնակիչներից Մհերը խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում. «Թող Երնջատափին մոտ գտնվող, քիչ բնակչություն ունեցող գյուղերը միավորվեն ու ունենան մեկ տրանսպորտային միջոց: Օրինակ՝ Շողակն, Հարթավան, Բուժական գյուղերից մեկը կամ մի քանիսը կարող են միանալ: Ամեն անգամ եթե ասեն, որ քիչ է բնակչությունը, այդպես խնդիրը չի լուծվի»:

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել