Հայաստանի կրթական «կոլապսը». ինչպես վերակենդանացնել կրթությունը

Հայաստանի կրթական «կոլապսը». ինչպես վերակենդանացնել կրթությունը

580

Հայաստանը, 2020թ.-ի տվյալներով, զբաղեցնում է 64-րդ հորիզոնականն Աշխարհի երկրների կրթության մակարդակի ինդեքսում։ Կրթության ինդեքսը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակցված ցուցանիշ է, որը հաշվարկվում է որպես մեծահասակների գրագիտության ինդեքս և կրթություն ստացող ուսանողների ընդհանուր մասնաբաժնի ցուցանիշ։ Այն թարմացվում է երկու տարին մեկ անգամ:

Կրթությունը երկիրը զարգացնող կարևորագույն առանցք է։ Այդ առանցքի սկիզբը դպրոցն է, որն օգնում է անհատին սոցիալականացվել, դառնալ հասարակության անբաժան մասը։

Անցկացնելով հարցախույզ, զրուցելով ուսուցիչների, ծնողների, կրթության փորձագետի, իրավաբանի, հոգեբանի հետ` մենք պարզել ենք, որ Հայաստանում կրթության մակարդակը գոհացուցիչ չէ և զարգանալու դեռ երկար ճանապարհ պետք է անցնի։

Ինչո՞ւ է Հայաստանը հետնապահ կրթության ոլորտում

«Կրթությունը և իրականությունը այսօր իրարից հեռացել են։ Կրթությունն իր համար է առաջ ընթանում, իսկ իրականության պահանջներն այլ են։ Մեր երկրում կրթությունը պետք է այնպես զարգացնել, որ հասարակությունը կարողանա այն հետագայում լիարժեք իրացնել։ Կրթության բնագավառում այնպիսի քաղաքականություն է պետք որդեգրել, որը միտված կլինի տնտեսության, մշակույթի և ընդհանրապես, մեր հասարակության զարգացմանը»,- մեզ հետ զրույցում նշում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ֆիդոյանը։

Նա կարծում է, որ ցածր առաջադիմության պատճառն այն է, որ շատ հաճախ աշակերտն իր կրթության համար հեռանկար չի տեսնում, չի

պատկերացնում այդ կրթության կարևորությունն իր հետագա կյանքում:

«Ցավոք, ականատես ենք լինում այն իրավիճակին, որ ամենատարբեր ուղղություններով կրթված, դիպլոմավորված մասնագետները դժվարությամբ են աշխատանք գտնում։ Շատ կարևոր մասնագիտություններ կան, որոնք հասարակությանը պետք են, սակայն մեր իրականությունը երիտասարդներին հնարավորություն չի տալիս այդ ուղղություններով գնալ և կրթվել։ Ապագան վստահություն չի ներշնչում։ Ենթադրենք` մեկն ուզում է աստղաբան, աստղագետ դառնալ, մեկը լավ նկարիչ է ուզում դառնալ, մյուսի հակումը մաթեմատիկան է, բայց երբ նրանք լավ ծանր ու թեթև են անում, մտածում են, թե քիմիայի ֆակուլտետը ավարտելուց հետո, մաթեմատիկական որևէ ուղղությամբ կրթվելուց հետո աշխատանքի ի՞նչ իրական հնարավորություններ կունենա, որևէ հեռանկարային բան չեն տեսնում: Կրթությունը և իրականությունը պետք է «համագործակցեն»»,- ասում է ուսուցչուհին:

Աշակերտի ցածր առաջադիմության մասին խոսելիս կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը այլ պատճառ ևս տեսնում է.

«Այսօր ի հայտ են եկել զբաղվածության նոր ձևեր. ինտերնետ, սոցիալական ցանցեր, յութուբյան ինչ-որ ալիքներ, ֆիլմեր, խաղեր, որոնք ավելի գրավիչ են, քան կրթությունը։  Կրթությունն ինքնին դժվար բան է։ Այն երեխայից մեծ ջանքեր, հետևողական աշխատանք է պահանջում։ Այն նաև հաճույքի հետաձգում է։ Այսինքն` եթե ուզում ես սովորել, պետք է հասկանաս, որ ձեռքբերումները շատ ուշ են գալու։ Չես կարող միանգամից ինչ-որ բանի հասնել։ Դրա փոխարեն շատ ոլորտներ երեխաներին առաջարկում են արագ փոխհատուցում, հաճույք, և երեխաները դրանք ավելի են նախընտրում»։

Ըստ կրթության փորձագետի՝ համակարգը, լինելով ցածր ֆինանսավորվող, չի կարողանում այլընտրանքներ առաջարկել։ Արդյունքում՝ շատ երեխաներ հիասթափվում են դպրոցից։

«Սա, կարծում եմ, գլխավոր պատճառն է։ Բայց կան նաև ներքին պատճառներ. մենք շարունակում ենք շեշտը դնել երեխաների միակողմանի զարգացման վրա»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

Ինչո՞ւ է կարևոր օրենսդրական դաշտը

Կրթության ոլորտի կարգավորումներում առկա թերություններն իրենց խորը հետքն են թողնում համակարգի վրա և հանգեցնում են կրթության ցածր մակարդակին:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, իրավագիտության ֆակուլտետի դասախոս Արսեն Թավադյանը բազմաթիվ թերություններ է տեսնում կրթության իրավական դաշտում: 

«Չկա հստակ օրենսդրական պահանջ, որը կապահովի ֆինանսավորման որոշակի մակարդակ։ Խոսքը հատկապես վերաբերում է գիտությանը։ Հստակ չէ, թե ինչ նպատակ է դրված կրթության հիմքում: Կրթության ու վերջնարդյունքի և այդ վերջնարդյունքի կիրառելիության տեսանկյունից օրենադրական կապ չկա։ Դպրոց, բուհ, միջին մասնագիտական կրթություն, աշխատաշուկա կապը խզված է։ Դպրոցները, բուհերը քաղաքականացված են։ Հստակ մեխանիզմներ չկան, որոնք զսպեն այդ քաղաքականացվածությունը, արդյունքում` շատ հաճախ բուհերն ու դպրոցները ծառայում են ոչ այն նպատակին, որին պետք է ծառայեն»,- ասում է Արսեն Թավադյանը։

Նա կարծում է, որ պետք է բարձրացնել և՛ ֆինանսավորումը, և՛ ֆինանսավորման արդյունավետությունը. «Ուսուցիչներին պետք է տալ սոցիալական երաշխիքներ, կրթությունը պետք է դարձնել հասանելի։ Այսօր դպրոցները աստիճանաբար դառնում են մասնավոր, պետական դպրոցների որակն ընկնում է, արդյունքում` որակյալ կրթությունը դառնում է անհասանելի լայն հասարակության համար»։

Ինչո՞ւ է կարևոր հոգեբանությունը

Հոգեբան Ժանա Ստեփանյանը, ով երկար ժամանակ է՝ աշխատում է դպրոցում, մեզ հետ զրույցում ասում է, որ անընդհատ զարգացող փոփոխությունների ժամանակաշրջանում երեխաներին սթրեսից ազատելու, ուսուցիչների հետ աշխատանքներ տանելու համար անհրաժեշտ են հոգեբաններ։

«Որպես հոգեբան` ես կողմ եմ, որ դպրոցը ունենա այս հաստիքը։ Յուրաքանչյուր աշակերտ այսօր հոգեբանի աջակցության կարիք ունի։ Անցումային փուլեր կան դպրոցներում, տարրական դպրոցից՝ հիմնական դպրոց, հիմնականից՝ ավագ դպրոց, դեռահասություն, մասնագիտական կողմնորոշում և այլն»,- ասում է նա՝ ընդգծելով, որ հոգեբանի դերն առավել կարևոր է ներառական կրթության դեպքում:

Ինչ վերաբերում է աշակերտի ցածր առաջադիմության պատճառներին, հոգեբանն ասում է, որ այս շրջափուլը ներառում է ուսուցչին, ծնողին և երեխային:

«Վատ ուսուցիչ չկա, կա վատ վարձատրվող ուսուցիչ, որ դառնում է անտարբեր։ Անտարբեր ծնող չկա, կա ծնող, ով հոգսաշատ է, չի հասցնում զբաղվել իր երեխայով։ 

Այսօր ես տեսնում եմ աշակերտների, ովքեր շատ խելացի են, սակայն միջավայրի կողմից ենթարկվում են բուլինգի»,- ասում է նա։

Չորս երեխայի մայր Նարինեն հակադրվում է հոգեբանի կարծիքին. «Իսկ ես տեսել եմ ծնողների, ովքեր ապահովված են և՛ նյութապես, և՛ ֆինանսապես, բայց լրիվ անտարբեր են իրենց երեխաների նկատմամբ։ Նրանք կրթությունը չեն կարևորում»։

Հոգեբանը դրան բացատրություն ունի. «Որովհետև ժամանակաշրջանը ցույց է տվել, որ չկրթվելով՝ կարելի է պաշտոնյա դառնալ։ Կրթությունը ձեռք ես բերում, բայց պարզվում է` մեջքիդ պիտի մարդ լինի, որ աշխատես»։ 

Իրավաբան Արսեն Թավադյանն էլ կարծում է, որ ուսուցիչը պետք է որակյալ լինի, դպրոցում լավ պայմաններ պետք է ապահովվեն, ինչպես նաև երեխան պետք է սոցիալապես նորմալ վիճակում լինի։ Բացի այդ` աշակերտն ու ծնողը պետք է գիտակցեն կրթության անհրաժեշտությունը։ Երեխան պետք է հասկանա, որ կրթությունը կարևոր է և՛ իր, և՛ հասարակության համար։

Ինչպե՞ս է ազդում գնահատականը

Հոգեբան Ժաննա Ստեփանյանը կարծում է, որ կրտսեր դասարաններում գնահատական չպետք է լինի. եթե 4-րդ դասարաններում հանձնում են գիտելիքների ստուգարք, ուրեմն թող ստուգեն ճանաչողական իմացությունն ու խրախուսական, բնութագրական գնահատում կատարեն:

«Հիմնական դպրոցներում մինչև 2֊րդ կիսամյակի ավարտը քայլ առ քայլ կարող են անցնել գնահատմանը։ Հետագայում, այո, երեխաները գիտակից ձևով պետք է հասկանան, որ պետք է լինի մրցակցություն։ Բայց ես չեմ ընդունում 10 կամ 20 միավորով համակարգը։ Թող լինի նախկին 5 միավորով համակարգ, որովհետև երբ ասում են` ութն էլ է ինը, ինն էլ ինը, տասն էլ է ինը, երեխայի համար այն միապաղաղ է դառնում։ Գերազանցը պետք է մեկը լինի, ոչ թե երեքը»,- ասում է Ժաննա Ստեփանյանը:   

Իրավաբան Արսեն Թավադյանն ասում է՝ այն, որ դպրոցներում կրտսեր և հիմնական դասարանների համար գնահատման համակարգը այլ է լինելու, հոգեբանական խնդիր կարող է առաջացնել։

«Դեռահասության անցնելու ժամանակ մեկնարկում է գնահատման նոր համակարգին անցումը, երբ պետք է գնահատվեն աշակերտի գիտելիքները, և այդ փուլում նրա մոտ կարող են հոգեբանորեն խնդիրներ առաջանալ։ Սակայն հիմնական խնդիրն այն է, որ դպրոցի գնահատականները չեն կորելացվում բուհերի ընդունելության հետ։ Կարևորն այն է, որ դպրոցի ուսուցումը ուղիղ կապ ունենա բուհ ընդունվելու հետ, կամ դրա որոշակի մակարդակի մեջ լինի։ Այսօր աշակերտների համար կարևոր չէ, թե դպրոցում ինչպես կսովորեն, կարևորը կրկնուսույցի մոտ պարապելն է քննություններին պատրաստվելու համար, ինչն էլ, արդյունքում, մեխանիկական պատրաստվածություն կտա: Սա իրական գիտելիքի հետ կապ չունի»,- ասում է իրավաբան դասախոսը:  

Այսօր աշակերտներին մոտիվացնելու և նրանց առաջադիմությունը բարձրացնելու նպատակով ուսուցիչները բազում մեթոդներ են կիրառում։ Սակայն, մեծ հաշվով, դրանք ապարդյուն են, որովհետև կրթությամբ չհետաքրքրված երեխան հիասթափված է այն միջավայրից, որտեղ սովորում է։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրայնն այս հանգամանքը կապում է աշակերտի` հեռուստացույցով, ֆիլմերով տեսած շքեղ պայմաններով դպրոցների հետ։ Նրանք սիրում են համեմատել իրենց առօրյան ֆիլմի գլխավոր հերոսի հետաքրքիր առօրյայի հետ և, արդյունքում, հիասթափվում են, որովհետև միջավայրը տարբեր է, իսկ այդ «միջավայրը առաջին կարևոր նախապայմանն է կրթվելու և արդյունք ստանալու համար»։

Հոգեբան Ժաննա Ստեփանյանը նշում է, որ կան դպրոցներ, որտեղ լաբարատորիաների բացակայության պատճառով աշակերտները չեն կարող փորձեր կատարել.

«Ֆիզիկայի դասերին երեխան չի տեսնում անհրաժեշտ գործիքները, իսկ եթե տեսնում է, ապա ԽՍՀՄ տարիներից դեռ մնացածները։ Մարզերի դպրոցներում էլ, եթե հասնում է ինչ֊որ նոր գիրք կամ գույք, ապա ի տարբերություն մայրաքաղաքի դպրոցների՝ շատ ուշ»։

Բայց և այնպես` երեխայի մոտիվացիայի միակ հիմքը կլինի կյանքը, այն հեռանկարը, որն իր առջև տեսնում է։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ֆիդոյանը նշում է, որ այսօր այդ հեռանկարը չկա, չի գծագրվում.

«Երկիրը դա պետք է ստեղծի։ Աշակերտը պետք է կարևորի կրթությունը։ Մենք ամեն օր բացականերով, երկուսներով չենք կարող վախեցել նրանց, անհանգստացնել, խրախուսել։ Բայց նրանց հաճախումն ու ակտիվությունը չպետք է լինեն ստիպելով և պարտադրելով։ Իրենք պետք է շահագրգռված լինեն, ներքուստ զգան կրթության կարևորությունը։ Եվ այդ կարևորությունը հասկանալու համար և՛ հասարակությունը պետք է «հող» պատրաստի, և՛ ընտանիքը, և՛, իհարկե, դպրոցը»։

Լուսինե Արտակի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել