Աղբի տեսակավորումը Երևանում և մարզերում

Աղբի տեսակավորումը Երևանում և մարզերում

979

10 ամսվա ընթացքում Երևանում հավաքված և վերամշակված թղթի շնորհիվ փրկվել է 11 մետր բարձրություն ունեցող 7000 ծառ։ Երևանի քաղաքապետարանի՝ աղբի տեսակավորման մասին որոշումից ի վեր է այսպիսի պատկեր ստացվել, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունը:  

Աղբի տեսակավորման գործընթացը և բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքը Երևանում սկսվել էր մինչ թափոնամանների տեղադրումը։ 2020 թվականի առաջին կեսից սկսած շուրջ 200 ընտանիք անդամագրվել էր քաղաքապետարանի այդ ծրագրին։ Իսկ նույն թվականի դեկտեմբերից արդեն սկսվել է տեսակավորման աղբամանների տեղադրումը։

Թափոնների տեսակավորման վարչությունից մեզ տեղեկացրել են, որ Երևանի բոլոր վարչական շրջանների 135 կետերում տեղակայված են տեսակավորման աղբամաններ, մասնավորապես՝ 20-ը՝ Կենտրոնում, 14-ը՝ Աջափնյակում, 8-ը՝ Դավթաշենում, 15-ը՝ Նորք Մարաշում և Նոր Նորքում, 9-ը՝ Ավանում, 10-ը՝ Քանաքեռ-Զեյթունում, 15-ը՝ Արաբկիրում, 15-ը՝ Էրեբունիում և Նուբարաշենում, 13-ը՝ Շենգավիթում, 16-ը՝ Մալաթիա-Սեբաստիայում։

Journalist.am-ը փոքրիկ հարցում է անցկացրել շուրջ 1400 քաղաքացու շրջանում՝ պարզելու, թե որքանով են կիրառվում տեսակավորման աղբամանները։

Այսպիսով՝ տեսակավորման աղբամաններից օգտվում են հարցվածների 45%-ը, չեն օգտվում 19%-ը, ոչ միանշանակ պատասխան է տվել 34%-ը, իսկ «Այլ» պատասխանն ընտրել է 2%-ը, որոնց մեծ մասը աղբը չի տեսակավորում իրենց քաղաքում կամ գյուղում թափոնամաններ չունենալու պատճառով։

Աղբը տեսակավորող բնակիչները, սակայն, բողոքում են, որ թափոնամանները շատ հեռու են տեղակայված իրենց բնակարաններց։ Դրան ի պատասխան՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ աղբամանները փորձում են տեղակայել այնպիսի վայրերում, որտեղ աղբը տեսակավորող անձանց թիվն ավելի շատ է։

Խնդիր է նաև այն, որ մարդկանց  որոշակի հատված աղբն առանց տեսակավորելու է լցնում թափոնամանների մեջ, իսկ որոշներն էլ տեսակավորում են, սակայն սխալ ձևով և հետո դժգոհում, ասելով, որ եթե առանձնացված աղբը չեն տանում վերամշակման, ապա իրենք չեն տեսակավորի։ Խնդրի լուծման համար, ինչպես տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, բնակիչների շրջանում պարբերաբար անցկացվում են իրազեկման աշխատանքներ ինչպես սոցցանցերում, այնպես էլ տարածքային պատասխանատուների միջոցով։

Թափոնամաններ տեղադրվել են նաև Երևանի 45 դպրոցներում՝ թղթի և պլաստիկի համար։ ՀՈԱԿ-ը հանրակրթական դպրոցներում ևս սկսել է հանդիպումների շարք, որոնց ընթացքում անցկացնում են քննարկումներ և պատասխանում աշակերտների հարցերին։

Այն հարցին, թե արդյոք նախաձեռնությունը կգնա նաև մարզեր, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պատասխանել է, որ այն ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և մարզերում գործունեություն չի ծավալում։ 

Այնուամենայնիվ, Երևանից դուրս ևս գործում են աղբի տեսակավորման կետեր։ Պլաստիկի և թղթի տեսակավորման համար աղբամաններ կան Ագարակ, Սիսիան, Վանաձոր, Գյումրի, Մասիս, Արմավիր, Հրազդան, Չարենցավան, Արթիկ քաղաքներում և Տավուշի մարզի Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Վայոց ձորի մարզի Արենի, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Հուշակերտ, Արագածոտնի մարզի Արագածավան, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղական համայնքներում։ Մեր հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ մարզերում թափոնամանները օգտագործվում են ըստ պատշաճի․ բնակիչները մեծ մասամբ դրանց մեջ նետում են տեսակավորված աղբ։

Սեդա Կյուրեղյան
2-րդ կուրս

Կիսվել