Հայրենիքը սկսվում է հայրենաճանաչությունից…

Հայրենիքը սկսվում է հայրենաճանաչությունից…

1063

Հայաստանն ունի հարուստ պատմություն, որի կենդանի վկաներն են հին բնակավայրերը։ Հայաստանի տարբեր շրջաններում գործում է ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է Հայաստանում և Արցախի Հանրապետությունում ստեղծել ավելի մարտունակ բնակչություն: Այս կազմակերպության ներկայացուցիչները երիտասարդներին տալիս են գիտելիքներ կրակային պատրաստության, տարատեսակ զենքերի կիրառության, մարտավարության, գոյատևման, լեռնային պատրաստության (ալպինիզմ), խմբային աշխատանքի, առաջին բուժօգնության, քաղաքացիական պաշտպանության մասին։ Դրա հետ մեկտեղ փորձում են միավորել երիտասարդությանը՝ հայրենաճանաչության գործում։

Այդ նպատակով վերջերս կազմակերպվել էր քայլարշավ դեպի Հին Շինուհայր, որին մասնակցում էին երիտասարդներ՝ տարբեր բնակավայրերից։ Կարծես զորամասում լինեինք. նախ մասնակիցները միատող շարվեցին, ապա սկսեցինք քայլարշավը Շինուհայր գյուղից։ Շատերը զինվորական համազգեստներով էին, ինչն ավելի էր պարտավորեցնում սկսած գործն առանց հոգնելու, սիրով կատարել:

«Սյունյաց ահեղ ձորերի գրկում, ճշմարտությանն հավատալով, և մերն ուրիշին չզիջելու ուժեղ կամքով՝ խմբվել ու մի բռունցք էինք դարձել։ Մթնոլորտն ավելի ազդեցիկ էին դարձնում տղաների զինվորական համազգեստներն ու հայրենասիրական երգերը» -ասաց մասնակիցներից Մադորան։

Առաջին կետը, որտեղ կանգ առանք, Սբ. Ստեփանոս եկեղեցին էր, որը բավականին հին էր (19-րդ դարի կառույց)։ Եկեղեցին շատ ընդարձակ էր, մաքուր, բավականին լավ էր պահպանվել։ Բակում մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք Սբ. Աստվածածին անապատ համալիրը (1676 թ.), որտեղ խմբերի բաժանվեցինք, որպեսզի բոլորը կարողանան ուսումնասիրել տեղանքը։ Սբ. Աստվածածին անապատ համալիրի ֆոնին վեր է խոյանում Բարգուշատի լեռնաշղթան՝ իր ողջ գեղեցկությամբ։

«Բավականին տպավորված եմ։ Սբ. Աստվածածին անապատ համալիրի պատերն այնքան հին էին, սակայն այնքան ամուր էին: Նկարագրելու համար բառեր չեմ գտնում…»- նշեց Անետան։

Մի փոքր առաջ շարժվեցինք և հասանք «Խաչեր» գերեզմանատուն (1261 թ.)։ Այնտեղ պահվել են մի շարք խաչքարեր։ Շուտով հասանք Բուշի շռան կոչվող ջրվեժ, որի մոտակայքում էլ մի փոքր հանգստացանք, ճաշեցինք, ապա անցանք վարժությունների, խաղերի, ազգայի երգ ու պարի։

Խաղերից ամենատպավորիչը՝ «Ջնջլախտն» էր։ Այդ խաղի համար անհրաժեշտ է երկու թիմ։ Նախ գետնին շրջան են գծում, այնուհետև մեկ թիմն անցնում է շրջանի մեջ, մյուսը՝ մնում դրսում։ Ներսում գտնվող մասնակիցները իրենց գոտիները փռում են գետնին, իսկ դրսում գտնվող թիմը պետք է կարողանա շրջանից դուրս հանել գոտիները, որից հետո պետք է հարվածեն շրջանի մեջ եղած տղաների ոտքերին։ Մասնակիցներից Մադորան ասում է, որ խաղի ողջ ընթացքում տղաների համար անհանգստանալու փոխարեն մտածում էր, որ դա նրանց էլ ավելի ուժեղ է դարձնում։ Հնում հաճախ էին խաղում նմանատիպ խաղեր։

Մասնակիցներից Ալինան կարծում է, որ արշավները հայրենաճանաչության միջոց են, իսկ հայրենիքը պետք է ճանաչել հենց բնակավայրերից սկսված։ Շուտով սկսցինք հետ վերադառնալ, իհարկե իջնելն ավելի հեշտ էր։ Բավականին հագեցած օր էր, սակայն դա չխանգարեց, որ նույն հետաքրքրությամբ, նույն հաճույքով հետ վերադառնանք։

Նանեի խոսքով՝ արշավի ժամանակ ծանոթացավ նոր, գաղափարակից մարդկանց հետ, ունեցավ հայրենիքը ճանաչելու ու գնահատելու հնարավորություն։ Վերադարձի ճանապարհին կանգ առանք «Նովեր» կոչվող վայրում, որտեղ տղաներից մեկը սկսեց շվի նվագել, իսկ ընկերները սկսեցին երգել։

Այն հարցին, թե ինչ դեր ունեն արշավները երիտասարդների կյանքում, ՈՄԱ Գորիսի խմբի տնօրեն Արմեն Հակոբյանը նշեց. «Արշավները երիտասարդության շրջականերում լուծում են ինքնաճանաչողության խնդիր։ Նաև երիտասարդներն ավելի են մոտենում հայրենի բնաշխարհի, այս դեպքում Սյունյաց աշխարհի գեղեցկությանը՝ բացահայտելով նրա գողտրիկ անկյունները։ Այս միջոցառումները նաև համախմբում են երիտասարդներին. մեկը մյուսի հանդեպ ավելի սրտացավ է դառնում, պատրաստակամ են լինում օգնելու միմյանց։ Կարծում եմ, որ մեր արշավը շատ հաջողված էր, բոլորը շատ ուրախ և տպավորված էին»:

Շուտով տեղ հասանք, բոլորն իրար հրաժեշտ տվեցին, և դրական տպավորություններով գնացինք տուն:

Իզա Ասծատրյան

3-րդ կուրս

Կիսվել